կարևոր
3448 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-28 13:40
Քաղաքական

Թուրքիան շատ է շահագրգռված վերցնել ամենայուղալի պատառը` Սյունիքը․ Վազգեն Մանուկյան

Պուտինն Արցախի հարցի վերաբերյալ մի բան ասաց, որը այս կամ այն ձևով հնչել էր, նորություն չէր: Այս մասին «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում ասաց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով նախօրեին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությանը, թե իրենք Հայաստանին առաջարկել են վերադարձնել 5 շրջան, սակայն Հայաստանի ղեկավարությունը գնացել է իր ճանապարհով:

«Այսինքն մնում է այն հին վիճակը, բոլոր բանակցությունների ժամանակ գնում էր «տարածքներ Արցախի անկախության ճանաչման դիմաց» սկզբունքով: Հիմա իր անդրադառնալը նաև այն էր նշանակում, որ համաձայնագրի ռուսական ծրագրում նշվում է, որ Արցախի հարցն այժմ չի քննարկվում, դրվում է հետ: Դա ցույց է տալիս, որ ՌԴ-ն  չի հրաժարվում հետագայում այդ հարցի քննարկումից, որը ես համարում եմ դրական»,-ասաց նա:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Ռուսաստանն առաջարկի Վաշինգտոնյան փաստաթղթից տարբերվող այլ փաստաթուղթ, Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ ենթադրություններ չի անի․ «Դիրքորոշումները պարզ են. եթե դուք խորոնաք ԱՄՆ-ի շահերի ր Ռուսաստանի շահերի մեջ, այդ շահերը ճանաչելով պետք է, որ Ռուսաստանը չհամաձայնի վաշինգտոնյան տարբերակին»:

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմիզ հակառուսական քարոզչությանը նախկին վարչապետն ասաց․ «Հակառուսական քարոզչության ամենազարմանալի բանը հետևյալն է. իրենք ասում են, որ ՌԴ-ն մեզ համար վստահելի չէ, քանի որ ընկերացել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Եթե դու այդպիսի նախադասություն ես ասում, ուրեմն դու Ադրբեջանին և Թուրքիային թշնամի ես համարում: Ռուսաստանին մեղադրում ես, որ քո թշնամիների հետ լեզու է գտել, ուրեմն վտանգավոր է:  Եվ դրանից հետո անտրամաբանական հետևություն ես անում, որ Ռուսաստանին պետք է այստեղից քշել դուրս: Այդ դեպքում մնում ես այդ թշնամիների դեմ: Իրենք ասում են՝ չէ, այդ դեպքում Արևմուտքը կգա, այդտեղը կզբաղեցնի: Այո, Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցում են, բայց նույն ձև ԱՄՆ-ն և Արևմուտքը փորձում են Թուրքիային պոկել Ռուսաստանից: Այսինքն նրանք էլ շահագրգռված են թուրքական շահեր առաջ տանելու մեջ»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանի խոսքով, Թուրքիան շատ վարպետորեն խաղում է Ռուսաստանի և Արևմուտքի արանքում. «Բայց վերջիվերջո, իր հակասություններն ո՞ւմ հետ են լինելու՝ Ռուսաստանի՞, թե՞ Արևմուտքի հետ: Ռուսաստանի հետ, որովհետև այն ծրագրերը, որ ունի Թուրքիան, կապված են այս տարածքի հետ: Նա ուզում է թուրանական մեծ պետություն կառուցել և իր թշնամին այդտեղ դառնալու է Ռուսաստանը, ուշ, թե շուտ, բախում է լինելու Ռուսաստանի հետ: Այդ դեպքում Թուրքիան դառնում է արևմտյան: Իսկ Արևմուտքին այս տարծաշրջանը կարող է այնքան չհետաքրքրել, որքան Ռուսաստանին: Ստացվում է, որ դու ռուսներին քշում ես, մնում ես թուրքերի տիրապետության տակ: Դա ակնհայտ է: Եթե դու Թուրքիային համարում ես թշնամի, ինչո՞ւ ես այդպես անում:

Նրա խոսքով՝ քաղաքականության մեջ պետք է ուժերի բալանս լինի, շատ լավ կլինի, եթե դու դաշնակցություն ունենաս տարբեր երկրների հետ, որոնց մեջ էլի կա  հակասություն:

Անդրադառնալով Սյունիքով միջանցք տալու հարցին Վազգեն Մանուկյանը նշեց, որ Սյունիքը շատ կարևոր է Թուրքիայի և թուրքախոս ժողովուրդների համար, դա նոր բան չէ, 100 տարի առաջ էլ էր այդպես:

«Ամենայուղալի պատառը, որ ուզում է ունենալ Թուրքիան՝ Սյունիքն է, որոշ դեպքերում կարող է բավարարվել միջանցքով, մտածելով, որ ուշ, թե շուտ, ամբողջ Սյունիքը կվերցնի: Թուրքիայի շահագրգռվածությունն այստեղ շատ մեծ է: Ռուսաստանին էլ ինչ-որ չափով ձեռնտու է իր զորքն ունենալ նաև Սյունիքում: Խոսակցություններն այնպիսին են, որ Ռուսաստանն իր վրա է վերցնում այդ միջանցքի վերահսկողությունը: Սա փոխզիջում է, բայց հիմնականում Թուրքիայի շահն է: Ռուսաստանն այդտեղ խաղում է, իսկ Թուրքիան չի խաղում, նա շատ շահագրգռված է Սյունիքը վերցնել»,-ասաց նա:

Նախկին վարչապետը կարծում է, որ Հայաստանին միջանցք պետք չէ. «Մեզ նույնիսկ այդ ճանապարհը բացել պետք չէ: Ես լինեի, այդ ճանապարհը չէի բացի: Հայաստանը ամբողջությամբ շրջափակված է, ու ամբողջ վեճը գնում է նրա մասին, որ Ադրբեջանը Սյունիքով միանա Նախիջևանին: Չէ, բոլոր ճանապարհները միաժամանակ պետք է բացվեն և պետք է լինեն այն պետությունների սուվերեն իրավունքների տակ, որոնց տարածքով անցնում են»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։