|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
Ինչպես հայտնում է Yerkir.am-ի աղբյուրը, Բրյուսելում հոկտեմբերի 28-ին անցկացվել է «Վերադառնալու իրավունքը միջազգային իրավունքում» խորագրով միջազգային համաժողով, որը համատեղ կազմակերպել էին «Արևմտյան ադրբեջանցիների» համայնքը և ֆրանսիական «CAP Freedom of Conscience» ոչ կառավարական կազմակերպությունը։
Միջոցառմանը մասնակցել է շուրջ 120 մասնակից՝ Բելգիայից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Իտալիայից և Ադրբեջանից։
Համաժողովը նվիրված էր, այսպես ասած, «Արևմտյան ադրբեջանցիների «պատմական հողեր» վերադառնալու իրավունքին», ինչպես նաև քննարկվել են միջազգային իրավունքի, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանության հետ կապված հարցեր։
«Արևմտյան ադրբեջանցիների» համայնքի նախագահ Ազիզ Ալաքբարլին ներկայացրել է կազմակերպության գործունեությունն ու նպատակները՝ ընդգծելով, որ անցած դարի ընթացքում «արևմտյան ադրբեջանցիները» իբրև հետևողականորեն տեղահանվել են իրենց «պատմական հողերից»։
Նա նշել է, որ Հայաստանի վարած քաղաքականության հետևանքով պատճառված նյութական վնասը գնահատվում է միլիարդավոր դոլարներով, իսկ դարավոր մշակութային ժառանգության կորուստը՝ անչափելի է։
Ալաքբարլին նաև ընդգծել է, որ չնայած բազմաթիվ կոչերին՝ Հայաստանը հրաժարվել է երկխոսությունից համայնքի հետ։ Նա նշել է, որ համայնքը աջակցում է տարածաշրջանային խաղաղությանը և համակեցությանը, «համահունչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական գծին»։
Համաժողովի ընթացքում բացվել է նաև լուսանկարների ցուցահանդես, որը ներկայացրել է այսպես ասած՝ «Արևմտյան Ադրբեջանի «պատմական հողերում» ոչնչացված մշակութային ժառանգության օրինակներ»։ Մասնակիցներին բաժանվել են նաև տեղեկատվական նյութեր, պատրաստված համայնքի կողմից։
Միջոցառումն ավարտվել է բաց քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցները փոխանակել են կարծիքներ և պատասխանել թեմային առնչվող հարցերին։