կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-21 15:56
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում են «համատեղ աղոթել» ապրիլի 9-ի համար, բայց...

Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում են «համատեղ աղոթել» ապրիլի 9-ի համար, բայց...

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումը համարում է դրական, բարձր ոգով լի զրույց: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ բարդույթներ չունի, թե որտեղ են հանդիպել:

 

Ըստ Հովհաննիսյանի` միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» են հայտնել, որ ամբողջական իշխանափոխություն են ուզում, իսկ մնացած ուժերը` ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն, պետք է կողմնորոշվեն այդ հարցում: Նա հիշեց նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը` ընդգծելով, որ ան շատ ճիշտ դրույթներ ուներ, սակայն կան դրույթներ, որոնց հետ համաձայն չէ, մասնավորապես` որ խորհրդարանական չորս ուժերից միայն ՀԱԿ-ն է կողմ ամբողջական իշխանափոխության, որովհետև «Ժառանգությունը» նույնպես դա է ցանկանում: Լևոն Տեր-Պետրոսյանի հաջորդ սխալ թեզը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, այն է, որ ՀՀ-ի`  Մաքսային միությանն անդամակցությունն անշրջելի է:


Պատասխանելով Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք, որպես քաղաքական գործիչ, չի սպառել հասարակության վստահությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ այդ տեսակետի հետ համաձայն չէ, քանի որ իր համար չափանիշ չէ, թե ով է սպառել իր հանդեպ իր վստահությունը: Նա նշեց, որ այս տարվա ապրիլի 9-ին կխոսի մեկ տարի առաջ այդ օրը տեղի ունեցած իրադարձությունների մասին, թեև այդ օրվա համար շատերը «իրեն խփելու» համար չար բաներ են խոսում` առաջարկելով համատեղ աղոթել և այլն:  Նրա խոսքով` այդ օրվա պայքարը կիսատ թողելու համար եղել են օբյեկտիվ պատճառներ, սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ ժողովուրդը պատրաստ չէ նորից ոտքի կանգնել ոչ թե իր շուրջը, այլ` երկիրը փրկելու համար: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը հուսով է, որ այս անգամ պայքարը կլինի ավելի կազմակերպված և ավելի քիչ չարացած: Նա նշեց, որ տեսնում է ժողովրդի կողմից ակնկալիք`ավարտին հասցնել կիսատ թողած պայքարը:

 

«Ես միշտ էլ վայելել եմ ժողովրդի վստահությունը: Այն ժամանակ էլ, երբ մասնակցում էի նախագահական ընտրություններին, էլի չէին հավատում իմ հաղթանակին: Մեկ տարի առաջ այն, ինչ փորձեցինք անել, արել ենք` առանց այլ քաղաքական ուժերի զորակցությունն ունենալու, առանց բյուջեի: Ինձ պետք չէ ռեյտինգ ու աթոռ , ես ուզում եմ տեսնել իրավական Հայաստան»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով, որ վաղը մասնակցելու է «Դեմ եմ» շարժման նախաձեռնած հանրահավաքին, և եթե հարթակի տերերը ցանկանան, ինքը նաև ելույթ կունենա: