Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչ թե քաղաքային խնդիրների՝ աղբի, փողոցի լուսավորության կամ ասֆալտապատման, այլ ինքնության հեղափոխության օրակարգով է ընտրություններին մասնակցում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը։ Սա՛ է միակ ճանապարհը ամենախորքային խնդիրների լուծմանը հասնելու, վստահ են կուսակցության անդամները։
«Մենք այս ընտրություններին մասնակցում ենք հեղափոխություն հանուն ինքնության օրակարգով, որը մեր իրականության վերաարժևորման և մեր դերի վերաիմաստավորման օրակարգն է։ Այսինքն, ՀՀ քաղաքացին պետք է սովորի պայքարել նախ իր ինքնության, արժանապատվության և ամենակարևորը ապագայի համար, իսկ պայքարի ոգին ձևավորելու համար ամեն քաղաքացի պետք է սկսի ինքն իրենից, պետք է ընդվզի նվաստացման ու անզորության դեմ ու ոչ թե համակերպվի, եթե ուզում է արժանապատիվ ապրել։ Միայն այս կերպ է հնարավոր հաղթահարել ստեղծված ինքնության խորքային ճգնաժամը», - ասում է կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Պետրոսյանը։
Կուսակցությունը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը իր պայքարի ուղին շատ վաղուց է սկսել։ Շատերը նրան կհիշեն դեռ 2022թ-ից, երբ Արցախի Բերձոր, Աղավնո, Սուս բնակավայրերը պետք է հանձնվեին Ադրբեջանին։ Սուրեն Պետրոսյանը ընտաիքով՝ երկու փոքր դստրերի հետ Աղավնո էր տեղափոխվել, կոչ էր անում չհանձնվել ու չլքել բնակավայրը, ցանկանալով սեփական օրինակով ցույց տալ, որ ռացիոնալ պայքարի միջոցով հնարավոր է բեկել իրողությունների ընթացքը։
«Այսօր իշխանությունը մի օրակարգ է ձևավորել, որը անթույլատրելի է։ Նրանք այդ օրակարգը դաշտ են նետում ու մարդկանց համոզում, որ իրենք այլևս ոչինչ չեն կարող փոխել, որ պետք է համակերպվել ու աղոթել, որ մեզ համար շատ վատ չլինի, երբ արտաքին ուժերը մեր ճակատագիր կորոշեն։ Մենք հակադարձում ենք այդ օրակարգին, մենք կարո՛ղ ենք և պե՛տք է ինքնուրույն որոշում կայացնենք, իրավիճակը փոխենք՝ մեր ինքնությունը փոխելով, վերաիմաստավորելով մեր դերակատարումը։ Մենք այս օրակարգը պետք է հնարավորինս շատ կարողանանք տարածել, որ մարդիկ լսեն, տեսնեն ու դառնան դրա կրողը։ Միայն այդ ժամանակ մենք կարող ենք հասնել իրական փոփոխությունների», - նշում է Պետրոսյանը։
Ըստ նրա ընտրությունները լեգիտիմ հարթակ են այս օրակարգը տարածելու և հասարակության հետ աշխատելու համար։ Ինչ վերաբերում է քաղաքային խնդիրների լուծմանը, ապա դա ավագանու ամենօրյա անելիքն ու պարտավորությունն է և քարոզարշավի ժամանակ այդ պարտականությունները ներկայացնել որպես երևանցուն մատուցվող մեծագույն նվեր ու ձեռքբերում, անթույլատրելի է՝ հաշվի առնելով երկրում ստեղծված անվտանգային խնդիրները։
«Քաղաքային խնդիրները լուծելով, մեզ լավություն չեն անում, քաղաքացին դրա համար հարկ է վճարում։ Քաղաքի կառավարումը խորքային բաղադրիչներ ունի և այդ խնդիրները անհնար է չլուծել ցանկության դեպքում։ Առաջնահերթությունը սա չէ, մի՛ թողեք, որ մարդիկ իրենց պարտականությունը վաճառեն ձեզ որպես բացառիկ նվեր», - նշում է Պերոսյանը։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդը հիշեցնում է, որ իրենք շարունակում են իրենց պայքարը հանուն փոփոխության և որ միայն պայքարողն է հասնում արդյունքի, սա պատմականորեն ապացուցված իրողություն է։
Քաղաքական այս ուժը բակային հանդիպումները կսկսի օգոստոսի 29-ից։