կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-15 17:48
Իրավական

Մեկը պահանջում է, մյուսը` հերքում

Մեկը պահանջում է, մյուսը` հերքում

Երևանի Սայաթ-Նովա, Թումանյան, Ավագ Պետրոսյան, Նալբանդյան փողոցների հատվածում գտնվող շենքերի բնակիչների հայցն ընդդեմ «Ավագ Շին» ՍՊԸ-ի այսօր քննվեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Հայցվոր կողմերի շահերը պաշտպանող Հերիքնազ Տիգրանյանը դատական նիստը հետաձգելու վերաբերյալ պահանջ ներկայացրեց, որպեսզի ծանոթանա հայցադիմումի վերաբերյալ պատասխանող կողմի առարկություններին: Միջնորդությանը չառարկեց պատասխանող կողմի փաստաբան Մինաս Ամիրյանը: Դատավորը միջնորդությունը ընդունեց և հաջորդ դատական նիստը նշանակեց հուլիսի 20-ին` ժամը 16:30-ին:

Հերիքնազ Տիգրանյանը ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում նշեց, որ «Ավագ Շին»-ի գործունեության անօրինականությունն այն է, որ վտանգ է ներկայացնում հարակից 4-հարկանի ավելի ցածրահարկ շենքերի համար, որովհետև նախատեսվում է կառուցել 16 հարկանի բազմաբնակարան շենք, ընդ որում` ամբողջովին բակային տարածքում:

Շինարարությունն իրականացնելու ընթացքում ծառահատումներ են եղել: «Բնապահպանության նախարարությունը ևս հաստատում է, որ իրականացվել են ծառահատումներ, որ չկա շրջակա միջավայրի փորձաքննություն, իսկ քաղաքաշինության նախարարությունը փաստում է, որ չեն իրականացվել նախագծային առաջադրանքների փորձաքննություններ»,- նշեց Հ. Տիգրանյանը:

Պատասխանող կողմն էլ, իր հերթին, նշեց, որ ներկա պահին ունեն բոլոր թույլտվությունները, և ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում:

Դատավարությանը ներկա էր նաև «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը, ով նշեց, որ «Ավագ Շին»-ը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես կառուցապատող, և շատ ավելի կարևոր է, թե ով է նրա պատվիրատուն: «Այս հարցն է, որ մութ է մնում` չնայած մենք անձերի վրա չենք էլ կենտրոնանում»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ շինարարությունը հարկավոր է դադարեցնել, առավել ևս, որ կան փաստաթղթեր, որոնք վեճերի տեղիք են տալիս: Ս.Սաֆարյանն ավելացրեց, որ հանրային շահը պահանջում է` այդ տարածքը հանգստյան գոտու վերածել: