կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-20 16:02
Հասարակություն

Դատապարտված էինք լինել անկախ

Դատապարտված էինք լինել անկախ

Մենք դատապարտված էինք լինել անկախ, եւ դա մեր կամքից կախված չէր. կայսրությունը փլուզման եզրին էր, պարզապես այս դեպքում խնդիրն այն էր, թե ինչպես էր դա արվելու. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Նա նշեց, որ չի ցանկանում տոնի նախաշեմին խոսել ՀՀ անկախության հանրաքվեի արդյունքների մասին` հավելելով, որ «ճշմարտությունն ընկերությունից վեր բան է»:

Նրա կարծիքով` 1991 թ. բնակչության 60%-ը դեմ էր անկախությանը, իսկ հանրաքվեին 40% է մասնակցել:

«Այն ժամանակ այդ որոշումների վրա ազդելու մեր բոլոր ձգտումներն ապարդյուն էին: Գոյություն ուներ փոքր թվով մարդկանց խումբ` 3-5 հոգի, որը «Ղարաբաղ» կոմիտեի կորիզն էր եւ որոշումներ էր ընդունում ու պարտադրում մյուսներին` հետեւել այդ որոշումներին»,- հավելեց Ա. Ադիբեկյանը:

Նրա խոսքերով` ՀՀ բնակչությունը փախստականների հետ միասին 4.5 միլիոնն անցել էր: ԽՍՀՄ փլուզումից հետո 1.8 մլն մարդ դարձավ գործազուրկ, եւ առաջացած սոցիալական վիճակի պատճառով սկսվեց արտագաղթը: 4.5 մլրդ ռուբլու խնայողություններ զրոյացան, «կոլխոզների եւ սովխոզների ցրումից հետո գյուղն աղքատացավ ու մինչ օրս չի կարողանում ոտքի կանգնել»:

Նա նշեց, որ սեփականաշնորհումը կարելի էր այնպես իրականացնել, որ մարդիկ չտուժեին: «Էներգետիկ համակարգերը վաճառեցինք գազի դիմաց` Հրազդանը, այսօր` Որոտանը, ի՞նչ ենք վաճառելու հետո: Մովսես է պետք, որ մեզ սովորեցնի, թե ինչպես հասնել դրախտ»,- հավելեց սոցիոլոգը:

Խոսելով ձեւավորվելիք խորհրդարանի մասին՝ Ա. Ադիբեկյանը նշեց, որ խորհրդարանում միանշանակ կլինեն Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», ՀՅԴ կուսակցությունները, նաեւ` ՀԱԿ-ը, իսկ «Ժառանգության»` խորհրդարան անցնելը կասկածելի է, «այն կախված է Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշից»: Սոցիոլոգը նաեւ հավելեց, որ հապճեպ ընտրություններ անցկացնելն այնքան էլ ճիշտ չէ: