Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին հետևալ բովանդակությամբ.
«Ըստ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կայքում առկա տեղեկատվության` քաղաքացի Թոռնիկ Ալիյանը հանդիսանում է Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն և հոգաբարձուների խորհրդի անդամ (որպես ուսանողության ներկայացուցիչ):
1. Ագրարային համալսարանում ուսուցանվողի ի՞նչ կագավիճակ ունի Թոռնիկ Ալիյանը:
2. Արդյոք օրինական է ուսանողական ինքնակառավարման մարմնի ղեկավարի և համալսարանի կառուցվածքային ստրաբաժանման ղեկավարի պաշտոնների համատեղումը:
3. Արդյոք օրինական է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի և հոգաբարձուների խորհրդի՝ ուսանողների քվոտայով ընտրված անդամի պաշտոնների համատեղումը»:
Երեկ ստացել ենք ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի և համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի պարզաբանումները:
Երեք հարցերն էլ շատ պարզ և մատչելի էին ձևակերպված, հետևաբար ակնկալում էինք հստակ պատասխաններ:
Նախ Թռչունյանի պատասխանի մասին: Հարցադրումներն ուղղված էին կրթության ոլորտի լիազոր մարմնի ղեկավարին: Այսինքն, մեզ հետաքրքրում էր նախարության կարծիքը: Հետևաբար պետք չէր ամորֆ փոստատարի դեր ստանձնել: Համալսարանի կանոնադրությունը բաց տեղեկատվություն է, ուստի կարիք չկար կանոնադրությունից քաղվածքը որպես պատասխան ներկայացնել կամ պատասխանի իմիտացիա ստեղծել:
Այժմ ռեկտորի պարզաբանման մասին:
Պատասխան չկա մեր 1-ին հարցին, այն է, Ագրարային համալսարանում ուսուցանվողի ի՞նչ կագավիճակ ունի Թոռնիկ Ալիյանը: Փոխարենը ներկայացվել է Թ. Ալիյանի կենսագրությունը: Իմիջիայլոց, ըստ համալսարանի կայքի, Ալիյանը ուսխորհրդի նախագահ ընտրվել է ապրիլի 9-ին, ոչ թե մարտի 19-ին, ինչպես նշված է ռեկտորի նամակում: Երկրորդ, Ալիյանը մագիստրատուրան ավարտել է հունիսն, ոչ թե մայիսին, ինչպես կրկին նշված է ռեկտորի նամակում:
Պատասխանում անհասկանալի ձևով վկայակոչվում է ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածը, որը բառացի մեջբերում ենք.
Հոդված 32. Բնակարանի անձեռնմխելիությունը
1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք:
2. Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
3. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքով կարող են սահմանվել դատարանի որոշմամբ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր:
Մեր 3 հարցերից և ոչ մեկում որևէ մեկի բնակարանի անձեռնմխելիության վերաբերյալ անդրադարձ չկա: Ուղղակի պետք է մեջբերումներ անելիս ուշադիր լինել և հղումներ անել ոչ թե 2005թ. Սահմանադրությանը (հոդված 32. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրության ազատություն), այլ 2015թ. գործող Սահմանադրությանը (Հոդված 32. Բնակարանի անձեռնմխելիությունը):
Կրկին անդրադառնանք Թռչունյանի նամակին: Համալսարանի խորհրդի անդամ կարող է առաջադրվել ուսանող կամ ասպիրանտ:
Այսպիսով, մեր հարցադրումների, նախարարի տեղակալի և ռեկտոր պատասխանների արդյունքում կարող ենք փաստել՝
1. Քաղաքացի Թ. Ալիյանը, չհանդիսանալով համալսարանի ոչ ուսանող, ոչ ասպիրանտ, զբաղեցում է ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնը:
2. Քաղաքացի Թ. Ալիյանը, չհանդիսանալով համալսարանի ոչ ուսանող, ոչ ասպիրանտ, զբաղեցում է հոգաբարձուների խորհրդի՝ ուսանողների քվոտայով ընտրված անդամի պաշտոնը:
3. Ագրարային համալսարանը առաջնորդվում է 2005թ. ՀՀ Սահմանադրությամբ:
4. Ագրարային համալսարանը կրթության ոլորտի լիազոր մարմնին ներկայացնում է թերի և աղճատված տեղեկատվություն:
5. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ունի ընդամենը դիտորդի կարգավիճակ: