Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, ըստ Yerkir.am-ի, հայտարարություն է տարածել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ:
Ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նախարարության տարածած հայտարարությունը:
«ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի N 1986-Ա որոշմամբ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) ստեղծման գործընթացը:
Ըստ վերոնշյալ որոշման՝ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում, Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությանը համապատասխան, մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են նաև վեց իրավաբան գիտնական և հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ: Վերջիններիս ներկայացվող պահանջները նախատեսված են նշված որոշմամբ:
Ղեկավարվելով վերոնշյալով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտնում է, որ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար թեկնածության հայտեր կարող են ներկայացվել հետևյալ կարգով՝
- Հայտերը ներկայացվում են Նախարարություն՝ սույն հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած՝ 10 օրացուցային օրվա ընթացքում:
- Վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի N 1986-Ա որոշմանը համապատասխան՝ հայտ կարող են ներկայացնել՝
1) Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներից և խնդիրներից են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական համակարգի ամրապնդմանը, օրենսդրության կատարելագործմանը, դատաիրավական համակարգի զարգացմանն աջակցելը, և հայտ ներկայացնելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում անընդմեջ նշված ոլորտներից որևէ մեկում գործունեություն են ծավալել.
2) իրավաբանական գիտությունների դոկտորի կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և իրավունքի ոլորտում առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող անձինք։
- Հայտին կից ներկայացվում են այն փաստաթղթերը, որոնք հավաստում են սույն հայտարարության 2-րդ կետով նշված պահանջներին (չափանիշներին) հայտ ներկայացնողի համապատասխանությունը, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող բնագավառներում իրականացված կամ մասնակցած ծրագրերի կամ հրապարակված աշխատանքների կամ կատարված հետազոտությունների առկայությունը:
- Հայտ ներկայացնող հասարակական կազմակերպությունը հայտում նշում է այն լիազոր ներկայացուցչին, ով պետք է ներկայացնի կազմակերպությունը հանձնաժողովում, և ներկայացնում է իր ներկայացուցչի վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն) և կենսագրությունը (curriculum vitae):
- Հայտ ներկայացնող իրավաբան-գիտնականը հայտում ներկայացնում է իր վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն) և կենսագրությունը (curriculum vitae):
- Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:
- Փաստաթղթերն ընդունելու նպատակով Նախարարությունը վարում է համապատասխան գրանցամատյան, որում նշվում են հայտ ներկայացնողի վերաբերյալ հայտով ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերի քանակը:
- Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստ՝ մինչև հայտարարությունում նշված ժամկետի ավարտը:
- Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հայտ ներկայացնողը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:
- Թեկնածուների ներգրավումն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում ստուգվում է փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը: Հայտատուների կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը որոշում է Նախարարությունը: Փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունն ստուգելուց հետո կազմվում է համապատասխան արձանագրություն:
- Փաստաթղթերը և դրանց կազմը թերի լինելու դեպքում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր) և նրան տրամադրվում է մինչև երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:
- Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում ներկայացված հայտին ընթացք չի տրվում:
- Երկրորդ փուլում գնահատվում է հայտ ներկայացնողի գործունեությունը՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող բնագավառներում իրականացված կամ մասնակցած ծրագրերի կամ հրապարակված աշխատանքների կամ կատարված հետազոտությունների վերաբերյալ տեղեկությունները: Երկրորդ փուլում նախապատվությունը տրվում է սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող բնագավառներում առավել մեծ փորձառություն ունեցող կազմակերպություններին և անձանց (հաշվի են առնվելու իրականացված կամ մասնակցած ծրագրերի, հրապարակված աշխատանքների, կատարված հետազոտությունների բնույթը, քանակը, ճանաչվածության աստիճանը, գրանցած արդյունքները):
- Նախարարությունը թեկնածուների ընտրությունը կատարում է հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 4 օրացուցային օրվա ընթացքում և ապահովում է մրցույթի արդյունքների մասին տեղեկատվության տեղադրումը Նախարարության պաշտոնականwww.moj.am կայքում»: