Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թե ինչ իրավիճակ է այսօր Մեծ Մերձավոր Արեւելքում, որն է Թուրքիայի դերը տարածաշրջանային զարգացումներում, ինչպես կանդրադառնա Եգիպտոսի թուլացումը Մերձավոր Արեւելքում ուժերի հետագա վերադասավորման վրա: Այս հարցերի վերաբերյալ Yerkir.am-ին իր տեսակետները ներկայացրեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
- Տարածաշրջանային խաղատախտակի վրա ինչպիսի՞ ֆիգուրի տեսքով է հանդես գալիս հիմա Թուրքիան:
- Թուրքիան դիտարկենք նոր օսմանականության ծրագրով կամ «Զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքական առաջադրանք-կարգախոսով ու օբյեկտիվ հայացք նետենք` հասկանալու համար, թե ինչ ստացվեց: Թուրքիան Իրաքի հետ ժամանակավոր լուծել է իր խնդիրը, քանի որ այնտեղ ինքնավար Քրդստանը իրողություն է. իրենք լեզու գտել են իրաքյան Քրդստանի այսօրվա ղեկավարության հետ, աշխատում են լեզու գտնել նաեւ Քրդական աշխատավորական կուսակցության` Օջալանի հետ, որ հենց Թուրքիայի ներսում փորձեն չեզոքացնել քրդական գործոնը, որպեսզի ռազմական դրսեւորում չունենա: Թուրքական մղձավանջը Սիրիայի, Իրաքի եւ Թուրքիայի քրդերի միավորումն է, որը խոսում է Մեծ Քրդստան ստեղծելու հնարավորության մասին, որն, ի միջի այլոց, այսօր բերվել է աշխարհաքաղաքական օրակարգ: Մենք չմոռանանք ԱՄՆ պետքարտուղարության վերլուծական բաժանմունքի առաջիկա 20 տարվա կանխատեսումը, մասնավորապես` Պետերսի քարտեզը, որում նշվել է Քրդստանի ձեւավորման եւ հստակ նաեւ` Թուրքիայի մասնատման հավանականության մասին: Ուրեմն` Թուրքիայի մասնատման առաջին քայլը Քրդստանի ստեղծումն է:
- Իսկ իրադարձություններն ինչպիսի՞ հեռանկար են խոստանում:
- Թուրքիայի գերխնդիրը հետեւյալն է` լեզու գտնել Իրաքի քրդերի հետ, չեզոքացնել Թուրքիայում առկա քրդական գործոնը եւ Թուրքիա-Սիրիա սահմանին, միջազգային ընտանիքի կողմից երաշխավորված, իբրեւ թե մարդասիրական գոտի ստեղծել: Խորքում դա այն պատնեշն է, որը պետք է խոչընդոտի Սիրիայի, Թուրքիայի եւ Իրաքի քրդերի միավորմանը: Խոսում են մարդասիրությունից, գաղթականներ են ընդունում եւ այլն, բայց իրականում այդ գոտին իր համար անվտանգության գոտի է: Ու քանի խոսում ենք հարեւանների հետ զրո պրոբլեմ ունենալու նպատակադրումից, ապա նշենք նաեւ Հայաստանի հետ էլ փակ սահմանների մասին: Ստացվում է` շրջափակում, անվտանգության գոտի, ժամանակավոր զգուշավոր, նորմալ հարաբերություններ Իրաքի քրդերի հետ եւ լարված հարաբերություններ Իրանի հետ: Այսինքն` Թուրքիան այսօր հայտնվել է իր հայտարարած քաղաքականության հակառակ արդյունքի առջեւ` բազմաթիվ պրոբլեմներ հարեւանների հետ: Եվ հայկական վերլուծական հայացքը սա անպայման պետք է խոշորացույցի տակ առնի` դեռ մի քիչ էլ մեծացնի խնդիրը:
- Եթե նախկինում շատերը նշում էին, որ մուսուլմանական աշխարհի համար ընդունելի է թուրքական իսլամիզմի մոդելը, ապա Թուրքիայի վերջին զարգացումներից հետո այդ մոդելի հիմքերը, կարծես, խարխլվեցին: Դրանից հետո ինչպիսի՞ իրավիճակ է ստեղծվում տարածաշրջանում:
- Վերադառնանք Թուրքիայի ներքին իրավիճակին: Այդ առումով Թուրքիայում բարձրացված խնդիրները բնապահպանական են, ձախակողմյան գաղափարախոսության, մարդու իրավունքների, նույնիսկ սեռական խնդիրների տեսքով, եւ դեռ ինքնության հարցը չի եկել: Որովհետեւ դա ամենահուժկու հարվածը կլինի` Թուրքիայում ներքին պայթյունավտանգ իրավիճակ ստեղծելու առումով: Ես կարծում եմ, որ վաղ թե ուշ այդ հարցը գալու է, եւ սրա առաջատարն, իհարկե, մենք չենք, այլ քրդերն են եւ թուրքաբնակ ալեւիները. Թուրքիայում ապրում են շուրջ 20 միլիոն ալեւիներ, եւ մինչեւ հիմա Սիրիային չի հաջողվել այդ մարդկանց կազմակերպված քաղաքական գործոնի վերածել: Եթե կա Թուրքիայի մասնատման աշխարհաքաղաքական օրակարգ եւ, ըստ երեւույթին, կա, եւ եթե Սիրիայի ալեւի վարչակարգին, պայմանների բերումով, այսօր չի հաջողվում ոտքի կանգնեցնել այդ ալեւիներին, բայց եթե կա այլ հաշվարկ` այլ ուժերի կողմից, ուրեմն այդ ուժերն այդ գործոնը Թուրքիայում պետք է օգտագործեն` ներքին պայթյունավտանգ իրավիճակ ստեղծելու համար: Առայժմ այդ թեմաները` ո'չ քրդական, ո'չ ալեւիական, ո'չ ասորական եւ ո'չ էլ հայկական, չեն օգտագործվում: Բայց ես կանխատեսում եմ, որ ինչ-որ պահի ինքնության զարթոնքը պետք է զարգանա: Որովհետեւ ազգությամբ թուրքերը եւ քաղաքացիությամբ թուրքերը բոլորովին տարբեր հասկացություններ ու երեւույթներ են, եւ մի օր Թուրքիան այդ հանգամանքի բերումով կարող է շատ նեղ կացության մեջ հայտնվել` քաղաքացիությամբ թուրք, բայց ծագումով ոչ թուրք հատվածները կարող են ինքնադրսեւորվել:
- Այդպիսի դրսեւորումներ երեւո՞ւմ են:
- Այդ վտանգները Թուրքիան փորձում է թաքցնել եւ ցույց տալ, թե իբր իր ազդեցությունը հանգիստ ընդարձակվում է մինչեւ Միջին Արեւելքի երկրներ, բայց դեպքերի հետագա ընթացքը, ինձ թվում է, հակառակն է ցույց տալու:
- Թուրքիան ինչպե՞ս կվերադասավորի իր դիրքերը տարածաշրջանային գործընթացներում, եւ ներկայումս իսլամական աշխարհում ո՞վ է դառնում գլխավոր` լոկոմոտիվային ուժը, քանի որ ակնհայտորեն Թուրքիայի դերն այդ հարցում առնվազն միանշանակ չի ընկալվում:
- Թուրքիան վերջին խնդիրներից առաջ մի թատրոն բեմադրեց արաբական աշխարհի համակրանքը շահելու ձգտումով` հակաիսրայելական կեցվածքներ ցույց տալով: Նավի հետ կապված պատմությունները, ներողություն պահանջելու խնդիրը, դեսպանատուն կանչելու եւ նվաստացնելու խնդիրը դեկլարատիվ եւ ցուցադրական էին: Հակաիսրայելական թատրոններ բեմադրվեցին, բայց խորքում մինչ այժմ գործում է եւ չի առկախվել Թել Ավիվ-Անկարա հատուկ ռազմավարական գործընկերության պայմանագիրը: Վերջերս տեղեկատվություն կար, որ իսրայելական օդուժը թուրքական ռազմաբազա է օգտագործել` իր ռազմական ինքնաթիռներով սիրիական օբյեկտներին հարվածելու համար: Դա, իհարկե, հերքվեց Թուրքիայի կողմից, սակայն Իսրայելը չհերքեց դա: Ուզում եմ ասել, որ տարածաշրջանային խնդիրների դեպքում Իսրայել-Թուրքիա գործընկերությունը լավ էլ աշխատում է:
- Տարածաշրջանի մեկ այլ` նախկինում էական, իսկ այժմ ոչ այնքան լուրջ դերակատարություն ունեցող երկրում` Եգիպտոսում, ընթացող զարգացումները ի՞նչ ազդեցություն ունեն տարածաշրջանի համապատկերի վրա:
- Մենք պետք է իմանանք, որ մահմեդական ազգաբնակչության մեծամասնությունը սուննի է: Իսկ սուննիների վրա ազդեցություն ունենալու համար երեք հիմնական մրցակից պետություններ են պայքարում` Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ Թուրքիան: Եգիպտոսի` խաղից դուրս գալը հօգուտ Թուրքիայի էր, որովհետեւ Թուրքիան ի սկզբանե շատ ավելի նկրտումներ ուներ` լիդերության առումով: Բայց այստեղ մեկ հանգամանք կա, որ անպայման պետք է նկատի ունենալ` եգիպտական զանգվածային վերջին բողոքը իսլամական վարչակարգի դեմ էր: Եվ Թուրքիան եւս իսլամական վարչակարգ է... Այստեղ պետք է որոշ փակագծեր բացել ու նշել, որ ֆակտորները մի քիչ տարբերվում են: Թուրքիայի իսլամական վարչակարգը խորքի մեջ փորձում է երկրորդ բեւեռը հանդիսանալ խորքային պետության` Թուրքիայի զինվորական իշխանության: Մինչդեռ Եգիպտոսում այդպես չէ` թեեւ եգիպտական բանակն էլ, առերեւույթ չմիջամտելով, փորձեց իշխանափոխություն իրականացնել, բայց հանգամանքները տարբեր են:
- Մեզ` հայերիս, ինչպիսի՞ Թուրքիա է ձեռնտու:
- Այստեղ հայկական ոսպնյակը պետք է անպայման աշխատի` դեպքերը վերլուծելու առումով: Որովհետեւ եթե նժարի վրա դնենք Թուրքիայի այսօրվա իսլամական ու զինվորական իշխանությունները եւ չափման միավոր ընտրենք Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների վերաբերյալ երկու վարչակարգերի վերաբերմունքը, բացահայտ կարող ենք ասել, որ այսօրվա գործող իշխանությունները շատ ավելի հանդուրժող են: Սա ունի իր բացատրությունը` որովհետեւ այս իշխանություններն են, որ, հակառակ ազգայնական ու զինվորական իշխանությունների, վազում են դեպի Եվրոպա: Իսկ Եվրոպան խաղի իր կանոններն է թելադրում` հանդուրժողականություն, ժողովրդավարություն, ազատ կարծիք արտահայտելու իրավունք, մարդու իրավունքներ եւ այլն: Այս արժեհամակարգը, որ փորձում են ցույց տալ այսօրվա իշխանությունները, ինչ-որ փոփոխություն մտցրել է Թուրքիայում: Այսինքն` պետք է շատ ավելի կշռադատել, թե, անկախ արեւմտյան ուժերի ցանկացած սցենարներից, անկախ նաեւ դեպքերի ընդհանուր զարգացումներից, ի վերջո` հայկական շահերի տեսակետից, Թուրքիայում իշխանափոխության դեպքում ո՞ր ուժն է համեմատաբար նպաստավորը մեզ համար:
- Իսկ ո՞րն է...
- Հիմա մտածենք` եթե իշխանափոխություն լինի ի՞նչ ուժ կամ ո՞ր ուժն է գործող իշխանությունների այլընտրանքը` ազգայնականնե՞րը, զինվորականությո՞ւնը, թե՞, ինչպես ասում են, խորքային պետությունը: Իսկ դա ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ազգային փոքրամասնությունների համար: Մենք տեսանք, որ հայկական «Նոր զարթոնք» շարժումը Ստամբուլի ցույցերի ժամանակ այնտեղ էր, հակավարչական տրամադրություններով բավականին ակտիվացած էին, բայց իրենց պատկերացրած այլընտրանքը ձախակողմյան ուժերն են` Հրանտ Դինքի շարժումը: Եթե այդ այլընտրանքը, որ ազգային փոքրամասնությունների կամ բնապահպանական խնդիրների, մարդու իրավունքների հանդեպ շատ ավելի հանդուրժող է, կգա իշխանության, ուրեմն կարելի է նաեւ այդ ուղղությամբ մտածել: Բայց եթե հետդարձ պետք է կատարվի, ապա դա ողբերգական հետեւանքներ կարող է ունենալ մեզ համար: Այս նրբությունները պետք է անպայման նկատի ունենալ: Հետո կա նաեւ քաղաքական պրագմատիկ տրամաբանությունը` հարց է առաջանում` իսկ այս ամեն ինչը` շարժումը եւ այլն, որեւէ ձեւով թուլացնո՞ւմ են Էրդողանին:
- Մինչեւ «արաբական գարունը» հզոր Եգիպտոս կար, իսկ այժմ քայքայված ու ներսից ցնցվող: Արդյո՞ք եգիպտական ներկա քաոսային իրադարձությունները տարածաշրջանի համար նախատեսված սցենարների մեջ վերանայումներ, ճշգրտումներ չեն մտցրել:
- Նշենք, որ Եգիպտոսում շատ լուրջ վտանգ կա, որ տապալվող իշխանության թիկունքում կանգնած «Մուսուլման եղբայրները», որ, իհարկե, տարբերվում են Թուրքիայի իսլամականներից իրենց ծայրահեղականությամբ, անցնեն ընդհատակ: Իսկ ընդհատակն արդեն քաղաքացիական անհնազանդության, բռնամիջոցների կիրառման եւ ահաբեկչական գործողությունների սկիզբն է, որը կարող է սկսվել Եգիպտոսում: Սա, իրոք, քաոս է...
Շարունակությունը` աշխարհաքաղաքական խաղացողների կողմից ի՞նչ է արվում Իսրայելի համար,եւ ինչպիսի՞ դիրքերից պետք է հանդես գան հայերն, այս պայմաններում, կարդացեք վաղը: