կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-21 12:37
Առանց Կատեգորիա

Ուժեղը նա է, ով չի վախենում մենակ մնալուց

Ուժեղը նա է, ով չի վախենում մենակ մնալուց

Ժամանակակից գրող Նառա Վարդանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Եղավ մի օր, եղավ մի ժամանակ, որ 2 043 000 մարդ միահամուռ ձայն տվեց անկախությանն ու ԱՅՈ՛ ասաց անկախությանը: Ուժեղ էին նրանք… ու հաստատակամ: Գիտեին դժվարությունները, գիտեին, որ քաղաքացիների համար ճորտական աշխատանք է լինելու: Ուժեղ էին ու մենակ: Ուժեղ էր Սահյանը, երբ ասում էր` էն ո՞ր ոչուփուչը վեր կկենա ու Ոչ կասի իր արյան շրջանառությանը, իր աչքի լույսին, իր արդար հացին, իր պետականության հիմքերին, իր թոռների ու թոռնթոռների մարդավայել կյանքին: Այո՛… այս երեք տառերն այսօր իմաստավորում են մեր ազգի երեք հազար տարվա ոգևորումներն ու որոնումները: Եղավ այդ օրը, որ երկու միլիոն մարդ տոն կերտեց:

 

Եղավ մի օր, եղավ մի ժամանակ, երբ հայրս հեռու օտարության ու մենակության մեջ, ճիշտ անկախության տարիքի չափով օտարական, իր ներքնաշորերը լվանալիս տաշտով եռման ջուրը թափել է վրան ու նստել դույլի առաջ, լաց է եղել… որովհետև ուժեղ էր, ո՛չ չէր ասել իր արյան շրջանառությանը, չէր տարել մեզ ու չէր ուզել՝ իր երեխաներն օտարականներ դառնան, ԱՅՈ՛ էր ասել իր արդար հացին և իմ աչքի լույսին, վեր է կացել ու շարունակել լվացքը:

 

Մենք այստեղ լեզու ենք պահել, հիմն ենք անգիր սովորել, բանակն ենք փառաբանել ու մարդավայել կյանքի պատրաստվել:

 

Այսօր եկել է մի օր, մի ժամանակ, որ երկրիս անկախությունը ավազի նման սորում է մատներիս արանքով, որովհետև անկախության սյուները, անկախության հենարանները` եղբայրներս ու քույրերս, հայրերս ու մայրերս, հայոց լեզուս ու ուսուցիչներս հեռանում են, ու ծանրությունը դժվար եմ կրում ուսերիս: Հիմա բռունցքս պինդ սեղմելու ժամանակն է, ուժեղ լինելու ժամանակն է, հատիկ ավազը փայփայելու ու սիրելու ժամանակն է, մենակ մնալուց չվախենալու ժամանակն է: