Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիներին ուղղված իր ելույթում ասել է, որ Ուկրաինան մենակ է մնացել իր պետության պաշտպանության հարցում։ Ելույթը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում փետրվարի 25-ին
«Մենք մենակ մնացինք մեր երկրի պաշտպանության գործում. ո՞վ է պատրաստ մեզ հետ կռվել։ Անկեղծ ասած` ես այդպիսիք չեմ տեսնում: Ո՞վ է պատրաստ երաշխիքներ տալ Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. անկեղծ, բոլորը վախենում են»,- ասել է Զելենսկին։
Նա նաև նշել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել ՆԱՏՕ-ին չանդամակցելու երաշխիքները և երկրի չեզոք կարգավիճակը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայում իշխող ռեժիմը: Նա կոչ արեց ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը և գնալ տուն:
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Նախարարությունից վստահեցրին, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։