կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-25 10:22
Հասարակություն

Ինչպե՞ս բարձրացնել կովերի կաթնատվությունը

Ինչպե՞ս բարձրացնել կովերի կաթնատվությունը

Գյուղնախարարի խորհրդակցությունները եւ դրան հաջորդող մամուլի հաղորդագրությունները, իրոք, ինչպես ասում են` «վերջն են»: Ուրեմն` նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 13-ին այցելել էր գյուղատնտեսության նախարարություն, շրջել աշխատասենյակներում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, նախագահին էին ներկայացվել ոլորտի անելիքները, խնդիրները, արածներն ու աճը: Սերժ Սարգսյանն էլ հանձնարարականներ էր տվել: 10 օր անց` սեպտեմբերի 23-ին, խորհրդակցություն է անցկացնում գյուղնախարարը եւ...

 

«ՀՀ նախագահը մեզ հստակ հանձնարարականներ է տվել` բարձրացնել հողօգտագործման արդյունավետությունը, ավելի մեծ ուշադրություն հրավիրել գյուղատնտեսության տեխնիկական ապահովման ու սպասարկման ծառայություններին, էքստենսիվ զարգացմանը զուգահեռ բարձրացնել ինտենսիվացման մակարդակը՝ անասնագլխաքանակի աճի հետ բարձրացնել կաթնամսատվությունը... Մենք նախագահին խոստացանք, որ կհաղթահարենք խնդիրները եւ կապահովենք գյուղատնտեսության նոր քաղաքականության պահանջները, ուստի հարկ է աշխատել կրկնակի, եռակի եռանդով, հատկապես, որ վերջին երեք տարում մեզ հաջողվել է դրա համար ստեղծել բոլոր անհրաժեշտ նախադրյալները»,- ասել է նախարարը:

 

Սերժ Սարգսյանը, Սերգո Կարապետյանին հանձնարարելով բարձրացնել կաթնատվությունը կամ մեծացնել անասնագլխաքանակը, չգիտեմ, թե կոնկրետ ինչ նկատի ուներ, բայց կարեւորը, որ գյուղնախարարը  հասկացել է` պետք է ավելի աշխատել, քանի որ նախագահը հանձնարարել է: Եթե դուք ստեղծել էիք բոլոր հնարավոր նախադրյալները, ուրեմն պակասում էր միայն հանձնարարակա՞նը, որ աշխատեիք: Եթե Սերժ Սարգսյանը չհանձնարարի անասնաբուժական միջոցառումներն արդյունավետ դարձնել,  անասունները պետք է սատկե՞ն:

 

Սերժ Սարգսյանը բանասեր է եւ կարող է մասնագիտորեն չհասկանալ կովերի բազմացման եւ կաթնատվության մանրուքները: Դրա համար էլ գյուղնախարարությունում  կան համապատասխան հաստիքներ: Ստացվում է' այդ մասնագետները պետք է սպասեին այնքան, մինչեւ մի օր նախագահը գլխի ընկներ ու հանձնարարե՞ր:

 

Ընթերցողը հավանաբար կհիշի Սերժ Սարգսյանի` 2012թ. սեպտեմբերի 15-ի խորհրդակցությունը կառվարությունում. գնումների համակարգում բազում չարաշահումներ կային, նախագահը կշտամբեց ու հանձնարարեց հանդիպման մասնակիցներին՝ յուրաքանչյուրն իր նախարարությունում, գերատեսչությունում խորհրդակցություններ հրավիրել եւ աշխատակիցներին հստակ բացատրել, որ նման թերացումների դեպքում այլեւս զուտ աշխատանքից ազատելը կամ կշտամբելը բավարար չի լինելու: «Եվ առաջին հերթին հենց ձեզնից եմ ակնկալելու նախաձեռնություններ»,- ներկաներին ասել էր նախագահը: Ներկաներից մեկն էլ Սերգո Կարապետյանն էր:

 

Եվ ահա մի խորհրդակցություն էլ նա գումարեց ու նախագահի ասածներն իրենից «ցրեց»: Գյուղնախարարը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ այսպես շարունակել հնարավոր չէ, եւ որ նման թերացումների դեպքում այլեւս զուտ աշխատանքից ազատելը կամ կշտամբելը բավարար չի լինելու: «Օրենսդրությամբ սահմանված պահանջներից ու սկզբունքներից յուրաքանչյուր շեղում, այս գործում ցուցաբերվող յուրաքանչյուր անհարկի դանդաղկոտություն կամ թերացում, համարժեք ու խիստ պատասխանի է արժանանալու: Հիշե՛ք, որ պետությանը հասցված վնասի յուրաքանչյուր դեպքով առաջին հերթին, որպես ոլորտի պատասխանատուներ, դուք եք մեղավոր, եւ հենց դուք էլ առաջինը պետք է պատասխան տաք կատարվածի համար»,- զգուշացրեց նախարարը: 

 

Մամլո հաղորդագրությունների միջոցով ուսումնասիրելով գյուղնախարարի խորհրդակցությունները` տպավորություն ենք ստանում, որ Սերժ Սարգսյանը զուր է ժամանակ վատնում Սերգո Կարապետյանին հանդիպելու համար, «քյասար» պետք է հանդիպի վարչության պետերին եւ ասի իր ասելիքը: Մեկ է` նախարարը նույնությամբ փոխանցում է նրանց` կատարելով «փոշտալյոնի» դեր:

 

Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ