կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-02 15:45
Հասարակություն

Ոսկու հանքի տեր «Մեգո-Գոլդ»-ի հիմնադիրը Հրայր Թովմասյանն է

Ոսկու հանքի տեր «Մեգո-Գոլդ»-ի հիմնադիրը Հրայր Թովմասյանն է

Նախօրեին դարձյալ Մելիքգյուղում էի (Արագածոտնի մարզ), որը վերջին մեկ տարում հայտնի դարձավ այն պատճառով, որ գյուղացիների համբերության բաժակը լցվել էր նույն գյուղում 7 տարի անխնա շահագործվող «Թուխմանուկ» ոսկու հանքավայրի պատճառով:

 

Հանքավայրի տերերը («Մեգո-Գոլդ» ՍՊԸ) տարիներ շարունակ աղտոտել են մելիքգյուղցիների թե' հողերը, թե' օդն ու ջուրը, նրանց զրկել առողջ եւ մաքուր շրջակա միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքից (ՀՀ Սահմանդրություն, հոդված 33.2), նաեւ բարոյապես քայքայել` մարդկանց ներշնչելով իրենց բարօրության համար պայքարի անիմաստության միտքը:

 

Սակայն երբեւէ արդարությունը հաղթում է, որքան էլ անարդարությունը ճարպիկ է: Այս այցիս ժամանակ նկատելի էր գյուղացիների աշխուժությունը. ոմանք կերահանդակներ էին շտապում` հնձած խոտը հավաքելու, ոմանք` հունձ անելու, ոմանք էլ` կարտոֆիլի «պլանտացիաները» ջրելու:

 

«Փառք Աստծո, այս տարի նորմալ կարտոֆիլ կհավաքենք, եւ ջուրն էլ նորմալ է»,- ասաց մելքիգյուղցիներից մեկը` հավելելով, որ այս տարի նախորդ տարիների պես իր հողամասում սպիտակ փոշու նման կուտակում չի նկատել: «Դե բա այս տարի հանքը չի աշխատում, դրա համար էլ ջրերը մաքուր էին»,- պարզաբանեց նա:

 

Գյուղամեջում, ինչպես միշտ, նստած էին գյուղի մեծերը. հավաքվել էին` դեսից դենից խոսելու, ոմանք էլ մտածում էին, թե ինչպես են հնձած խոտը հասցնելու գյուղ, սակայն, ինձ տեսնելով, դարձյալ հիշեցին իրենց ամենամեծ ցավը՝ Թուխմանուկի հանքավայրը:

 

«Չգիտենք, թե ինչ են անում, ինչ չեն անում, բայց, որ հանքավայրը չպետք է աշխատի, դա հաստատ է, եւ թող մեզ թողնեն հանգիստ ապրենք: Յոթ տարվա մեջ դրանցից մի լավ բան չտեսանք, վատից բացի: Եկան մեր սարերն ու հանդերն ապականեցին, բզկտեցին, թույներն էլ պոչամբարների տեսքով թողնելու են մեզ նվեր: Հիմա էլ ասում են, որ յանիմ վրացիներին են ուզում ծախեն: Դե, էդպես ենք լսել, բայց թե որքանով է ճիշտ, չգիտեմ»,- ասաց Գեւորգ պապը (անունը փոխված է): Ըստ նրա` հիմա գյուղում լուրեր են տարածել, որ ամեն ինչ լավ կլինի. «Դե գիտես, տղա' ջան, ամեն տեղ, այստեղ նույնպես դրանք իրենց մի քանի «շներն» ունեն, որ խոսք են տանում ու բերում: Հիմա էլ իմացի` որ դու եկել ես, քո մասին արդեն էնտեղ տեղյակ են պահել, որ դու էստեղ ես»:

 

Գյուղապետարանում այս անգամ նույնպես գյուղապետ Հակոբ Մկրտչյանին չհանդիպեցի, բայց երբ գյուղապետարանի մի քանի աշխատակիցներից հարցրեցի վրացիների մասին, որ ցանկանում են գնել Թուխմանուկի ոսկու հանքավայրը, նրանք հաստատեցին, որ լսել են այդ մասին:

 

Մելիքգյուղի համայնքապետարանից ճշտեցի նաեւ, որ «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ն, որ այս տարի համայնքից վարձակալած հողերի դիմաց ամբողջ տարվա համար համայնքային բյուջե պետք է փոխանցեր մոտ 14 մլն դրամ, մինչ օրս վճարել է ընդամենը 1 մլն 780 հազար դրամը, այնինչ անցած 7 ամիսներին ընկերությունը պետք է արդեն իսկ վճարած լիներ մոտ 7,8 մլն դրամ:

 

Հիշեցման կարգով

 

Դեռեւս 2012 թվականին «Մեգո-Գոլդ» ընկերությունը հայտարարեց, որ կառուցում է երրորդ պոչամբարը: Մասնագետների շրջանում սա տարակուսանք առաջացրեց, քանի որ 2006թ., մի կերպ ստանալով հանքի շահագործման թույլատվություն, ընկերությունը հանքի ծավալին համապատասխան ստացել էր երկու պոչամբարներ կառուցելու թույլտվություն: Դրանք արդեն լեփ-լեցուն են:

 

Եվ հանկարծ, առանց հանքի ընդլայնման նախագծի, «Մեգո-Գոլդ»-ը երրորդ պոչամբար է ուզում կառուցել: Ինչո՞ւ նոր հանք են վերցրել, ո՞ւր է նախագիծը: Արդյո՞ք 2006 թվականի նախագծով նախատեսված ծավալներից ավելի շատ հանքանյութ է արդյունահանվել, եթե` այո, ուրեմն հանցագործություն է կատարվել` ամբողջ հետեւանքային շղթայով, ապօրինի ռեսուրս է օգտագործվել, համայնքային հողերն ապօրինաբար օգտագործվել են, հարկեր ու տուրքեր չեն վճարվել եւ այլն:

 

Այդ առեղծվածային երրորդ պոչամբրարի կառուցման վերաբերյալ հանրային լսումներ են իրականացվել: Թե ինչքան էին զայրացել մելիքգյուղացիներն այդ նախագծից, վկայում են տեսանյութերը (https://www.youtube.com/watch?v=gYMiCiI3GV8 ,  https://www.youtube.com/watch?v=sB3OXDaRMCo ): Մելիքգյուղցիներն իրենց հարցադրումներով եւ անզուսպ զայրույթով դեմ արտահայտվեցին երրորդ պոչամբարի կառուցմանը, եւ գյուղապետ Մկրտչյանը հայտարարեց, որ իրենք առաջիկա մեկ ամսում կներկայացնեն համայքի կարծիքը: Սակայն հետո պարզվեց, որ հենց նույն օրը համայնքապետ Հ. Մկրտչյանը կեղծ արձանագրություն է կազմել, որ համայնքը հավանություն է տալիս «Թուխմանուկ» ոսկու հանքավայրի հարստացուցիչ ֆաբրիկայի նախագծին եւ ստորագրում այն, այդ կեղծ արձանագրության տակ դրված երկրորդ ստորագրությունը «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Պողոսյանինն է:

 

Այդ կեղծիքի վերաբերյալ լսումներին մասնակից ՀԿ-ների կողմից պաշտոնական նամակ է ուղարկվել  ՀՀ բնապահպանության նախարարություն և իրավապահ մարմիններ: Նամակին կցվել են նաեւ առկա փաստերը (ձայնագրություններ), որից հետո ՀՀ ԲՆ-ն տվեց իր բացասական եզրակացությունը:

 

Հետաքրքիր մի հանգամանք

 

 ՀՀ ԲՆ-ի` 2006 թ. եզրակացության պահանջով դեռեւս 2008 թվականից հանքարդյունահանումը պետք է լիներ փակ եղանակով, որի վերջնաժամկետը սահմանվել էր 2010 թ. նոյեմբերի 1-ը: Առկա փաստաթղթերում բացակայում են նաեւ ընկերության կողմից ստանձնված պարտավորության կատարման վերաբերյալ տեղեկությունները, եւ, որպես հետեւանք, արդեն իսկ այդ ժամկետից հետո պետք է սկսվեր այդ ընկերության հանքային իրավունքի դադարեցման գործընթացը:  Սակայն 2012թ. դեկտեմբերի 28-ին (տարվա աշխատանքային վերջին օր) ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, առանց հաշվի առնելու եւ քննարկելու ընկերության կողմից կատարված խախտումներն ու չկատարված պարտավորությունների առկայությունը, մեխանիկորեն վերաձեւակերպում է «Մեգո- Գոլդ» ՍՊԸ-ի հանքային իրավունքը եւ կնքում տրամաբանությանը հակասող, արդեն իսկ անցած ժամանակահատվածում չկատարված եւ կատարման հնարավորությունները բացառող պարտավորություններով ընդերքօգտագործման պայմանագիր:

 

Պատահաբար համացանցից տեղեկանում ենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ուսումնասիրության ընդլայնված լիցենզիա է տրամադրել «Մեգո- Գոլդ»-ին, որի հայերեն տարբերակում ժամկետը նշված է 4 տարի, իսկ կից անգլերեն թարգմանության մեջ` 3 տարի: Այնինչ, ըստ համապատասխան օրենսդրության, նմանատիպ լիցենզիան տրվում է մինչեւ 3 տարի ժամկետով, ընդ որում` պայմանագրում հղում է արված հանրային լսումների կեղծ եզրակացությանը, վարպետորեն շրջանցված է ՀՀ ԲՆ-ի կողմից տրված բացասական եզրակացությունը եւ այլն, ինչն էլ նշանակում է, որ վերոհիշյալ ընկերության հովանավորները ներկայումս աշխատում են հենց գործադիր իշխանությունում: Էներգետիկայի եւ բնական պաշարների, ինչպես նաեւ բնապահպանության նախարարություններն աչք են փակում այս ամենի վրա եւ անգամ մինչ օրս չեն իրականացրել որեւէ տեսչական ստուգում:

 

Ի դեպ, լրագրողական մեր հետաքննությունը հետաքրքիր մի փաստ էլ արձանագրեց` այս հանքավայրը իրավապահ մարմինների ուշադրությանն է արժանացել դեռեւս 2001 թվականին, երբ այն ժամանակ ԲՆ փոխնախարարը այս հանքավայրի համար կոպեկներով դուրս էր գրել նորագույն երկրաբանական սարքավորումներ: Փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել:

 

Ուսումնասիրելով ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի գրանցամատյանը պարզեցինք նաեւ, որ «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ն գրանցվել է դեռեւս 2000 թ. դեկտեմբերի 11-ին, որի հիմնադիրը... արդարադատության ներկայիս նախարար Հրայր Թովմասյանն է (https://www.e-register.am/am/companies/893671): Որպես ընկերության իրավաբանական հասցե` նշվում է Թովմասյանի հայրական տան հասցեն`  նրա ծննդավայր՝ Արարատի մարզի  Դարակերտ գյուղում: 2000 թ, երբ հիմնադրում էր «Մեգո-Գոլդ» ընկերությունը` ոսկու հանք շահագործելու նպատակով, Հ. Թովմասյանն աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում` որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ծառայության ղեկավարի տեղակալ: 

 

Շարունակելի

Լուսանկարները՝ հեղինակի

Գալուստ ՆԱՆՅԱՆ