կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-21 12:10
Առանց Կատեգորիա

Էդ ե՞րբ էր` անկախ էինք

Էդ ե՞րբ էր` անկախ էինք

Էդ երբ էր` անկախ էինք. անհոգ խաղում էինք դրսում ու մեր անկախությունը վերջանում էր մութն ընկնելուն պես:


Գործնագործ էինք խաղում. մեկը պակասում էր. Նունեն երբեք, երբեք բակ չէր իջնում խաղալու: Եղբայրը չէր թողնում: Միշտ, ամեն օր հույս ունենալով, որ հանկարծ կհամոզենք եղբորը, գնում էինք Նունեին կանչելու: Պատասխանը նույնն էր.«Չէ, չի գալու, իմ քուրը ձեր նման բոշա չի»: Նունեն մեկ-մեկ գալիս-կանգնում էր պատուհանի մոտ. էդ հայացքի ներքո խաղալ չէր լինում. ես միշտ պարտվում էի: Չէինք հասկանում, որ Նունեի եղբայրը մոր օրինակն աչքի առջեւ ունենալուց` քրոջը տանը բանտարկած էր պահում: Նունեի մայրը... Արուսն ամուսին ուներ, ով, ինչպես փողոցում տարածված էր, վաղուց էր տղամարդկությունը կորցրել, սակայն Արուսը մի օր բռնել ու հղիացել էր` այն էլ` «շուկայի զուգարանը մաքրողից»:  Լույսի կտոր մի «բիճ»: Էդ երբ էր`անկախ էինք, մենք` բոշաներս, խաղում էինք, Նունեն` պատուհանից մեզ նայում: Եղբայրը Ռուսաստան գնաց. Նունեն էլ անկախացավ.  հիմա Նունեն ինքն է ընտրում` երբ, քանիսով եւ որ տղայի հետ պետք է քնի...


Էդ երբ էր` անկախ էինք. գործնագործ էինք խաղում. Գարուշենց տնից գոռգոռոցներ էին լսվում. Գարուշն եկավ-քշեց մեզ իրենց տան դիմացից: Մեզ վրա գոռալուց Գարուշի սիրտը հովացավ. ի՞նչ իմանար, որ մեզ համար տեղը կապ չուներ'հարթ տարածություն լիներ: Փողոցը մերն էր: Էդ օրը մեր անկախությունը մի քիչ շուտ վերջացավ. Գարուշը, ում «ծալը» մի քիչ պակաս էր, ու ստիպում էր քրոջը պոռնկությամբ զբաղվել` միայն թե երեկոյան փող տուն բերեր, կրկին ծեծել էր մորն ու քրոջը, բայց այս անգամ մոր վնասվածքները լուրջ էին. Շաղիկ տատի ոտքը կոտրվել էր: Թարսի պես էլ` փողոցի «սնխչին» Շաղիկ տատն էր, ով ցավից խեղդվելով` ոտքը մի կերպ «յախու» դրեց: Շաղիկ տատի դրած «յախուն» «յախու» էր, ով չբեր էր` ամիսներ անց երեխա էր ունենում, իսկ վնասվածքներն ու կոտրվածները` ասես չէին էլ եղել: «Յախուն» ոտքին դնելիս տատը, թե` «Աստված ջան, էս «յախուն» թող գերեզման ինձ տանի», իսկ Շաղիկ տատի «յախուն» ամենակարող էր...


Էդ երբ էր` անկախ էինք. գործնագործ էինք խաղում. Սերգեյ ձյաձյան շաբաթը մեկ անգամ էր տուն գալիս. էդ օրն էլ խմած եկավ: Աղջիկը` Սիրանը, խաղում էր մեզ հետ, կանչեց, փող տվեց, որ բոլորիս պաղպաղակ գնի: Սերգեյ ձյաձյան նստեց փողոցի մեջտեղում, գետնին, հերթով մոտեցանք` թշներս քաշեց ու համբուրեց, ծիծաղեց` վախենալու չափ բարձր, հետո տուն մտավ: Ծեծեց կնոջը, հայհոյեց` բարձր-բարձր, Սոնիկ տոտան փախավ տնից, սա` հետեւից դուրս եկավ. տան դիմաց պաղպաղակը ձեռքներիս կանգնած էինք. սպիտակ, քաղցր կաթը թափվում էր գետնին: Կնոջ հետեւից մատը թափ տվեց, նստեց գետնին. հատ-հատ կանչեց, թշներս քաշեց ու համբուրեց ու մնաց գետնին նստած` Սիրանն էլ կողքը: Էդ օրն էլ չխաղացինք. թթի ծառի տակ էինք. մութն էլ, թարսի պես, չէր ընկնում...


Էդ երբ էր` անկախ էինք. գործնագործ էինք խաղում. Գայանեն եկավ, բայց չմիացավ խաղին. Նստեց-նստեց ու սկսեց լացել... 4-5 տարով իրենից մեծ եղբայրը գիշերն իջեցրել էր տրուսիկն ու ստիպել քրոջը համբուրել անտերը: 11-12 հոգով գնացինք Գայանեենց տուն, եղբորը տարանք պարտեզ, ասացինք, որ ծնողներին խաբար կտանք ու էդ սպառնալիքով ստիպեցինք իջեցնել տրուսիկը. հերթով թքեցինք էդ անտերի վրա ու ամոթից խեղդվելով` վազեցինք դուրս: Դրանից հետո էլ չխաղացինք, բայց տուն գնալ էլ չէր լինում. թթի ծառի տակ նստել` սպասում էինք` մութն ընկնի:


Էդ երբ էր` անկախ էինք. գործնագործ էինք խաղում. Զինվորը սայլակով մեզ էր մոտենում ու ինքն իրեն ինչ-որ բան խոսում: Զինվորի անունը ոչ ոք չգիտեր' գիտեինք միայն, որ գնացել է կռիվ, հետ եկել` առանց ոտքերի. այդ ընթացքում կինը թողել էր 4 երեխաներին ու տնից փախչել: Զինվորից վախենում էինք, միշտ խոսում էր ինքն իրեն: Երկու աղջիկներն ամուսնացել-գնացել էին, տղաները նույնպես ամուսնացել էին ու հոր անկողինը տեղափոխել չուլան. պարտեզի վերջում քարաշեն մի մութ սենյակ, որտեղ նախկինում հավ էին պահում եւ որի ներսում ոչ ոք չէր եղել: Զինվորը մոտեցավ մեզ, հետո էլ, թե`«Խաղացեք, ձեզ ղուրբան, ես կանգնեմ-նայեմ»: Սկսեցինք խաղալ` յուրաքանչյուրիս հայացքը Զինվորի դատարկ տաբատի փողքերին հառած. չկարողացանք խաղալ. թթի ծառի տակ էլ կանայք հավաքվել-սուրճ էին խմում. առաջին անգամ տուն գնացինք` լույսով:


Էդ երբ էր` անկախ էինք. գործնագործ էինք խաղում. փողոցում վայնասուն բարձրացավ. Սամվելը բանակում ինքնասպան էր եղել: Սամվելն ուրախ տղա էր, մեզ միշտ ցոգոլ էր հյուրասիրում, ինձ' երգացնում, նոր տալիս: Բանակ գնալուց առաջ հերթով գրկեց բոլորիս ու գնաց: Տխուր էինք, չնայած չգիտեինք' ինչ է ինքնասպան լինելը, հետո երբ իմացանք, ավելի տխրեցինք' չէ, եթե ինքնասպան լինել նշանակում է ինքն իրեն սպանել` ուրեմն Սամվելն ինքնասպան չի եղել, կամ էլ` ինքնասպանություն ասվածը լրիվ ուրիշ իմաստ ունի: Ծառերը սեւ ժապավենով երիզվեցին /անգամ թթի ծառը/, իսկ փողոցի մուտքին մեծ-մեծ պաստառ կախվեց` «ՍԱՄՎԵԼ 18»: Սամվելը հայր չուներ, մայրն էլ փողոցի միակ հացի խանութում էր աշխատում ու մի կերպ Սամվելին ու աղջկան պահում: Սամվելը երկու անգամ էր իրեն կրակել` սրտին, հետո` գլխին, բայց ինքնասպան էր եղել... Առաջին անգամ էինք թաղում տեսնում... Առաջին անգամ` թքած ունենում խաղի վրա...


Դրանից հետո էլ չէինք խաղում, ու ոչ էլ թթի ծառի տակ նստում. կարծես սեւ ժապավենները իրենցով արած լինեին փողոցը: Բարձրանում էինք փողոցի դատարկ տներից մեկի տանիք ու նստում-խոսում: Բարձր խոսելիս' մեկս մյուսին նկատողություն էինք անում` «Սսս...»:


Դրանից հետո փողոցում լռություն էր` ոչ ոք ոչ մեկի հետ չէր վիճում, միայն Սամվելի մայրն էր երբեմն-երբեմն ինքն իր հետ բարձր խոսելով անցնում փողոցով. փողոցի մի ծայրից մյուսն էր գնում, արագ քայլերով, ոչ մեկին չնայելով...


Դրանից հետո Զինվորն ինքնասպան եղավ, իսկական ինքնասպան. կախվել էր ու ինչ-որ նամակ թողել, որտեղ 2 բառ էր գրել, որի իմաստն էդպես էլ չհասկացանք.«Պատերազմը շարունակվում է»:


Դրանից հետո վախենում էինք մթից ու տուն գնում մինչ մթնելը...


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ