կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-16 16:32
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի գիշերվա մեջ ի՞նչ արեցին, ինչո՞ւ Հադրութն ընկավ թշնամու ձեռքը․ Հադրութի բնակիչ

Հադրութը վերադարձնելու հարցով հադրութցի կանայք այսօր Բաղրամյան 26-ում էին։

«Երբ պատերազմը սկսվեց, ես չլքեցի Հադրութը՝ մինչև հոկտեմբերի 22-ը»,- այսօր ՀՀ նախագահական նստավայրի առջև Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղի բնակիչ Երմոնյա Ղազարյանը։

«Այդ օրն իմացա, որ թոռս վիրավորվել է ու հիվանդանոցում է, պատրաստվեցի գնալ տեսակցության։ Երբ դուրս եկա, ի՞նչ տեսա, գյուղը հավաքված, մեքենաներով դուրս են գնում։ Մյուս թոռս ասաց՝ տատի՛կ, շո՛ւտ արեք, հեռանանք գյուղից»,- սարսափն աչքերում, մտաբերելով տեսարանը, պատմեց տիկին Երմոնյան ու ափսոսանքով փաստեց․ «Իմ ու հորական լի տները թողած՝ հիմա անտուն ենք մնացել»։

Իր տեսածը պատկերավոր նկարագրելու համար շեշտեց. «Եթե դուք կինոներով եք տեսել պատերազմը, այժմ այն աչքներիս առաջ է կատարվում։ 5 անգամ պատերազմ եմ տեսել։ Առաջին անգամ 1941 թվականին՝ մորս գրկում եմ եղել, իսկ մյուս 4-ն էլ աչքովս եմ տեսել»։

Ըստ տիկին Երմոնիայի՝ թեև Հադրութում տներն ամբողջությամբ ավերված են ու ռմբակոծության հետւանքով այրված, բայց համաձայն են այդ տարբերակով վերադարձին: «Հայը քարը քարին դնող, տուն ու տեղ շենացնող է, նորը կկառուցենք, միայն թե մեր տուն վերադառնանք։ Բայց մի գիշերվա մեջ ի՞նչ արեցին։ Հադրութն էլ հո ազատագրված տարածք չէ՞ր, ինչո՞ւ Հադրութն ընկավ թշնամու ձեռքը»,- իրողության հետ չհաշտվելով՝ ասաց նա ու պնդեց, որ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանություններն էլ  մեղավոր են ստեղծված իրավիճակի համար։

Մանրամասները՝ տեսանյութում: