Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ազատության հրապարակում #Լրջացեք #ՀանունԵրկրի կարգախոսով` Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնած հանրահավաքում ելույթով հանդես եկավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը: Ելույթը ներկայացնում ենք ստորև` ամբողջությամբ:
Սիրելի' հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ
Այսօր մենք հավաքվել ենք, որպեսզի լրջանալու կոչ ուղղենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին, քանի որ ունենք հիմնավորված մտահոգություններ, որ որդեգրված քաղաքականությունը մեզ կարող է լավ տեղ չհասցնել: Մենք հավաքվել ենք, որ ցույց տանք, որ Հայաստանի քաղաքացիների մի մասն էլ համաձայն չէ, մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով: Թե՞ սիրո և համերաշխության Հայաստանում մենք չենք կարող արտահայտվել, քանի որ կարող է ժողովրդի թշնամի դիտվենք: Մեր խոսքն այսօր շատերի ականջների համար կարող է տհաճ հնչել: Բայց ավելի լավ է իրար հետ անկեղծ լինենք, ասենք թեկուզև դառը ճշմարտությունը, քան մի կողմ քաշվենք՝ խուսափելով պատասխանատվությունից:
Կառավարության ղեկավարը մի քանի օր առաջ 100 ձեռքբերում ներկայացրեց: Դե ինչ, մեկ տարվա մեջ 100 ձեռքբերումը վատ չէ. 3-4 օրը մեկ՝ մի ձեռքբերում: Բայց, արի ու տես, որ այդ ձեռքբերումներից մի զգալի մասը ամենևին էլ ձեռքբերում չէ: Որպես ձեռքբերում է ներկայացված, օրինակ, նախարարությունների թվի կրճատումը: Այդ ի՞նչ էին ուզում ձեռք բերել, որ կրճատմամբ ձեռք բերեցին: Ի՞նչ է, մշակույթի վիճակը բարելավվե՞ց, գյուղացիներն ավելի լա՞վ սկսեցին ապրել, Սփյուռքի հետ կապն ամրապնդվե՞ց: Կասեք՝ մի քանի օր առաջ են օրենքը փոխել, ինչպե՞ս պետք է այդ կարճ ժամանակահատվածում արդյունք ապահովեին, ու շատ ճիշտ կասեք, բայց եթե մի քանի օր առաջ են օրենքը փոխել, դրա արդյունքը չենք տեսել, ինչպե՞ս են այդ փոփոխությունը որպես ձեռքբերում ներկայացնում: Չեմ ուզում մանրամասնորեն այդ 100 կետերին անդրադառնալ, դա չէ մեր այսօրվա խնդիրը: Իրավամբ ընդունում եմ, որ այդ 100 կետերի մեջ կան ձեռքբերումներ: Այդ ձեռքբերումների մի մասն էլ նախորդ կառավարության ծրագրերի շարունակությունն է, օրինակ՝ համայնքներին տրամադրվող սուբվենցիաների ծրագիրը, որը դեռ նախորդ կառավարությունում դաշնակցական նախարարն էր նախաձեռնել: Բայց չեմ կարող չզարմանալ, երբ Հայաստանից հեռացածների ու Հայաստան վերադարձածների դինամիկան համեմատում են 12 տարվա կտրվածքով: Այդ երբվանի՞ց ենք անցել 12 միավորանոց հաշվարկի համակարգի: Ու դեռ շատ կլինեն նման չակերտավոր ձեռքբերումներ, քանի դեռ իրական ձեռքբերումներ չկան: Իսկ իրական ձեռքբերումներ չեն կարող լինել, քանի դեռ կառավարությունը չի լրջացել ու չի անցել երկրի համար կենսական կարևորություն ունեցող խնդիրների լուծմանը:
Ո՞ւր է տնտեսական հեղափոխությունը: Լավ, ես չեմ ասում՝ ինչո՞ւ արդյունք չեմ տեսնում: Չեմ իջել ամբոխավարության այն աստիճանի, որ մի քանի ամսում արդյունք ակնկալեմ: Բայց գոնե կարող եմ, չէ՞, հարցնել՝ սկսվե՞ց այդ հեղափոխությունը, թե՞ հետաձգվում է մինչև դատաիրավական համակարգի բարեփոխումների ավարտը: Ըստ կառավարության հավաստիացումների` պետք է, որ սկսված լիներ: Իսկ ինչո՞ւմ է այդ հեղափոխությունը: Պնդումների մե՞ջ, թե Հայաստանում էլ կոռուպցիա չկա: Բա եթե չկա, ինչո՞ւ ձերբակալվեց առողջապահության փոխնախարարը, ինչո՞ւ է քրեական գործ հարուցվել պետական վերահսկողական ծառայության պետի դեմ: Իսկ Բագրատաշենում երեկ ի՞նչ էր կատարվում: Մարդիկ պարզ մեղադրում էին, որ կոռուպցիայի զոհ են դարձել:
Ասում են` օլիգարխներ էլ չկան: Իսկ տնտեսության կառուցվածքը փոխվե՞լ է: Այդ ո՞ր կենսական կարևորություն ունեցող ճյուղում գերիշխող դիրք ունեցող ընկերության դիրքերը սասանվեցին: Օլիգարխին խոշոր սեփականատեր կոչելով՝ իմաստը չի փոխվում:
Այո, եթե կան կոռուպցիա ու օլիգարխիա, տնտեսությունը չի զարգանա: Բայց միայն օլիգարխիայի ու կոռուպցիայի վերացումը չի երաշխավորում տնտեսական աճը: Ակտիվ տնտեսական քաղաքականություն է պետք իրականացնել: Զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրները վաղուց արդեն հասկացել և գնում են պետության դերակատարման ու պատասխանատվության ավելացման, տնտեսությանը պետական մասնակցության աստիճանի բարձրացման և համախառն եկամուտների բաշխման ու վերաբաշխման ծավալների հետևողական աճի ճանապարհով: Այդ պետություններում բարձր եկամուտ ունեցողները հանրային խնդիրների լուծման համար վճարում են համեմատաբար ավելի բարձր հարկեր, իսկ պետությունը կանգնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիների կողքին: Պետական տարբեր աջակցություններով են անապահով ընտանիքները դուրս գալիս աղքատության ճիրաններից, այլ ոչ թե ուղղակի կամ անուղղակի կերպով նրանց մեղադրելու, մերժելու և հասարակությունից մեկուսացնելու ճանապարհով: Ասում են՝ «աղքատությունը գլխիդ մեջ է»: Ուրեմն, եթե մարդ անցյալ տարի աղքատ էր, մեղավորն իշխանություններն էին, եթե հիմա է աղքատ՝ ինքն է մեղավոր: Արդյո՞ք սա արդար մոտեցում է: Իհարկե՝ ոչ:
Աղքատության և գործազրկության կրճատման իրական արդյունքների բացակայության, եկամուտների բարձր բևեռացման մակարդակի պահպանման ֆոնին տեսնում ենք սոցիալական արդարության հաստատմանը հակասող քաղաքականություն և փոփոխություններ, որոնք մեծ հետևողականությամբ առաջ են մղում այսօրվա իշխանությունները՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի արմատավորում, եկամտահարկի համահարթեցում, զբաղվածության և աշխատավորների իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ՝ օրախնդիր բարեփոխումների անտեսում ու հետաձգում և այլն:
Ասում են՝ Հայաստանում իրականացնում ենք բարձր աշխատավարձերի քաղաքականություն, Հայաստանը պետք է լինի հարուստների երկիր, Հայաստանը պետք է լինի բարձրագույն կրթություն ունեցող ու երեք լեզվով խոսողների երկիր: Իսկ բանվորնե՞րը, արհեստավորնե՞րը, գյուղացինե՞րը: Նրանք երկիր չպե՞տք է ունենան: Ի՞նչ է, հող մշակելը նվազ պատվաբեր գո՞րծ է, քան կայքում գրելը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ` Հայաստանը ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Սոցիալական պետությունն ապահովում է իր քաղաքացիների տնտեսական և սոցիալական բարեկեցությունը: Նրան է վերապահվում իր քաղաքացիների սոցիալ-տնտեսական բարեկեցության խթանման առանցքային դերը՝ հիմնված հնարավորությունների հավասարության, եկամուտների վերաբաշխման և բարեկեցիկ կյանքի նվազագույն պայմաններն ինքնուրույն ապահովել անկարող անձանց պետական աջակցության սկզբունքների վրա: Սոցիալական պետություն չեն կառուցում՝ լոկ մի խումբ շահառուների նպաստները բարձրացնելով: Սոցիալական պետությունը վարում է ներառական տնտեսական աճի քաղաքականություն, երբ ազգային արդյունքն արդար կերպով բաշխվում է հասարակության անդամների միջև: Ներառական տնտեսական աճը, մեր կառավարության պատկերացմամբ, եկամտահարկի սանդղակի հարթեցումն է, որն էլ ավելի կխորացնի հարուստների ու աղքատների միջև անդունդը:
Աղքատության և սոցիալական անհավասարության այս պայմաններում անհնար է կառուցել իրական ժողովրդավարական հասարակություն: Սոցիալական պետության կառուցման հեշտ ճանապարհ չկա: Համաշխարհային պատմությունը վկայում է, որ այս գիտակցումը մերժող շատ իշխանություններ ձախողվել են իրենց երկրներում: Իշխանության կողմից միայն արբիտրի դեր ստանձնելով, շուկայական մրցակցությանը ապավինելով, անօրինական երևույթները բացառելով՝ անհնար է ապահովել սոցիալական արդարություն, հանրային լայն բարեկեցություն:
Քանի դեռ մեր իշխանություններն այս պարզ ճշմարտությունը չեն գիտակցել, նրանք ստիպված են լինելու վարչապետի ու նրա ընտանիքի հագուկապը ներկայացնել որպես ձեռքբերում:
Լրջացե՛ք: