կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-26 12:49
Հասարակություն

Ոստիկանապետին մնում է աղոթել առ Աստված

Ոստիկանապետին մնում է աղոթել առ Աստված
Մի խումբ քաղաքացիներ նախաձեռնել են օգոստոսի 27-ին ոստիկանության «զանգվածային ռեպրեսիայի դեմ» բողոքի ցույց անցկացնել ՀՀ ոստիկանության շենքի դիմաց, այնուհետև կազմակերպել երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:
Ֆեյսբուքում ստեղծված «Երթ ոստիկանության զանգվածային ռեպրեսիայի դեմ» իրադարձության մասին տեղադրված հաղորդագրությունից տեղեկանում են, որ ակտիվիստները պահանջում են ապօրինություններ թույլ տված ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։

Իրադարձության կազմակերպիչները ակտիվիստներ Ռուզաննա Գրիգորյանն ու Վարդինե Գրիգորյանն են և «Հելսինկյան քաղաքացական ասամբլեայի» Վանաձորի ղեկավար Արթուր Սաքունցը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Սույն թ-ի օգոստոսի 24-ին ցերեկը 26 հոգի բերման է ենթարկվել Կոմիտաս 5-ից, 16 հոգի էլ երեկոյան քաղաքապետարանի մոտից։ Այսինքն՝ ընդհանուր հաշվով մի օրվա մեջ առանց իրավական հիմնավորման ոստիկանությունը 40-ից ավել մարդու բերման է ենթարկել ոստիկանական բաժանմունք և երեք ժամ, երբեմն անգամ ավել, նրանց պահել անազատության մեջ։ Բացի դրանից ոստիկանությունը բռնություններ է կիրառել քաղաքացիների նկատմամբ, կան լուրջ մարմնական վնասվածքներով քաղաքացիներ, նրանց թվում՝ Արգիշտի Կիվիրյանը։ Սա հստակ ՌԵՊՐԵՍԻԱ է, որն արվում է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՄԱՆՈՎ։ Ավելին, ոստիկանության անգործության պայմաններում քաղաքապետարանի հարակից տարածքում Միհրան Մարգարյանին և Բաբկեն Տեր-Գրիգորյանին կեսգիշերն անց ծեծի են ենթարկել անհայտ անձինք՝ ասելով «մեր հերերի դե՞մ եք հելել»»։


Հանրությունը կտա ոստիկանների անօրինական գործողությունների և քաղաքական ռեպրեսիայի պատասխանը, որի առիթով օգոստոսի 27-ին, երեքշաբթի օրը,12:30-ին տեղի կունենա ցույց Նալբանդյանի վրա գտնվող ոստիկանության դիմաց, այնուհետև՝ երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն»։