կարևոր
1105 դիտում, 16 ժամ առաջ - 2025-05-07 09:27
Հասարակություն

Լրագրողների աշխատանքը խոչընդոտեցին, սակայն որեւէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի. «Ժողովուրդ»

Լրագրողների աշխատանքը խոչընդոտեցին, սակայն որեւէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից բռնությամբ դուրս հանելու (12.06.2024թ.-ին) գործով մինչ օրս որեւէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի։

ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ քրեական վարույթը նախաքննության փուլում է, կարգավիճակով որեւէ անձ չկա գործում:

Նշենք, որ լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից բռնությամբ դուրս հանելու գործով արդեն 5 լրագրող տուժող են ճանաչվել: Այս վարույթի հիմքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումն է:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, երբ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անթույլատրելի տեսակի նռնակներ էին պայթեցնում ոստիկանները, ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ լրագրողներին բռնությամբ դուրս հանեցին լրագրողական օթյակից, որպեսզի նրանք ԱԺ նիստը չլուսաբանեն: Այս առիթով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ սկսել են Արաբկիրի բաժին հրավիրել օթյակում գտնված լրագրողներին՝ նրանց տուժող ճանաչելով: Տուժած լրագրողների թիվն այս պահին 5-ն է:

Փետրվարի 24-ին կոմիտե են հրավիրվել «24 նյուզ»-ի լրագրող Հերմինե Միքայելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, «5-րդ ալիք»-ի լրագրող Կարինե Մանգասարյանը, News.am-ի լրագրող Ռուզան Խաչատրյանը, որոնք ճանաչվել են տուժող եւ հարցաքննվել են:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը կոնկրետ անուններ է տվել, թե ում ներկայությամբ են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտել, եւ ով է կանգնած վերահսկել իրավիճակը:

Այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք հայտնում, սակայն հետեւում ենք Կոմիտեի քննության ընթացքին՝ սպասելով պատասխանատու պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու գործընթացին:

Բայց 2 ամիս է քննություն է իրականացվում, կոնկրետ անուններ են տրված, սակայն մինչ օրս Կոմիտեում դեռ կոնկրետ քայլերի չեն դիմում»։