կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-29 13:40
Առանց Կատեգորիա

Վազգեն Օվյան. առակներ

Վազգեն Օվյան. առակներ

Մեծատառը՝ փոքրատառին.
- Հարկավոր է հարգել մեծություններին։

* * *
Կատուն փքվել էր.
- Ես կարող եմ մի գոմեշ ուտել։ 
Գոմեշը բարձրացրեց գլուխն ու ասաց.
-
Խնդրեմ, արի կեր, տեսնեմ ո՞նց ես ուտում։
-
Կենդանի չէ, մորթած։


* * *
Գամփռը՝ մոպսին. 
-
Դո՞ւ էլ ես շուն։



* * *
Մոծակը տզտզաց փղի ականջին.
-
Ես եմ, քո ցեղակիցը։
-
Իսկ ինչո՞վ ես ինձ ցեղակից։ 
-
Չէ՞ որ ես էլ կնճիթ ունեմ։



Շունը դեռ շուն չէր իսկական, այլ փոքրիկ լակոտ, երբ առաջին անգամ սկսեց հաչել բակի հավերի վրա։ Մի քիչ հասակ առավ ու հարձակվեց կատվի վրա, հետո սկսեց հաչել փողոցով անցուդարձողների վրա։
Իսկ երբ մեծացավ, դարձավ իսկական գամփռ, սկսեց հաչել լուսնի վրա։



* * *
Ձուկը ցամաքն ընկավ, բերանը բաց ու խուփ արեց
-
Խեղդվո՜ւմ եմ, օ՜դ



* * *
Խխունջը գլուխը հանեց պատյանից ու ասաց կրիային
-
Ողջո՜ւյն, ցեղակից:



* * *
«
Դայլայլ» ակումբի տնօրեն ագռավը դուրս եկավ բեմ ու հայտարարեց.
-
Չափարածտի հիվանդության պատճառով համերգը հետաձգվում է:
-
Իսկ նա ի՞նչ է անում երգչախմբում։ 
-
Ծիվ-ծիվ...


***

Երամից ետ մնացած կռունկը հառաչեց.
- Մենակ մնացի։
- Մի՛ վախենա, ես քեզ հետ եմ,- ասաց նրա պոչին կպած ճանճը։



* * *
Բոռերը բանող մեղուներին վտարեցին փեթակից ու հարցրին մայր մեղվին.
-
Մեզ էլ ի՞նչ է մնում անել։
-
Քաղցից սատկել։



* * *
Ճուտիկը ձվից դուրս եկավ, թափ տվեց իրեն ու դարձավ թխսահավին.
-
Անխիղճ, ինչո՞ւ ես ինձ խցկել այս դատարկ անոթի մեջ։ Բա որ խեղդվեմ...



* * *
Աղվեսն ընկավ թակարդը և վիզը երկարեց դեպի հավաբունը.
-
Սիրելիներս, ինչո՞վ կարող եմ ձեզ լավություն անել։
-
Շնորհակալ ենք, այդ մեկն էլ հերիք է,- կչկչացին հավերը:

 

Կատուն փքվել էր.
- Ես կարող եմ մի գոմեշ ուտել։ 
Գոմեշը բարձրացրեց գլուխն ու ասաց.
- Խնդրեմ, արի կեր, տեսնեմ ո՞նց ես ուտում։
- Կենդանի չէ, մորթած։


***

- Հայրիկ, քիչ առաջ քեռի Գևորգն ասում էր, որ իրենց կարասը մուկ է ընկել։
- Մեծ դժբախտություն չէ դա, տղաս։ Մեր Հայոց ողջ աշխարհն են մկներ ու առնետներ ընկել և իրենց «էլիտա» են անվանում..

 

***

Իժը նստեց բարձր ժայռի կատարին, գլուխը ցցեց ու ասաց.
- Այսուհետև ես եմ թռչունների արքան։
- Իսկ դու այդ ինչպե՞ս հասար այստեղ,- զարմացավ արծիվը։
- Սողալով, սիրելիս, սողալով...



* * *
Զրպարտչի մահից երկու օր էր անցել, բայց մարդիկ չէին համարձակվում նրա մարմինը հողին հանձնել։
Ո՞վ գիտե, մեկ էլ տեսար մատերիալ գրեց, թե ինձ կենդանի են թաղել։



* * *
Դոդոշը խոշորացնող հայելու մեջ տեսավ իր պատկերն ու գոչեց.
- Ողջու՜յն քեզ, ո՜վ Նեղոսի հզոր զավակ:

***


Այս առակում ոչ արջի բախտը բերեց, ոչ՝ գայլի, ոչ էլ՝ նապաստակի, որովհետև երեքն էլ ընկել էին մի խոր փոսի մեջ:
Արջը, որ բոլորից ավագն էր, նայեց շուրջն ու փնթփնթաց.
- Մենք այստեղ քաղցից կսատկենք։ Ի՞նչ եք առաջարկում։
- Ով մեր մեջ թույլ է, բռնենք՝ ուտենք,- ասաց գայլը:
Շլդիկն այս որ լսեց, կանգնեց արջի թիկունքում ու գոչեց.
- Ով փորձի արջի քեֆին կպչել, ես նրա հերը կանիծեմ։


***

Թռչունները սկսեցին պարծենալ իրենց պատմական անցյալով։
- Մեր հերոս նախնիներն են փրկել Հռոմը,- ճչացին սագերը։
- Իսկ իմ նախնիներն իրենց անուշ երգով հիացրել են Ալեքսանդր Մակեդոնացուն,- խոսեց սոխակը։
- Իմ նախատատը Նոյ նահապետի բարեկամն է եղել,- ասաց աղավնին։- Այդ նա է հայտնաբերել աշխարհի առաջին մայրցամաքը։
- Այ քեզ մեծաբերան,- կռնչաց ագռավը։- Բայց չէ՞ որ դրանից առաջ իմ պապի պապն է հայտնաբերել այդ մայրցամաքի առաջին... լեշը։


***

ԷՇԸ ԹԱՄԱԴԱ

Փղի հարսանքին էշը կարգվեց թամադա։ Երբ մի քիչ խմեց, բոթեց գայլի կողն ու ասաց.
- Փչեմ՝ երկինք կբարձրանաս։
Տրամադրությունը որ քիչ էլ բարձրացավ, արջի վրա մատը... ներեցեք, ոտքը թափահարեց.
- Ապուշի մեկը, աչքերդ կհանեմ։
Իսկ հետո կորցրեց չափն ու սահմանը և գոռաց վագրի վրա.
- Ավանակի մեկը, ի՞նչ իրավունքով ես նստել կողքիս։
Գայլը, արջն ու վագրը մեծահոգաբար կուլ տվեցին վիրավորանքները և նույնիսկ ծիծաղեցին։ Էշը թամադա էր։


***


Ավանակը թռչնապահական ֆերմայի վարիչ էր։ Կատուն եկավ, թե՝ թղթակից եմ, քսան փամփլիկ ճուտիկ անուշ արեց ու գնաց։
Առնետը եկավ, թե՝ բժիշկ եմ, մի հիսուն հավի կոկորդ ծակեց, արյունը խմեց ու գնաց։
Աղվեսը եկավ, թե՝ ռևիզոր եմ, ֆերման լրիվ մաքրազարդեց ու գնաց։
Գայլը եկավ, թե՝ դատախազ եմ, տեսավ, որ ֆերմայում այլևս հավ չի մնացել, ավանակի հաշիվը մաքրեց ու գնաց։

 

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ