կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-26 14:13
Քաղաքական

Սահմանադրական բարեփոխումները ժամանակին են. սահամանդրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ

Սահմանադրական բարեփոխումները ժամանակին են. սահամանդրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը միակարծիք է այն հարցում, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը կա, որ Սահմանսդրության մեջ կան որոշ` էական, առանցքային նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը խոչընդոտող  հանգամանքներ, կետեր ու դրույթներ. Լրագրողներին այսօր ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ՍԴ խորհրդական, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը:

 

Հիշելով հնչող կարծիքները, թե ընդամենը 9 տարի է անցել վերջին փոփոխություններից, ինչո՞ւ է նման անհրաժեշտություն առաջանում, բանախոսն ասաց, որ միջազգային պրակտիկայում սա այն ժամանակն է, որ հասարակությունը պարտադրված է լինում փոփոխություններ ու բարելավումներ անել, եւ ամենակայուն Սահմանադրություն ունեցող երկրներն անգամ հենց այս ժամկետներում են փոփոխություններ կատարում: Բացի այդ, նշեց նա,  ժամկետները ոչինչ չեն ասում, եւ իրենք չենք պատրաստվում յուրաքանչյուր այսպիսի ժամկետում անդրադառնալ Սահմանադրությանը: Արագության կամ հապճեպության խնդիր, Դանիելյանի խորին համոզմամբ, չկա, բայց կուտակված խնդիրներ կան: Որպես այդպիսի խնդիրներ, որոնք խոչընդոտում են թե' իրավական, թե' քաղաքական մշակույթի հետագա զարգացմանը, Գեւորգ Դանիելյանը նշեց մի քանի մասնավոր օրինակներ:

 

«Սահմանադրության 18-րդ հոդվածում խոսվում է այն մասին, որ յուրաքանչյուր ոք կարող է իր իրավունքները պաշտպանել դատարանների ու պետական մարմինների առջեւ: Բայց այստեղ, տեսե'ք, բաց է թողնված տեղական ինքնակառավարման մարմինները: Բոլորին քաջ հայտնի է, որ հարկ եղած դեպքում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են իրենց իրավունքները պաշտպանել նաեւ ՏԻՄ-երի առջեւ, դա բխում է Սահմանադրության էությունից, բայց Սահմանադրությամբ ամրագրված չէ: Մենք չենք ասում, թե այս դրույթը խոչընդոտում է, բայց կարծում ենք, որ այն ինչ-որ տեղ առաջացնում է իրավակիրառ խնդիրներ»,- նշեց  Գեւորգ Դանիելյանը:

 

Մեկ այլ օրինակով էլ բանախոսը նշեց Սահմանադրության մեկ այլ հոդված, որով ամրագրված է, որ քաղաքացիների իրավունքների իրականացման կարգը կարող է սահմանվել բացառապես օրենքներով: Այնուհետեւ Դանիելյանը հավատացրեց, թե որեւէ այլ երկրում նման կարգավորում չկա: Եթե խոսքը վերաբերեր միայն պատասխանատվությանը կամ իրավունքների սահմանափակմանը, ապա իսկապես կարելի էր մի շարք երկրների օրինակներ բերել, որոնք այս կարգի իրավակարգավորումները վերապահում են միայն օրենքներին:

 

«Բայց իրավունքների իրականացման կարգը վերապահել օրենքներին եւ սահմանափակել կառավարության օպերատիվ, կարգադրիչ' շատ տրամաբանական գործունեությունը, իսկապես սահմանադրա-իրավական կարգավորումներին հարիր չէ»,- նշեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամը եւ հավելեց, որ առօրյայում շատ հաճախ կարիք է առաջանում արագ որեւէ իրավունքի իրականացման կարգ կարգավորել, եւ ստիպված ենք լինում դրա վրա մեծ ժամանակ ու ներուժ կորցնել, քանի որ դրանք, ցավոք, կարող են իրականացվել միայն օրենքով:

 

Տպավորություն կարող է ստեղծվել, թե խոսքը Սահմանադրության մեջ առկա վրիպակները վերացնելու մասին է, բայց Գեւորգ Դանիելյանը նշեց, որ ամենեւին էլ այդպես չէ, թեեւ, իհարկե, նման վրիպակները եւս պետք է հարթվեն, բայց խնդիրը ոչ թե վրիպակների, այլ առավել խորքային հարցերի մասին է: Որովհետեւ, պարզաբանեց բանախոսը, այսօրվա իրավակարգավորումները թույլ չեն տալիս իրապես կարգավորել նաեւ սահմանադրական վերահսկողությունը: Ասում ենք, որ հանրապետության նախագահը պարտավոր է հետեւել Սահմանադրության պահպանմանը, նշեց Դանիելյանը, բայց որեւէ կարգ այս առումով գոյություն չունի, Սահմանադրությունը չի պատասխանում այն հարցին, թե ինչպիսի՞ն է պատասխանատվությունն այս գործառույթն իրականացնելու համար եւ, որ ամենակարեւորն է, ի՞նչ կառուցակարգերով ու ընթացակարգերով պետք է իրականացվի:

 

«Պե՞տք է իրականացվի մշտադիտարկում, թե՞ ոչ, ի՞նչ եղանակով, սա սահմանադրա-իրավական խնդի՞ր է, թե՞ ոչ: Եվ երբ նայում ենք վիճակագրությանը, տեսնում ենք, որ, ցավոք, այս խնդիրը կա, որովհետեւ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում հակասահմանադրական ճանաչված օրենքների առանձին դրույթները մի քանի անգամ ավելի շատ են, քան հարեւան երկրներում' միասին վերցրած»,- շեշտեց Դանիելյանը: