Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջերս սոցցանցերում, այս կամ այն կայքում հաճախ ենք հանդիպում մեղադրանքների` ուղղված բժիշկների, թեև բժշկի մեղավորությունը դեռ ապացուցված չէ: Օրերս էլ մի բժշկի հանդեպ, ով մի փոքր անհարգալից էր խոսել տղամարդու հետ, համացանցում արդեն ինքնադատաստան էին տեսնում: Թե ո՞ր դեպքում է բժիշկը սխալ, ո՞ր դեպքում` ճիշտ /ճիշտն ու սխալը, բնականաբար, ինչ-որ տեղ նաև հարաբերական են/, yerkir.am-ի հետ զրույցում տեսակետ է ներկայացրել ԵՊԲՀ-ի հասարակագիտական ամբիոնի դոցենտ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի հայկական մասնաճյուղի վարիչ Սուսաննա Դավթյանը:
Բժիշկը կոչում է, որ ի ծնե պետք է լինի
Բժիշկ դառնալու համար ուսանողը երկարատև ճանապարհ է անցնում, նրանք ամենաերկար ու տևական կրթությունն են ստանում: Ասեմ, թե որն է սխալը` սկզբից. բոլոր մեծերն ասում էին, որ բժիշկ պետք է դառնա ոչ միայն ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն իմացողը, այլ պետք է նաև քննել մարդուն, թե ինչո՞ւ է ընտրել բժշկի մասնագիտությունը, դիպլոմը որպես օժի՞տ պետք է լինի, թե՞ դա նրա կյանքի կոչումն է, խաչն ու նվիրումը, կամ էլ միգուցե ծնողներն ասել են, որ դա փող աշխատելու լավ տարբերակ է: Բժշկի մասնագիտությունն ընտրած մարդը երբեք չպետք է մտածի, որ պետք է հարստանա այդ ճանապարհով, որովհետև բժիշկը կոչում է, որ ի ծնե պետք է լինի: Մեզ մոտ տեսել եք, չէ՞, ինչպես է. բժշկական կրթության տալուց առաջ ծնողները երեխաներին հանում են բոլոր դասերից և կենտրոնացնում այդ երեք առարկաների վրա` է, հետո՞, բա վարվեցողությո՞ւնը, հումանիտար կրթությո՞ւնը, խի՞ղճը… Նախկինում բժշկականում 72 ժամ միայն սովորում էինք էթիկա, քանի որ ուզում էինք ունենալ ոչ միայն մասնագիտական խոր գիտելիքներ ունեցող շրջանավարտներ, այլև բազմակողմանիորեն զարգացած մարդ, ով գիտի, որ բժշկի առաջին զենքը լեզուն է: Իզուր չէ, որ Չեխովն ասում է` ինչ պրիմիտիվ արարածներ են այստեղի բժիշկները, նրանք ուզում են իմ սիրտը բուժել դեղորայքով, էլ չգիտեն, որ սիրտը բուժվում է սրտով:
Բժշկի սխալը երբեմն հողն է ծածկում
Բժիշկը, եթե ինչ-որ հրաշք է գործում, և հիվանդն ապաքինվում է, քիչ է լինում, որ դա վերագրեն բժշկի շնորհքին, ասում են` դե, իր գործն է, արեց, էլի: Այդպես չպետք է լինի: Բժշկի սխալը, մյուս կողմից, ծանր դեպք է, բժշկի սխալը երբեմն հողն է ծածկում: Բայց մենք աջ ու ձախ սխալներ ենք տեսնում, բայց բժշկի սխալը չենք հանդուրժում և չենք ընդունում, որ այս մարդը կարող է ահավոր ցածր աշխատավարձ է ստանում, պայմաններն այն չեն, հոգսերը շատ են, ի վերջո, երբ հիվանդն իրեն համապատասխան ձևով չի պահում, բժիշկն ընկնում է վատ վիճակի մեջ: Ի վերջո, նա էլ է մարդ: Մենք հիմա պետք է կոնֆերանս անենք, և ես պետք է խոսեմ բժշկի իրավունքների և հիվանդի պարտականությունների մասին, որովհետև ամբողջ մասնագիտական գրականության մեջ գրված է` բժշկի պարտականություններն ու հիվանդի իրավունքները: Հիվանդն էլ պետք է պարտականություններ ունենա, և եթե նա պահանջում է, որ հարգալից վերաբերմունքի արժանանա բժշկի կողմից, չէ՞ որ ոսկի օրենք գոյություն ունի` դիմացինի հանդեպ վարվիր այնպես, ինչպես կուզես վարվեն քեզ հետ: Հիմա բոլորը խոսում են իրավունքների մասին, ոչ ոք չի հիշում, որ պարտականություն էլ ունի:
Բժիշկների 4 սխալները
Այնպես չէ, որ բժիշկը միշտ ճիշտ է լինում. վնասի 4 տեսակ կա, որոնք, իմ կարծիքով, բժիշկը կարող է պատճառել հիվանդին: Առաջինն անգործությունն է, երբ հիվանդը եկել է, ու դու պետք է նրան օգնություն ցուցաբերես, բայց, ասենք, սուրճ ես խմում: Վերջերս, օրինակ, նման մի դեպք եղավ, երբ ծննդատուն էին տարել հղիին, իսկ բժիշկն ասել էր` տանը գործեր ունեմ, անեմ, նոր կգամ: Հիմա սա ոչ միայն վատ բժիշկ է, այլև` վատ հայ, քանի որ այսօր, երբ դեմոգրաֆիական աճ չունի մեր ժողովուրդը, բժշկուհին, վազելով գնալու փոխարեն, ասում է` գործերս վերջացնեմ, նոր կգնամ: Սա աններելի սխալ է, հրապարակավ պետք է պատժեին այդ կնոջը: Մյուսը օբյեկտիվորեն հասցված վնասն է, օրինակ` երբ ուտող-խմող մարդուն, որի մոտ շաքարային դիաբետ կա, դիետա ես նշանակում, սահմանափակում ես նրա սննդակարգը, բայց այս դեպքում մեծ հաշվով օգուտ ես տալիս նրան: Մյուսը տգիտությունն է, երբ գիտելիքդ խիստ սահմանափակ է, բայց դու կարծում ես, որ շատ է, ու քեզ նեղություն չես տալիս` ինչ-որ մեկին օգնության կանչելու, երբ չգիտես` ի՞նչ անել, ինչպե՞ս փրկել հիվանդի կյանքը: Լինում են նաև մարդուն միտումնավոր վնաս տալու փորձեր:
Պետք չէ մի «անհաջող» օրինակն ընդհանրացնել
Այսօր մի շարք մարդիկ հեքիմների են դիմում, քանի որ վստահությունը կորցրել են բժիշկների հանդեպ: Մի կողմից` այնպես չէ, որ մարդիկ հիմքեր չունեն, բայց, մյուս կողմից, պետք էլ չէ մի օրինակն ընդհանրացնել: Բայց այն, որ բժիշկը պետք է անի ամեն ինչ` ի շահ հիվանդի, և նրա ապաքինումը իր համար պետք է իր վարձը լինի, քննարկման ենթակա չէ: Բժշկի պահվածքի` էթիկայի բազմաթիվ կանոնագրքեր կան, և իրականում բժիշկը գերմարդկային ջանքեր պետք է գործադրի` բոլորին հետևելու համար: Սակայն բժիշկը կոչված է դրա համար, նա հարկ եղած դեպքում պետք է հոգեբան էլ լինի:
Անհրաժեշտ է քննարկել` ինչո՞ւ է բժիշկն այս կամ այն վարքը դրսևորում, նոր միայն ինչ-որ որոշում կայացնել
Բժիշկը չպետք է կոպիտ խոսի, բայց եթե արդեն փաստը կա, պետք է քննարկենք, ուսումնասիրենք նրա աշխատանքը, վարքագիծը. միգուցե վարքի` պատահական դրսևորում էր, այլ ոչ թե նա իրեն պարբերաբար է նման կերպ պահում: Եթե նա նորմալ աշխատող է եղել, կոչումով բժիշկ, այլ ոչ թե դիպլոմով, ինչո՞ւ չքննարկել ու ներել նրան: Հիպոկրատի գլխարկը ծանր է: Բազմակողմ պետք է քննվի` ինչո՞ւ է բժիշկն այս կամ այն վարքը դրսևորում, նոր միայն ինչ-որ որոշում կայացվի: Եթե բժիշկը եկել և ուզում է օգնություն ցուցաբերել, ուրեմն բարի եղիր, հայրապաշտության դիրքերից ենթարկվել նրա ասածներին, եթե համամիտ չես նրա ասածների հետ, գոնե կարելի է մեղմ ձևով ասել այդ ամենի մասին:
Կարինե Հարությունյան