կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-21 17:07
Առանց Կատեգորիա

Այս Սահմանադրությամբ ժողովրդավարական պետության գնալ հնարավոր չէ

Այս Սահմանադրությամբ ժողովրդավարական պետության գնալ հնարավոր չէ

Yerkir.am-ի` Հայաստանում սպասվելիք սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցերին պատասխանում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

 

 

- Պարո՛ն Հակոբյան, Սահմանադրությունը բարեփոխումների ենթարկելու անհրաժեշտությունն այսօրվա ամենահրատապ հարցերի՞ց է:

- Եթե մի կողմ թողնենք պահի նպատակահարմարության հարցը, պետք է ասենք, որ Սահմանադրության արմատապես բարեփոխման հարցը միշտ եղել է մեր քաղաքական օրակարգում: Եթե հիշում եք, 1993թ., երբ ձեւավորվեց ժամանակավոր սահմանադրական հանձնաժողով, այդ ժամանակ նախագծերից մեկը, որ ես էի ներկայացնում, համակարգ էր ենթադրում, որտեղ թե՛ պետական կառավարման համակարգը, թե՛ ՏԻՄ-ը եւ թե՛ դատաիրավական համակարգը բոլորովին այլ սկզբունքներով էին ձեւավորվում:

 

- Սահմանադրության ո՞ր դրույթներն են, որոնցում, ըստ Ձեզ, անհրաժեշտ են փոփոխություններ:

- Բազմաթիվ փոփոխություններ պետք է արվեն: Մշտապես պնդել ենք, որ ավելի ընդունելին Հայաստանի համար, մեր առանձնահատկությունից ելնելով, պետական կառավարման վարչապետական կամ պառլամենտական համակարգն է: Մյուսը ՏԻՄ-երին է վերաբերում: Կարծում եմ' հասկացան, որ մարզային վարչատարածքային այս բաժանումն իրեն չարդարացրեց, պետք է քննարկել, տարբերակ որոշել, ընդհուպ' վերադառնալ հնին: Բայց կարեւոր է, որ լինի ընտրովի, հատկապես' մարզպետների մակարդակով: Հաջորդը դատաիրավական համակարգում փոփոխություններն են: Այն սկզբունքները, որի վրա ձեւավորված են դատաիրավական համակարգի հարցերը, այդ համակարգը չի կարող անկախ լինել եւ այսօր անկախ չէ: Կան այլ դետալներ եւս, որոնց պետք է անդրադառնալ:

Այսօր առաջնային խնդիր են Սահմանադրական բարեփոխումները, բայց անհրաժեշտություն է, որ ունենանք նոր որակի Սահմանադրություն:

 

- Պարո՛ն Հակոբյան, իշխանությունն արդեն ակնարկում է, որ սահմանադրական լուրջ փոփոխություններ չեն լինելու, եւ թե՛ կառավարման համակարգի, թե՛ 100 տոկոս համամասնական ընտրակարգի վերաբերյալ ընդդիմության պնդումները այս բարեփոխումների ժամանակ էլ չեն իրականանա: Գուցե սա ընդամենը փոփոխություն է փոփոխության համա՞ր:

- Իմ գնահատմամբ, դա կլինի շատ կոսմետիկ փոփոխություն, եթե պետք է միայն դատաիրավական եւ կամ ՏԻՄ-երի ոլորտին անդրադառնա: Մեր այս ընթացքում երեւաց, որ այս պետական կառավարման համակարգը բացարձակապես համարժեք չի մեր պետությանը, մեր մենթալությանը: Այս Սահմանադրությամբ ժողովրդավարական պետության գնալ հնարավոր չէ: Եթե ցանկություն կա նորմալ երկիր կառուցելու եւ նորմալ Սահմանադրություն ունենալու, ես մեկ փաթեթի մեջ եմ տեսնում այս ամենը' կառավարման համակարգի փոփոխություն, տեղական ինքնակառավարման, դատական համակարգի եւ այլ լուրջ փոփոխություններ:

 

- 2005թ. բարեփոխումները արդյո՞ք ժամանակի համար լիարժեք չէին:

- Դրանք, կարծում եմ, էապես չփոխեցին իրավիճակը:

 

- Հայաստանում յուրաքանչյուր համապետական ընտրությունից եւ կամ հանրաքվեից հետո կասկածի տակ է առնվում քվեարկության արդար, թափանցիկ ու ազատ լինելը: Ներկա ընտրական ավանդույթների պարագայում որքանո՞վ է մեծ արդար ընտրությունների կազմակերպման հավանականությունը:

- Այս դեպքում կդժվարանամ ասել, որ հնարավոր է առանց կեղծիքի իրականացնել: Որեւէ երաշխիք չկա. մեր տառապանքի փորձն ասում է, որ ցանկացած ընտրություն, հանրաքվե կեղծիքներով է ուղեկցվում: Դրա համար էլ ժողովուրդը չի վստահում:

 

 

Հարցազրույցը վարեց Սեւակ Հակոբյանը