Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թե ինչ իրավիճակ է այսօր Մեծ Մերձավոր Արեւելքում, ինչպիսի պայմաններում է ապրում Լիբանանի հայ համայնքը, ուր են տանում Սիրիայի զարգացումները, որն է Թուրքիայի դերը տարածաշրջանային զարգացումներում, ինչպե՞ս կանդրադառնա Եգիպտոսի թուլացումը Մերձավոր Արեւելքում ուժերի հետագա վերադասավորման վրա, աշխարհաքաղաքական խաղացողների կողմից ինչ է արվում Իսրայելի համար եւ այլն, այս բոլոր հարցերի շուրջ Yerkir.am-ին իր վերլուծություններն է ներկայացնում Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Հարցազրույցի առաջին հատվածում տարածաշրջանային զարգացումների համատեքստում Լիբանանին և լիբանանահայությանը վերաբերող մանրամասներն էին: Այս հատվածը վերաբերում է սիրիական զրագացումներին::
- Դուք ավելի մոտ եք գտնվում Սիրիային, եւ, բնականաբար, ուշադիր հետեւում եք այնտեղ ծավալվող իրադարձություններին: Այսօր Սիրիայում ստեղծված իրավիճակն ինչպիսի՞ փուլում է:
- Նախ' Սիրիայում այսօր հստակ երեւում են ե'ւ աշխարհագրական, ե'ւ, որոշակի առումով, նաեւ ժողովրդագրական պատկերի նոր սահմանագծումներն ու տեղաբաշխումները: Այս կոնցեպտով ուզում եմ ասել, նախ` օրինակ, ծովեզրյա Սիրիան. մենք հաճախակի կապի մեջ ենք այնտեղի բնակիչների' մեր համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր ասում են, որ այդ գոտին, կարծես, տարբեր երկիր է, ու այնտեղ որեւէ ապստամբ, բախում կամ ընդհարում չկա, պատերազմական իրավիճակ չէ: Այնտեղ առավելաբար ալեւի բնակչություն է, կան, իհարկե, սուննիներ, նաեւ հայեր, հատկապես` Լաթաքիայում, ավելի նվազ` Տարտուսում եւ այլն: Այդ ծովեզրյա Սիրիան, կարծես, անջատված լինի պատերազմական վիճակում գտնվող Սիրիայից: Սա մտածելու տեղիք է տալիս` կարծես, լուռ համաձայնություն կա, որ այդ շրջանում դեպքեր չեն լինելու: Չմոռանանք նաեւ, որ այնտեղ ծովում ռուսական ռազմանավերն են` իբրեւ այդ շրջանի անվտանգության, նաեւ, ինչու ոչ, ռուսական ազդեցության գոտու պահպանման երաշխավորներ: Կա Քամիշլիի շրջանը, որտեղ նաեւ հայ համայնք է ապրում, դա արդեն բոլորի վկայությամբ ինքնավար Քրդստանի վիճակում է: Կա նաեւ Դամասկոս կենտրոնական քաղաքը, որտեղ վարչակարգն է գտնվում: Այսինքն` ունենք Քրդստան, ծովեզրյա Ալեւիստան` երաշխավորված նաեւ ռուսական ռազմանավերով, եւ ցավոք, այսօր ունենք շրջափակված Հալեպ: Հալեպն առանձնացվում է, ոչ միայն սիրիական ամենակազմակերպված հայ համայնքի գոյությունը նկատի ունենալով, այլ նաեւ այն պատճառով, որ եթե ծովեզրյա Սիրիան ավելի շատ ռուսական ազդեցության գոտի է, ապա Հալեպը հայտնվել է թուրքական ազդեցության ներքո: Ստացվում է այնպես, որ Սիրիայի ամենակազմակերպված հայ համայնքը ամենաթեժ կետում է հայտնվել, որտեղ զինյալ խմբավորումներն ակնհայտորեն գտնվում են թուրքական գործոնի ազդեցության ներքո: Դա մեզ շատ է մտահոգում:
-Ինչպե՞ս է Սիրիայում դրսեւորվում թուրքական ազդեցությունը, որքանո՞վ է դա ուղղված հայերի դեմ:
- Մտածում եմ, որ սա ուղղակիորեն թիրախավորված չէ հայության դեմ. որեւէ հայկական հաստատության դեմ ուղղորդված թուրքական գործողություններ չեն գրանցվել: Այստեղ կարող ենք մտածել, թե Սբ Գեւորգ եկեղեցին ինչո՞ւ հրդեհվեց, հայկական վարժարանն ինչո՞ւ վնասվեց, ինչո՞ւ որոշ արխիվային նյութեր, ձեռագրեր ոչնչացվեցին, Դեր Զորի մատուռն ինչո՞ւ վնասվեց...
Անկարա-Դամասկոս մերձեցման աննախադեպ հարաբերություններ էին ծավալվում պատերազմից առաջ: Դրանից հետո սիրիացիները հասկացան, որ դա թուրքերի կողմից արվում էր Սիրիա ավելի խորը ներթափանցելու համար, որովհետեւ շատ կարճ ժամանակում դիրքորոշումները տրամագծորեն' 180 աստիճանով, փոխվեցին, եւ այդ աննախադեպ բարեկամական հարաբերությունները վերածվեցին աննախադեպ թշնամական հարաբերությունների: Բայց այդ մերձեցման ժամանակամիջոցում, մենք զգում էինք նաեւ սիրիական իշխանությունների զգուշավորությունը մեր նկատմամաբ, որ հանկարծ Անկարային նեղացնող դրսեւորումներ չունենանք` թե' բողոքի ցույցերի, թե' Ցեղասպանության ճանաչման առումով:
- Թուրքիայի կողմից հայ համայնքը դատարկելու կոնկրետ մտադրություններ ի սկզբանե չե՞ն եղել:
-Այստեղ այլ ուղղվածություն կա, որ պետք է նկատի ունենալ. ոչ միայն Սիրիայում, այլ, ընդհանրապես, տարածաշրջանում քրիստոնյա ազգաբնակչության արտահոսք կա, եւ դա ծրագրված է: Այսինքն` մի քանի եկեղեցիների ռմբահարումն Իրաքում բավարար էր, որ տեղի շուրջ 1 միլիոնանոց քրիստոնյա ազգաբնակչությունը վերածվի մի քանի հարյուր հազարի: Այսինքն` քրիստոնյաների արտահոսքը Իրաքից կտրուկ արագացավ: Դրանից առաջ, փաստերով, շատ պարզ է, որ հատուկ կազմակերպություններ են աշխատել, որ իրանահայ համայնքից միգրացիա լինի դեպի ԱՄՆ` Վիեննայում կանգառով: Իրաքից այդ տեղաշարժը, Իրանից այդ տեղաշարժը, ինչպես նաեւ, վերջին տվյալներով, Եգիպտոսի քրիստոնյաներն են սկսել պակասել: Մենք գիտենք նաեւ, որ Սիրիայի քրիստոնյաները, այդ թվում` նաեւ հայեր, որոշ ճանապարհներով գնում են Շվեդիա, Հոլանդիա: Այսինքն` այդ ճանապարհներն աշխատում են:
-Այսինքն` այդ ճանապարհները դիտավորյա՞լ են թողնվել` որպես միջանցքներ, որ քրիստոնյաները լքեն տարածաշրջանը:
- Այո', եթե այս բոլորի հանրագումարը նայենք` քրիստոնյա ազգաբնակչություններն այդ տեղերից այս կամ այն ձեւերով տարհանելու ծրագիր է:
- Ձեր կարծիքով` դա ո՞ւմ կողմից ծրագրված գործողությունների համալիր է:
-Այստեղ քաղաքական բանականությունը շատ չի օգնում, որովհետեւ կան վերլուծություններ, որ այս տարածաշրջանի «արաբական գարունը», քրիստոնյաների տեղաշարժերը, սուննի-շիա լարվածությունը` այս բոլորը նաեւ բխում են Իսրայելի շահերից: Որովհետեւ, եթե առերեւույթ ԱՄՆ-ի շահերն են երեւում, չմոռանանք, որ ԱՄՆ-ի, հատկապես' միջինարեւելյան բաժանմունքի պատասխանատուները` որոշման ընդունման գործընթացի մասնակիցները, հիմնականում ծագումով հրեաներ են: Սա եւս պետք է նկատի ունենալ: Հավաստի կամ ոչ հավաստի' դեռ քննարկելի է, բայց կան հրապարակված տվյալներ, հոդվածներ, որ մեջբերել են այս կամ այն ժողովների, խորհրդակցությունների ժամանակ, թե պետք է քրիստոնյաները Մերձավոր Արեւելքից «մաքրվեն»: Սրանք, իհարկե, տեսություններ են, բայց փաստն այն է, որ կա քրիստոնյաների տեղաշարժ:
- Ի՞նչ միտումներ եք Դուք տեսնում սիրիական իրադարձությունների զարգացումներում` ծանոթ լինելով թե' արաբական մենթալիտետին, թե' տարածաշրջանային զարգացումներին` գրեթե կենտրոնից հետեւելով:
-Պետք է նախ տարանջատել` Սիրիան «արաբական գարնան» մյուս մանրանկարների հետ կապ չունի: Կապ ուներ, արդեն չունի. կտրվեց այդ կապը: Որովհետեւ Լիբիայում արտաքին միջամտություն կար, Եգիպտոսում տարբեր միջամտություններից բացի, զանգվածային ըմբոստություն կար, կամ Թունիսում առաջին իսկ խմորումների ժամանակ նախագահը փախուստի դիմեց: Այս երեքի տրամաբանության տակ էլ չի տեղավորվում սիրիական ընթացքը' ո'չ նախագահն է փախչում, ո'չ արտաքին միջամտություն կա, ո'չ էլ ամբողջ ժողովուրդն է փողոց դուրս գալիս` վարչակարգի հրաժարականը պահանջելու:
- Բայց սիրիական խնդրում արտաքին միջամտություն կա...
- Այստեղ անուղղակի է ռազմական միջամտությունը, միջոցներ տրամադրելով է դրսեւորվում: Բայց պետք է նշել նաեւ այն վճռականությունը, որ, օրինակ, Ռուսաստանն ունի Սիրիայի վարչակարգի պահպանման հարցում. նույն մոտեցումը Ռուսաստանը չցուցաբերեց մյուս երկրներում: Այս հարցում ԱՄՆ-ի ազդեցությունը հզորանում է: Կարծում եմ, որ խնդիրը երեւութապես սիրիական, բայց ավելի շատ աշխարհաքաղաքական օրակարգի է վերածվել: Ռուսական ռազմանավերի մասին խոսեցինք, բայց նաեւ չմոռանանք Ռուսաստանի վետոները միջազգային ամբիոններում: Ռուսական շահագրգռվածությունն այստեղ ակնհայտ է` Սիրիայում դիրքերը զիջելը տարածաշրջանում ռուսական ազդեցության, ես կասեի, վերջին գոտու, կետի հանձնումը կլինի: Այսինքն` Ռուսաստանը դա համարում է իր խնդիրը: Եվ շատ ավելի դուրս է եկել ներսիրիական տարողությունից: Միայն Ռուսաստանը չէ, որ այս պահվածքով, այս վերաբերմունքով է մոտենում խնդրին, որովհետեւ թուրքերը նույնքան առնչվում են, Սաուդյան Արաբիան իր չափով է առնչվում, ԱՄՆ-ը` իր չափով եւ այլն: Այստեղ, անշուշտ, որոշակի փոփոխություն ունեցավ դիրքորոշումների ուղղվածությունը, որովհետեւ անկանխատեսելիորեն զարգացավ ծայրահեղ իսլամականության խնդիրը, եւ այսօր սիրիական բանակը շատ լուրջ խնդիր ունի ծայրահեղ իսլամականների հետ:
- Վերջ ի վերջո, Սիրիայի զարգացումներն ո՞ւր են տանում:
- Ես կարծում եմ, որ այս քաոսային վիճակը որոշ ժամանակ շարունակվելուց հետո, վերջ ի վերջո, կդառնա ստատուս քվո: Համոզված եմ, որ այնտեղ նաեւ ուրիշ առանցքի խնդիր կա, այն առումով, որ Սիրիան մինչեւ այն ժամանակ, քանի դեռ Իրանի հետ ռազմավարական գործընկեր չէր, այս ներքին խլրտումները չէին հրահրվում: Հարցը փոխվեց, երբ Իրան-Սիրիա-Ռուսաստան առանցքը, իբրեւ շրջանում գերակա կամ աշխարհաքաղաքական ուժ, ինքն իրեն զգացնել տվեց: Չմոռանանք, որ Իրանը տարածաշրջանում ներկա է նաեւ «Հըզբոլլահի» միջոցով: Ճիշտ է` «Հըզբոլլահը» Լիբանանում է տեղակայված եւ առերեւույթ լիբանանյան կազմակերպություն է, բայց, ըստ էության, իր կադրերով, իր զինուժով, իր մասնագետներով, իր ստրատեգներով իրանական դպրոցի արտադրանք է: Եվ «Հըզբոլլահ»-Իսրայել պատերազմը խորքի մեջ իրանա-իսրայելական պատերազմ է: Մի խոսքով` «Հըզբոլլահը» իրանական բանակի մեկ ստորաբաժանումն է` տեղակայված Լիբանանում: Իրանից ցամաքային ճանապարհով դեպի «Հըզբոլլահ» ռազմական օժանդակության ճանապարհն անցնում էր Սիրիայով: Իրանը «Հըզբոլլահին» կապող այդ կամուրջը պետք էր քանդել: Եվ ես, ճիշտ է, կարող եմ սխալվել, բայց համոզված եմ, որ եթե Սիրիան Իրանի հետ հատուկ ռազմավարական գործընկերություն չզարգացներ մեծ թափով, հնարավոր է, որ ներքին խլրտումները, խռովությունները, ապստամբությունները առնվազն դրսից օժանդակություն չստանային: Պետք է այս բոլոր գործոնները նկատի ունենալ' այս հարցում որոշակի կանխատեսումներ կատարելու համար, բայց, իմ համոզմամբ, այս գոյավիճակը` ստատուս քվոն, առայժմ կմնա. իմ ներկայացրած բոլոր երեւույթները դրան են տանում:
Զրուցեց Գեւորգ ԱՎՉՅԱՆԸ
Շարունակությունը` Թուրքիայի դերը տարածաշրջանային զարգացումներում, ինչպե՞ս կանդրադառնա Եգիպտոսի թուլացումը Մերձավոր Արեւելքում ուժերի հետագա վերադասավորման վրա, կարող եք կարդալ երկուշաբթի օրը` հուլիսի 22-ին: