կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-20 16:53
Առանց Կատեգորիա

Տեղաբնիկ ազգերը սպառնում են Ադրբեջանի ''տարածքային ամբողջականությանը''

Տեղաբնիկ ազգերը սպառնում են Ադրբեջանի ''տարածքային ամբողջականությանը''

Համաձայն Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական վիճակագրական տվյալների ` 1999 թվականի դրությամբ` երկրի բնակչության 90.6 %-ը կազմում են ադրբեջանցիները, իսկ, այսպես կոչված, «ազգային փոքրամասնությունների», որոնք, ի դեպ, տեղաբնիկ ժողովուրդներ են, իրական թվերը ենթարկվել են ֆանտաստիկ կրճատումների: Միատարր պետություն երևալու այս փորձերը  հարևան պետության` տարածքում բնիկ ժողովուրդ լինելու մասին էժանագին ստերի շարքից են: Մինչդեռ բազում արևմտյան անկախ գիտահետազոտական ինստիտուտների տվյալների համաձայն` Ադրբեջանական Հանրապետության տարածքում ապրում են շուրջ 1-1.5 մլն թալիշներ, 5-7 հարյուր հազար լեզգիներ, կես մլն ավարներ և թաթեր, ովքեր այս տարածքների հնագույն ժողովուրդներից են: Կովկասի այս հատվածում ժողովրդագրական նկարագիրը փոխվել է թուրքախոս քոչվոր ցեղերի ներխուժումից հետո միայն:

 

Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն կեղծում են այս թվերը, այլ նաև ջանք չեն խնայում իրականությունն ու պաշտոնական տվյալները միմյանց համապատասխանեցնելու համար: Պետական մակարդակով հալածանքներ են գործադրվում իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանող ժողովուրդների մտավորականների, գործիչների նկատմամբ, արհեստականորեն մասնատվում են այս ազգերով բնակեցված շրջանները, որտեղ պաշտոնները զբաղեցնում են բացառապես ադրբեջանցիները, և ձուլման քաղաքականություն են վարում` փակելով դպրոցներն ու մշակութային հաստատությունները:

 

Այս մասին վկայող օրինակները շատ են, բերենք դրանցից ամենաաղմկալիները. “Черновик” պարբերականի կատարած հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ 1991-1996 թթ. ազգային պատկանելության համար սպանվել են շուրջ 185 ավարներ, բոլորովին վերջերս ձերբակալվել են «Թալըշը Սադո» պարբերականի երկու թալիշ խմբագիրները, որոնցից մեկը սպանվել է բանտում, թալիշական ազգային շարժման երկու կարկառուն դեմքեր` Ալաքրամ Գումատովը եւ Ֆահրադդին Աբասովն էլ լքել են Ադրբեջանը հալածանքների պատճառով: Հայտնի է նաև, որ Արցախյան ազատամարտի ընթացքում տեղաբնիկ ժողովուրդների երիտասարդներին ուղարկում էին պատերազմի առաջագիծ, որպեսզի «մաքրեն» «իրենց» երկիրն այս ազգերից:

 

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի խոսքերով` թեեւ ԱՀ-ում ոտնահարվում են տեղաբնիկ ժողովուրդների ազգային, մշակութային, կրթական իրավունքները, այնուամենայնիվ, այստեղ գոյություն ունեն 3 հզոր ազգային շարժումներ` թալիշների, լեզգիների ու ավարների ղեկավարությամբ: «Սրանցից հատկապես առաջինը, դանդաղ քայլերով, բայց առաջ է գնում: Իրականում այս շարժումները քաղաքական աջակցություն չունեն աշխարհի կողմից: Արևմուտքն աջակցություն է ցուցաբերում միայն մարդու իրավունքների պաշտպանի դիրքերից, իսկ, օրինակ, Իրանը շահագրգռված է միայն թալիշների ազգային ինքնության պահպանմամբ, և այդ շարժումը ևս մեկ կռվան է վերջինիս համար` Ադրբեջանի դեմ»,- ասում է քաղաքագետը:

 

Թալիշներին պատմության ընթացում հաջողվել է երկու անգամ ձեռք բերել կարճատև պետականություն` ձևավորելով Թալիշ-Մուղանյան հանրապետությունը: Առաջինը 1919-20 թթ. կործանվեց թուրք-ազերիական բանակների համագործակցությամբ` սպանդի ենթարկելով թալիշ ժողովրդին:

 

«Կոմունիստական բռնատիրության տարիներին ԽՍՀՄ տարածքում մյուս ազգային շարժումների հետ, այս մեկը նույնպես, ճնշված էր, և դրա փլուզումից հետո ներկայիս ԱՀ-ի ներկայիս տարածքում անկախանալու 3 փորձ ձեռնարկվեց` երկուսը`թալիշներինը և լեզգիներինը, պսակվեց անհաջողությամբ, իսկ երրորդը`Արցախյան շարժումը, հաջողված փորձ էր»,- ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը և հավելում, որ դրա կարևորագույն պատճառը ՀՀ-ի գոյությունն ու աջակցությունն էր:

 

Հ.Գ. Արցախյան հիմնահարցի լուծման` Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» դրույթը, որը, վերջինիս իշխանությունների խորին համոզմամբ, պետք է կարևորվի խնդրի լուծման գործում, եթե ոչ անհեթեթ, ապա առնվազն խիստ կասկածելի հիմնավորումներ ունի:

 

Նանե ՄԱՆԱՍՅԱՆ