Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարզվում է` հովանավոր ունեմ, այն էլ` «վերեւներից»: «Անձնագիրը կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը»` գրված է անձնագրիս մեջ, ոչինչ, որ վերջին էջում: Կարեւորը փաստն է:
Մի տեսակ շփոթված եմ` մա՞րդ էլ հովանավոր ունենա ու այսքան տարիներ չիմանա այդ մասին:
Բայց շփոթմունքին գալիս են փոխարինելու հարցերը` տեսնես ազատամարտիկները, որոնք Ազատության հրապարակում այս էլ քանի ամիս բողոքի ակցիա են կազմակերպում, ՀՀ քաղաքացիություն չունե՞ն: Բայց ինչպե՞ս կլինի` կռվեն ՀՀ-ի համար, բայց ՀՀ քաղաքացիություն չունենա՞ն, ուրեմն` ունեն: Գուցե նրանց անձնագրերում գրվա՞ծ չէ, թե նրանց հովանավորը նույնպես ՀՀ-ն է: Բայց, ըստ օրենքի, անձնագրի ձեւը մեկն է:
Ի՞նչ է ստացվում` Հրաչյա Հարությունյանի հովանավո՞րն էլ է ՀՀ-ն... Փաստորեն, լինում են հովանավորներ, որոնք հովանավորյալի նեղն ընկած ժամանակ զարմացած նայում են նրա վրա, թե` «հույսդ ո՞ւմ վրա ես դրել. ռուսաստանները կան ու կան»:
Իմ հովանավոր ՀՀ-ն այդ ինչպե՞ս է հանդուրժում, որ, հաշվի չառնելով իր կամքը, իր անունից կոչումներ են բաժանում. բաժանում են նրանց, ում հովանավորը ՀՀ-ն է` վերջինիս կարծիքը չհարցնելով էլ: Հովանավոր ասելով` օգնող ձեռք, չէ՞, նկատի ունենք, կարեւոր չէ` նյութակա՞ն, թե՞ բարոյական առումներով: Հիմա երկուսի կարիքն էլ ունեմ, հովանավո'ր ջան, բայց չգիտեմ` ինչպե՞ս քեզ դիմեմ, տեղեկատուներն էլ քո համարը չեն տրամադրում:
Բայց ինչ հեշտ ձեւ են, չէ՞, գտել. «Անձնագիրը կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը». պատգամավորներին դիմես` կասեն` մենք պատգամավոր ենք, բժիշկներին, իրավաբաններին, օրենսդիր մարմիններին` ո՞ւմ դիմես...
Սոս Սարգսյանն ասում էր` Հայաստանը իր ծոցում ապրող ժողովուրդն է, բայց հիմա ժողովուրդը գոռում է` չենք կարող 150 դրամ վճարել տրանսպորտի համար, իսկ հովանավորից ձեն-ծպտուն չկա:
8-9-րդ դասարան էինք. դասարանի դռնից վահանակ էր կախված` «8Բ դասարանի հովանավորն է ... ընտանիքը». վահանակը մինչեւ դպրոցն ավարտելը կախված մնաց. նկարի պես բան էր, դուռն էր գեղեցկացնում:
«Անձնագիրը կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը». լավ է` անձնագրի վերջում է գրված. շատերը գուցե չեն էլ տեսնի:
Լուսի ԽԱՉԱՏՐՅԱՆ