կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-03 13:28
Առանց Կատեգորիա

Ծանր է ՀՅԴ-ի գլխարկը

Ծանր է ՀՅԴ-ի գլխարկը

Ջոն Էվանս՝ Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին դեսպան: Հիշեք այս անունը: Մարդ, ով Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում թե' Ծիծեռնակաբերդ էր այցելում, թե' առանց այլևայլության արտասանում էր ՙ«Ցեղասպանություն» բառը և թե' ուներ 1915-1924 թվականների իրադարձությունների վերաբերյալ սեփական տեսակետն ու համոզմունքները: Ջոն Էվանս: Օբամայի կառավարությունը նրան հետ կանչեց Հայաստանից: Դա պատճառ չդարձավ, սակայն, որ փոխվեն Էվանսի պատկերացումներն ու վերաբերմունքն առ հայ ժողովուրդն ու նրա պատմությունը: Ջոն Էվանսը անշեղորեն կատարում էր իր երկրի ղեկավարության հանձնարարականները, պաշտպանում իր երկրի շահերը մեր տարածաշրջանում, սակայն նա կարողանում էր դա անել՝ ունենալով սեփական պատկերացումները թե' իր երկրի ղեկավարության, թե' տարածաշրջանի մասին՝ չթաքցնելով դրանք շինծու արտահայտությունների տակ՝ 1915 թվականի տխուր իրադարձություններ, անցանկալի դեպքեր և այլն:

 

Ջոն Էվանս, Մարի Յովանովիչ, Ջոն Հեֆերն՝ ԱՄՆ վերջին դեսպանները Հայաստանում: Միմյանցից շատ տարբեր երեք դիվանագետ, երեք անհատականություն, երեք մարդկային նկարագիր, երեքն էլ` կոչված՝ իրականացնելու իրենց երկրի արտաքին քաղաքականությունը, առաջ տանելու իրենց երկրի շահերը մեր բարդ ու անկանխատեսելի տարածաշրջանում: Արդյոք երեքն էլ կիսո՞ւմ էին նախագահներ Բուշի և Օբամայի տեսակետները, երեքն էլ հավասարապես նույն պատկերացումնե՞րն ունեին հայ ժողովրդի և նրա պատմական անցյալի մասին, երեքն էլ իրենց երկրի իշխող վարչակազմերի հրահանգների լուռ կատարողնե՞րն էին: Դժվար թե: Դեսպանը նաև նրա համար է դեսպան, որ, լինելով այս կամ այն իրադարձության կենտրոնում, այս կամ այն երկրում, կարողանա իր գնահատականներով ու դիտարկումներով քաղաքական լուծումներ առաջարկել սեփական կառավարությանը: Այլապես ոչ մեկի համար դժվար չի լինի դեսպան աշխատել: Նույնիսկ արտգործնախարար աշխատելը դժվար չէ, եթե արտգործնախարարին էլ համարենք երկրի ղեկավարի հրահանգների պարզ կատարող:

 

Երկար նախաբան ստացվեց: Առանձին դաշնակցականների՝ դեսպաններ և հյուպատոսներ նշանակելու մասին վերջին խոսակցությունները, որոնք ավելի շատ արդյունք են Հայաստանում իշխող քաղաքական մտածողության կաղապարվածության, ստիպում են հերթական անգամ անդրադառնալ թեմային: Մեր երկրում ամեն ինչ այնքան է հհկաօեկացված, որ ցանկացած պաշտոնում որևէ ընդդիմադիր (նաև այլընտրանքային) գործչի տեսնելը նոնսենս է համարվում: Ըհը՛ըը, մտան կոալիցիա՝ սա է առաջին բացականչությունը որ դուրս է թռչում զանազան ազատ, անկախ և ոչ միացյալ լրատվամիջոցների էջերից ու առանձին վերլուծաբանների շուրթերից: Մեղադրելու չի նրանց: Ինչպես ասում են՝ կյանքն է ստիպել այդպես մտածել և դատել:

 

Օրերս կայքերից մեկը, որ Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի անխախտ միասնության և բարեկամության ջատագով է, գրել էր, որ նշվածներն այն մարդիկ են, ովքեր տիրապետում են քաղաքական, հասարակական և ֆինանսական այնպիսի պոտենցիալի, որ ցանկության դեպքում կկարողանան հանգիստ իշխանափոխություն իրականացնել երկրում: Առաջին հայացքից, այո, բավականին պատկառելի եռյակ է, բայց թե ինչո՞ւ 2013-ի նախագահական ընտրություններում նրանք չցանկացան իշխանափոխություն իրականացնել, ոչ մի կերպ չենք հասկանում: Տո լի չուզեցին, տո լի այդպիսի պայմանավորվածություն չկար, տո լի Սերժն իրենց մարդն էր… Մի խոսքով՝ չհասկացանք: Հարցը, սակայն, բոլորովին այլ երանգ է ստանում, երբ դրան մոտենում ես Հայաստանի շահի տեսակետից: Առնվազն Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին չես մեղադրի Հայաստանի շահը չգիտակցելու մեջ: Գագիկ Ծառուկյանն էլ, անշուշտ, գիտակցում է այդ շահը՝ պլյուս նաև իր բիզնես շահերը: Մի՞թե կարելի է իսպառ բացառել, որ հենց Հայաստանի շահով էին պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի չվերադառնալը, Լևոն Տեր-Պետրոսյանի՝ չառաջադրվելը, Գագիկ Ծառուկյանի՝ այս գործին չխառնվելը: Ես անձամբ չեմ բացառում:

 

Մյուս կողմից էլ՝ Սերժ Սարգսյանն ու իր կառավարությունը պահելու բան չեն: Որ կողմը նայում ես՝ ձախողում է` արտաքին քաղաքականությունից մինչև կրթություն և տրանսպորտ: Որ ոլորտը վերցնում ես՝ ՀՀԿ-ականներն ու ՕԵԿ-ականներն են ղեկավարում: Ղեկավարել ասելն էլ շատ կլինի, որովհետև ղեկավարում են այնքանով՝ որքանով: Մեղադրելու էլ չի, քանզի դա է Գալուստ Սահակյանի ասած ռեսուրսը՝ ունեն այն, ինչ ունեն: 2007-ից այս կողմ տեղի ունեցած խայտառակ ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն իր այդ ռեսուրսով տիրել է ողջ քաղաքական դաշտին, կարելի է ասել` տիրել է պետությանը, մինչդեռ պետությունը, երկիրը շատ ավելի մեծ ռեսուրսներ ունի, որոնց չօգտագործելը մեր վիճակում մեծ շռայլություն է: Մի պարզ օրինակ բերենք: ՀՀ իշխանությունն այսօր չի կարողանում պայքարել որևէ օլիգարխի դեմ: Հայաստանում այսօր չկա մարդ, ով կարողանա Սամվել Ալեքսանյանին ստիպել չայլանդակել պատմաճարտարապետական հուշարձանը: Սամվել Ալեքսանյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և քաղաքապետ Տարոն Մարգարյանին «բիրիքով առած ունի»: Իսկ Սամվել Ալեքսանյանը միակը չէ մեր երկրում, որ նման հնարավորություններ ունի: Ինչի՞ց է սա: Սա նրանից է, որ իշխանությունները, հանուն վերարտադրության, սեփական ռեսուրսի են վերածել նաև Սամվել Ալեքսանյանին ու մյուս փողատերերին: Մի՞թե վերջիններիս հանդեպ այդքան հանդուրժող ու զիջող կլիներ մեկ այլ` արդար ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանություն:

 

Բայց գանք մեր արտաքին քաղաքականության բնագավառին և ՀՅԴ ներկայացուցիչներին այդ բնագավառում ներգրավելու շուրջ խոսակցություններին: Դարձյալ պիտի նշենք՝ առկա է երկրի քաղաքական և մասնագիտական ռեսուրսը ճիշտ և տեղին օգտագործելու խնդիրը, բոլոր քաղաքական ուժերի կողմից երկրի ճակատագրի հարցում հավասար պատասխանատվություն ստանձնելու հրամայականը: Այլևս ո'չ ձևական կոալիցիա խաղալու, ո'չ էլ «աբիժնիկ» երևալու ժամանակը չէ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Սփյուռքում՝ աշխարհի բազմաթիվ երկրներում, ամենահզոր կառույցներն ունի Դաշնակցությունը, և հենց Դաշնակցությունն է հայության և Հայաստանի դեսպանն այն երկրներում, որոնցում նույնիսկ դեսպանատներ չունենք: Ի՞նչ անենք, մեղադրե՞նք Դաշնակցությանը, որ, լինելով ընդդիմություն, այդ երկրներում Հայաստանի շահն է սպասարկում: ՀՅԴ-ն տակավին կոալիցիայում էր, երբ նոր էր ստեղծվում Սփյուռքի նախարարությունը: Որպեսզի սփյուռքյան տարատեսակ հայկական կառույցների միջև խանդ ու նորանոր հակասություններ չծագեն, ՀՅԴ-ն հրաժարվեց Սփյուռքի նախարարի պորտֆելից, որպեսզի այդ նախարարության գործունեությունը չդիտվի Դաշնակցության մենաշնորհ և Սփյուռքում մյուսների վրա իր գերակայությունը հաստատելու լրացուցիչ լծակ: Սա շատ կարևոր փաստ է` հասկանալու համար, որ ՀՅԴ-ի շուրջ բամբասանքներ տարածողները, «համոզվածները», թե դաշնակցականներին արտաքին քաղաքականության մեջ որոշակի պաշտոններ տալը նշանակում է Դաշնակցության և գործող իշխանության միավորում, մեղմ ասած, չարաչար սխալվում են: Դա միագիծ մտածողություն է, ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունների սխալ պատկերացում: Ի՞նչ պետք է ասեին այդ նույն մարդիկ, երբ վերահսկողական մարմինների ղեկավարումը տրվեր ընդդիմությանը, երբ պետեկամուտների կոմիտեն, օրինակ, «Ժառանգության» ներկայացուցիչը ղեկավարեր: Դժվար չէ, կարծում ենք, հասկանալը, որ դիցուք՝ Վահան Հովհաննիսյանի՝ Գերմանիայում դեսպան նշանակվելը չի կարող բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Մարդն իր գիտակցական կյանքի մեծ մասը քաղաքականության մեջ է, կրթության, լեզուների իմացության հետ կապված խնդիրներ չունի, ոչ մի պարագայում բիզնեսներ չի սկսի այդ երկրում և, վերջապես, կնպաստի Եվրոպայում ցիրուցան ապրող հայության կազմակերպմանը: Բայց, «պրինցիպի», եթե շատ եք ուզում, եկեք Թոխմախի Մհերին ուղարկենք Գերմանիայի դեսպան: Ի վերջո, դա էլ ռեսուրս է: Կգնա, այնտեղ սրա-նրա ծնոտը կպոկի, կգա: Համ էլ Դաշնակցությունը կազատվի այս գլխացավից, որ իր ծանր գլխարկի հետևանք է նաև:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ