կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-06 15:21
Իրավական

Արդարադատության նախարարը` Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մասին

Արդարադատության նախարարը` Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մասին

Սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

 

Թե ի՞նչ կտա այս հանձնաժողովը Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհին հայտնված Հայաստանինր և արդյո՞ք դրա ստեղծման անհրաժեշտությունը հրատապ էր, yerkir.am-ի լրագրողը հետաքրքրվեց այդ հանձնաժողովի անդամ, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից:

 

«Այո', անհրաժեշտություն կար: Այն կարևոր նշանակություն կարող է ունենալ իրավունքի գերակայության ապահովման, իշխանությունների միջև առավել արդյունավետ զսպումների և հակակշիռների ամրագրման, կառավարման արդյունավետության բարձրացման գործում: Սակայն հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ իմ կարծիքը` թե ինչ պետք է փոխվի,  շատ քիչ կարող է ձեզ հետաքրքրել»,- ասաց նա և հավելեց, որ մեր երկրում սահմանադրական փոփոխությունների մասին բարձրաձայնվել է բոլոր ժամանակներում:

 

«Ես այնպիսի մի ամիս չեմ հիշում, երբ սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին չի խոսվել»,- նշեց նա:

 

Հարցին, թե հատկապես ի՞նչ դրույթներ են նախատեսվում փոխել, նախարարը պատասխանեց. «Եթե ես իմանայի, թե որ դրույթներում են փոփոխություններ կատարվելու, նախագահը հանձնաժողով չէր ստեղծի , այլ կհանձնարարեր արդարադատության նախարարությանը: Թովմասյանը նաև նշեց, որ հանձնաժողովի բոլոր անդամներին երկար ժամանակ է, ինչ ճանաչում է, և այն, որ հանձնաժողովը մասնագիտական է` ամեն ինչ ասում է: