կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-11 15:24
Հասարակություն

Պահանջում են Գագիկ Բեգլարյանի հրաժարականը

Պահանջում են Գագիկ Բեգլարյանի հրաժարականը

Տաքսիների վարորդների բողոքի թեման բազմազան ու բազմակողմանի է: Նրանքը բողոքում են ինչպես տաքսիների լիցենզավորման, դեղին պետհամարանիշերի կիրառման, հաշվիչների ձեռքբերման ու դրանց ստուգաչափման հարցերից, այնպես էլ կայանման համար նախատեսված կարմիր գծանշաններից, տեսախցիկների անարդար տուգանքներից և այլն: Այսօր նրանք «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ բարձրաձայնեցին իրենց դժգոհությունները:

 

Դրանք շատ են, եւ մասնավոր տաքսիների վարորդները ցույցեր ու հավաքներ են իրականացնում, վերջերս էլ, Տիգրան Հովհաննիսյանի գլխավորությամբ, սկսել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը պահանջել, քանի որ կարծում են, որ ոլորտում քաոսային վիճակ է, հարցերը չեն լուծվում, նախարարը կարող է այս իրավիճակը փոխել, բայց չի փոխում: «Սաղ ազգը դարձել է տաքսիստ, բոլորն էլ զզվում են իրենց գործից»,- նշեց Տիգրան Հովհաննիսյանը:

 

Վարորդ Սարգիս Մաճկալյանն ասաց, որ իրեն չեն թույլատրում ստուգաչափված բոլոր չափանիշներին ու պահանջներին համապատասխանող հաշվիչը հին մեքենայից հանել ու տեղադրել նոր մեքենայում, պարտադրում են նոր հաշվիչ գնել ու տեղադրել: Իսկ Մաճկալյանը ընդամենը 1 տարի առաջ է այդ հաշվիչը 300 ԱՄՆ դոլարով գնել …

 

Լևոն Մարկոսյանն էլ ներկայացրեց, որ լինում են դեպքեր, երբ ուղևորները կանգառ են պահանջում մի այնպիսի տեղում, որտեղ ազատ տեղ չկա` այլ մեքենաներ են կայանել: Իրենք երբ մի քանի վայրկյանով կանգառ են անում` ուղևորին իջեցնելու համար, դա դիտարկվում է իբրև խախտում ու իրենք տուգանվում են:

 

Տաքսիստները բողոքեցին նաև կարմիր գծանշմամբ վճարովի ավտոկայանատեղերից. 500-600 դրամ են աշխատում, բայց ուղևորին սպասելու համար կա'մ պետք է կայանեն այդ կայանատեղերում ու 200 դրամը վճարեն դրա համար, կա'մ խուսաափեն այդտեղ կանգնելուց ու տուգանվեն` արգելված վայրում մեքենան կայանելու համար:

 

Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ ինքը հայեցակարգ է մշակել, որով կկարգավորվի այս ոլորտը: Որպես առաջարկություն` նշվում է, որ դեղին համարների, հաշվիչների, մեքենաների տարիքի և այլ պահանջները տաքսիստների համար պետք է վերացվեն ու սահմանվի 5000 դրամ արտոնագրային վճար, և ով ուզում է աշխատել, թող նա էլ աշխատի:

 

«Դրա վերահսկողությունն էլ թող վերապահվի հարկային ծառայություններին, ոստիկաններն էլ տաքսիստներին ստուգեն` ըստ այդ արտոնագրի առկայության»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը: