Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նիկոլ Փաշինյանի ձևակերպումներին երբեք մատների արանքով չեմ նայել։ Նա եզակի պաշտոնյաներից է, որն իր ենթագիտակցության շերտերում առկա նպատակադրումների մասին բարձրաձայնում է ու դրանք ամեն գնով իրականություն դարձնելու միջոցներ ձեռնարկում: Պետք է խոստովանել՝ Նիկոլ Փաշինյանի նման ոչ ոք չի կարող հանրահավաք անել: Ավելին, եթե նա լիներ ընդդիմություն, ապա, վստահ եմ, հիմա առնվազն երեք անգամ իշխանափոխություն էր իրականացրել, քանի որ նա պատկերացնում է դա անելու ճանապարհային քարտեզը, ավելին՝ իր ենթագիտակցության դրդմամբ խոսում է այդ մասին: Լսե՛ք նրան, ընդդիմադիր գործիչներ:
Իսկ ի՞նչ է ասում Նիկոլը: Շատ բան չէ, նա ընդամենը ընդդիմության հանրահավաքներն անվանեց «էլիտաների բունտ»։ Հասկանում եք, չէ՞, մարդը ենթագիտակցորեն վախենում է հենց էլիտաներից: Ի դեպ, Նիկոլի ակնարկած էլիտաները ոչ այլ ոք են, քան այն մարդիկ, ովքեր հասկանում են, թե ինչ է կատարվել ու ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ մոտ ապագայում։ Նա գիտակից մարդուց է վախենում, բայց քանի որ ուղիղ չէր կարող շարժումն անվանել «գիտակիցների բունտ», նա ընտրեց «էլիտաների բունտ» ձևակերպումը: «Էլիտաների բունտ» բնորոշումը հնարավոր էր մանիպուլացնել: Այդուհանդերձ, դասական առումով, Նիկոլը ճիշտ է, այո, երկրի էլիտան իր իշխանությանը դեմ է։ Էլիտան հարցը ձևակերպել է շատ կարճ ու կոնկրետ՝ մենք պետականություն ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ։ Այս օրակարգի շուրջ է հանրային դիսկուրսը: Փետրվարի 20-ից մեկնարկած հանրահավաքների ու անհնազանդության ակցիաների նպատակը այս պարզ հարցին պատասխանելն է:
Եթե մնում է Փաշինյանը, ապա չի մնում պետությունը։ Փաշինյանի՝ ամեն օր իշխանության ղեկին մնալը դոմինոյի էֆեկտով աղետ է։ Նա իր սխալները չի հասկանում, նոր ստեր է հորինում նախորդ ստերը «ջրելու» համար, նա չի կարողանում կանգ առնել, որովհետև ձնագնդի էֆեկտով գլորվող աղետն այլևս բավականին մեծ արագություն է հավաքել: Ինչպե՞ս հասնել հաջողության: Նիկոլ Փաշինյանն արդեն ենթագիտակցորեն պատասխանել է այդ հարցին՝ «էլիտաների բունտով»: 2018 թ.-ի «հեղափոխության» սիմվոլներն ու կարգախոսներն այլ էին, քանի որ այն պետականության լինել-չլինելու հարց լուծող հեղափոխություն չէր: Դրա համար 2018 թ.-ի «հեղափոխության» խորհրդանիշներն էին Չալոն, թրաշը, շերեփներով կանայք, ուսապարկը: Նիկոլը գիտի սա: Նա գիտի, որ որևէ երկրում նման հարցերը չի լուծում տանը «դիվան քշողը» կամ հասարակության մարգինալացված զանգվածը։
Երկրի լինել-չլինելու մարտահրավերները միշտ էլ լուծում են կրթված և պետական մտածողությամբ մարդիկ։ Հետևաբար, օրինակ՝ ո՞վ կարող է մի հարկի տակ հավաքել գիտնականներին, մշակութային գործիչներին, լրագրողական համայնքին, մարզաշխարհի ներկայացուցիչներին, անվանի բիզնեսմեններին և զինվորականներին, սփյուռքի անվանի կառույցներին և անհատներին, որոնք պահանջում են Նիկոլի հրաժարականը: Ես դեռ չեմ խոսում ՀՀ նախկին 3 նախագահների, գործող նախագահի, 2 կաթողիկոսների, հասարակության մի մեծ հատվածի մասին: Մի տեսակ պարադոքսալ չէ՞, որ հրաժարական պահանջում են գրեթե բոլորը, բայց պատեհ հարթակում այդ մարդկանցից շատերը չկան: Մեծացրեք էլիտայի շարքերը, ու երբ ուժայինները կտեսնեն, որ իրենց առջև ոչ միայն հասարակ քաղաքացիներն են, այլև իր երկրի անվանի ու վաստակաշատ մարդիկ՝ վերնախավը, ապա պետականության փլուզումը թույլ չտալու շուրջ կոնսենսուսը անպայմանորեն կկայանա:
Նիկոլը դրանից է վախենում: Ի դեպ, գրեթե չկա երկխոսություն ԱԱԾ-ի, ոստիկանության և բանակի հետ: Նման փորձ փետրվարի 20-ի հանրահավաքին արեց Սեյրան Օհանյանը: Չկա երկխոսություն նաև «Իմ քայլի» հետ: Ինչո՞ւ ենք կարծում, որ իշխող խմբակցությունում առանց բացառության բոլորը ռոբոտներ են, որոնց չիպավորել է Նիկոլ Փաշինյանը: Դա ամենևին էլ այդպես չէ: Երկխոսություն է անհրաժեշտ առանց բացառության բոլորի հետ, քանի որ սա պետություն ունենալ-չունենալու խնդիր է, ոչ թե իշխանության գալու և պաշտոններ իրար մեջ բաժանելու: Նիկոլ Փաշինյանի իշխանության հենարանն այսօր մի խումբ կիսապաշտոնյաներ են, լոյալ ոստիկանություն, «ուսապարկերի խմբակցություն» ու վերջ։ Մնացածին նա ենթագիտակցության դրդմամբ անվանում է էլիտա: Եվ, մեծ հաշվով, ճիշտ է ասում: Սակայն, ինչպես ուզում եք, այնպես էլ անվանեք, նպատակը մեկն է՝ նրան հարկավոր է կանգնեցնել. չպայթած կամ 10 տոկոսով պայթած «80-ականների» Իսկանդերը վկա»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: