կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-02 21:55
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3+3-ով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն դուրս են մնում, և մեր տարածաշրջանը զերծ է մնում մրցակցությունից․ Սուրեն Սարգսյան

Թուրքիայի առաջարկած 3+3  ձևաչափը, որի համաձայն տարածաշրջանում խաղաղություն պետք է հաստատեն Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը, դեռ միս ու արյուն չի ստացել, բայց ձեռնտու է մի շարք պետությունների՝ Ռուսաստանին, Իրանին և, բնականաբար, նաև Թուրքիային ոչ միայն տնտեսական համագործակցության տեսանկյունից, այլ, պատկերացրեք, որ 3+3-ով, մեծ հաշվով, Միացյալ Նահանգները դուրս է մնում տարածաշրջանից՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

3+3-ը կարծես վերջնական ձևաչափ չէ, նկատեց նա, որովհետև տարբեր տարբերակներ են քննարկվում, 3+3+2-ը նույնպես քննարկման առարկա է․ մի քիչ դժվար է պատկերացնել 3+3, երբ Միացյալ Նահանգներն ու Եվրոպական Միությունը դուրս գան, ընդհանրապես ազդեցություն չունենան։

«Իհարկե, միգուցե հաշվարկն այն է, որ նրանք ազդեցություն կունենան անուղղակիորեն՝ Թուրքիայի և Վրաստանի միջոցով, որովհետև Թուրքիան և Վրաստանը Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցն է, թեև Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները բավականին լարված են վերջին ժամանակահատվածում, բայց, փաստորեն, Թուրքիան ՆԱՏՕ-ի գործընկեր է ԱՄՆ-ի համար և այդ կարևորությունը չի կորցնում»,-ասաց Սուրեն Սարգսյանը։

Ձևաչափը ձեռնտու տարածաշրջանային գերտերություններին՝ Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային՝ Միացյալ Նահանգները դուրս է մնում տարածաշրջանից։

«Եվ եթե դուրս են մնում Միացյալ Նահանգներն ու Եվրոպական Միությունը, տարածաշրջանը առավելապես զերծ է մնում մրցակցությունից և այս տարածաշրջանում մրցակցում են ոչ թե մի քանի գերտերություն, այլ տարածաշրջանային գերտերությունները»,-փաստեց Սուրեն Սարգսյանը։

Ինչո՞ւ պետք է ԱՄՆ- դրան համաձայնի՝ հարցին ի պատասխան քաղաքագետը չբացառեց, որ ԱՄՆ-ը, միգուցե, վստահ է, որ այլ ձևաչափերում է ներգրավվածություն ունենալու տարածաշրջանում, միգուցե ԵԱՀԿ ՄԽ-ում է ավելի ակտիվ լինելու, միգուցե այլ ձևաչափերում։

«ԱՄՆ-ը տարածաշրջանում ազդեցություն ունենալու տեսանկյունից լուրջ ռեսուրսներ չունի՝ համեմատած Թուրքիայի և Ռուսաստանի հետ․ Ռուսաստանն այստեղ ունի ռազմական ներկայություն, Թուրքիան ունի, ըստ էության, ռազմական ներկայություն և ռազմական ներգրավվածություն ուներ 44-օրյա պատերազմի ընթացքում, Իրանն էլ իր հերթին ռազմական ներկայություն ունի Նախիջևանի հետ սահմանին։ Այսինքն, բոլորն այս տարածաշրջանում ռազմական ներկայություն ունեն, ստատուս-քվո է փոխվել և ստատուս-քվոյի փոփոխության արդյունքում պետք է նոր վերադասավորումներ տեղի ունենան։ Եվ դրանք տեղի են ունենում, միգուցե նաև տեղի են ունենում Հայաստանի զիջումների հաշվին, բայց դրանք տեղի են ունենում, և այս իրողությունը պետք է հաշվի առնել»,-ասաց Սուրեն Սարգսյանը։

Նա չի կարծում, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը վերանա կամ էական փոփոխությունների ենթարկվի, բայց այն, որ Թուրքիան արդեն լուրջ մարտահրավեր է նետում Մինսկի խմբին և Մինսկի խմբի կառուցվածքին, դա, ըստ նրա, փաստ է։

Միջազգայնագետը համարում է, որ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունները կապ չեն ունենալու 3+3-ի հետ, 3+3-ը տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է և պետք է տարանջատել Մինսկի խմբից։

«Թեև խոսվել է Մինսկի խմբի լիազորություններն ընդարձակելու մասին, ավելին, Բայդենը Ադրբեջանի նախագահին ուղղված իր նամակում ասում էր, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական կարգավորումը պետք է տեղի ունենա ՄԽ համանախագահության շրջանակներում, կամ տարածաշրջանային այլ ձևաչափերով։ Թե ինչ է դա նշանակում՝ ժամանակը ցույց կտա, բայց ես չեմ բացառում, որ 3+3-ն ու Մինսկի խումբը սկսեն համատեղ աշխատել, որովհետև ոչ միայն տարածաշրջանում է իրավիճակ փոխվել, այլև աշխարհում․ ԱՄՆ-ը հայտարարում է, որ իրենց համար կարևորագույն մարտահրավերը Չինաստանն է, և շատ շրջանակներ պնդում են, որ Չինաստանի աճող ազդեցությանը դեմ գնալու համար պարտադիր է, որ ԱՄՆ-ը Իրանի հետ ունենա համագործակցություն։ Այսինքն, այս ամենը պետք է նաև դիտարկել ոչ միայն առանձին-առանձին, այլև որպես ընդհանուր մեծ մի պրոյեկտ»,-ասաց Սուրեն Սարգսյանը։

Այս փուլում ոչ մեկը չի խոսում 3+3 ձևաչափին Հայաստանի դեմ լինելու մասին, և սա քաղաքագետին իրավունք է տալիս մտածելու, որ Հայաստանն այդ համաձայնությունը տվել է։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրուցը՝ տեսանյութով․