կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-10 13:17
Իրավական

Ծեծված դիզայները մեղադրյալի կարգավիճակ է ստացել

Ծեծված դիզայները մեղադրյալի կարգավիճակ է ստացել

Հայաստանի դիզայներների միության պատասխանատու քարտուղար, դիզայներ Ռուբեն Թոփալյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցված քրեական գործում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում:

 

Ռուբեն Թոփալյանը ծեծի էր ենթարկվել մայիսի 3-ին «Մալիբու» սրճարան մոտ` գործարար Կարեն Շահմուրադյանի կողմից, ինչի հետևանքով ստացել էր քթի կոտրվածք, ուղեղի ցնցում, այլ վնասվածքներ և քթի վիրահատության էր ենթարկվել:

 

Թոփալյանի պնդմամբ` ծեծկռտուքի պատճառը եղել է այն, որ Կարեն Շահմուրադյանը շինարարություն անելիս օգտվել է իր դիզայներական ծառայություններից, իրենք պայմանագիր են կնքել, սակայն, երբ եկել է վճարելու ժամանակը, Շահմուրադյանն արհեստականորեն ուշացրել է վճարումները:

 

Իր հերթին, Կարեն Շահմուրադյանը լրատվամիջոցներին ասել է, որ Թոփալյանը պատշաճ կերպով չի կատարել իր աշխատանքային պարտականությունները և, տեսնելով, որ ինքն այդ խնդրով դիմում է դատարան, սադրանք է կազմակերպել իր դեմ` սկսելով ծեծկռտուքը:

 

Դիզայները դեպքի առթիվ դիմել էր իրավապահ մարմիններին: Հարուցված քրեական գործի շրջանակներում Թոփալյանին դատաբժշկի ուղեգիր տրամադրել են միայն դեպքից 5 օր անց և պարզել, որ նա ստացել է թեթև մարմնական վնասվածք: Իսկ ահա դեպքից 4 ամիս անց` սեպտեմբերի 3-ին, քննիչ Նիկոլայ Բաղդասարյանի կողմից որոշում է կայացվել` մեղադրանք առաջադրել Ռուբեն Թոփալյանին: Այսինքն` գործն ամբողջությամբ շրջվել է դիզայների դեմ:

 

«Փաստորեն, ստեղծվել է մի իրավճակ, երբ մեր երկրում կարող են անձին գումար պարտք լինել, սակայն նրան դատի տալ, հետո` ծեծել, իսկ վերջում հենց նրան մեղադրել ծեծի մեջ: Թոփալյանի գործը վկայում է, որ մեր երկրում մարդը պաշտպանվում է ոչ թե օրենքով, այլ` ֆինանսներով»,- «Մեդիա կենտրոն»-ում հայտարարեց Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և հավելեց, որ իրենք այսօրվանից սկսելու են Ռուբեն Թոփալյանի հասարակական պաշտպանությունը:

 

Իր նկատմամբ առաջադրված մեղադրանքից հետո դիզայները քննչական մարմնին բացարկ է հայտնել, ինչից հետո, սակայն, իր պնդմամբ` գործարարի կողմից կրկին սպառնալիքներ է ստացել: «Շահմուրադյանն ինձ զանգահարեց և պահանջեց հետ վերցնել բացարկի դիմումը, հակառակ դեպքում` սպառնաց, որ ես նրան դուշման կդառնամ»,- ասաց Թոփալյանը:

 

Ի դեպ, դիզայների պաշտպան Ավագ Լալայանը դիմել է Քննչական վարչություն` խնդրելով պաշտպանել Թոփալյանին, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացել: