Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստեֆան Դիոն՝ (Stéphane Dion, ծն. 1955թ. սեպտեմբերի 28) կանադացի քաղաքական գործիչ: 1996 թվականից ի վեր Կանադայի խորհրդարանի անդամ է՝ ընտրված Մոնրեալի Սեն-Լորան-Կարտիեվիլ հայաշատ ընտրատարածքից։
2006-2008-ին Դիոնը եղել է Լիբերալ կուսակցության, ինչպես նաեւ պաշտոնական ընդդիմության ղեկավար խորհրդարանում։
Մինչեւ պատգամավոր ընտրվելը, որպես քաղաքական գիտությունների մասնագետ եւ սոցիոլոգ, Ստեֆան Դիոնը եղել է ակադեմիական բնագավառի ճանաչված դեմք՝ Քվեբեկի անկախական շարժման վերաբերյալ արտահայտած իր տեսակետներով։ Սկզբում եղել է Քվեբեկի անկախական շարժման կողմնակից, իսկ հետագայում՝ կանադական ֆեդերալիզմի ջատագով։
1996-2003 թվականներին Ստեֆան Դիոնը եղել է Կանադայի Միջկառավարական հարցերի նախարար, 2004-2006 թվականներին՝ բնապահպանության:
Ստեֆան Դիոնը Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովն է: Նա մշտապես օգնել է հայ համայնքին, ինչի համար էլ համայնքը նրան շնորհել է «Պատվավոր հայ» կոչումը։ Դիոնը աջակցել է 2002թ. հունիսի 13-ին Կանադայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի որդեգրմանը եւ կողմ քվեարկել 2004թ. ապրիլի 21-ին խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին։
Ստեֆան Դիոնը կողմնակից է Հայաստանի Հանրապետությունում կանադական դեսպանատուն բացելու` հայ համայնքի տեսակետին։
Ստեֆան Դիոնի Հայաստանի Հանրապետություն եւ Արցախ այցելությունը կազմակերպել է Հայ Դատի Կանադայի հանձնախումբը, Կանադայուն ՀՀ դեսպանատան եւ ԼՂՀ ներկայացուցչության հետ միասին։ Այցի նպատակն է`
ա) տեղում ծանոթանալ Արցախի իրականությանը,
բ) աջակցել հայ-կանադական հարաբերությունների սերտացմանը,
գ) ծանոթանալ ՀՀ-ում եւ Արցախում գտնվող սիրիահայերի խնդիրներին` դրանց լուծմանը Կանադայի աջակցությունն ապահովելու նպատակով։
Դիոնը Երեւան է ժամանել սեպտեմբերի 21-ի երեկոյան։ Սեպտեմբերի 22-ին, Հայ Դատի Կանադայի հանձնախմբի նախագահ Ժիրայր Բասմաջյանի ընկերակցությամբ, մեկնել է Արցախ։ Սեպտեմբերի 22-ին Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, սեպտեմբերի 23-ին ՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Ստեֆան Դիոնը Հայաստանում կմնա մինչեւ սեպտեմբերի 27-ը եւ կունենա մի շարք հանդիպումներ։