կարևոր
1615 դիտում, 10 ամիս առաջ - 2023-11-14 10:38
Քաղաքական

Արցախցիները պաշտպանել են մեր երկրի անվտանգությունը և իրենց չեն ասել՝ քո անձնագիրը ճամփորդական է. Գեղամ Մանուկյան

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը առավոտից գիշեր հեռուստաեթերից չի իջնում եւ փորձում է Հայաստանի հանրությանը համոզել, որ Արցախի քաղաքացիներին տրված կպույտ անձնագիրը լոկ ճամփորդական անձնագիր է եւ դրանով չեն կարող Արցախի քաղաքացիները տարբեր պաշտոնների նշանակվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցությասն պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Բայց օրինակ, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որ ծնունդով Արցախի Մարտունիից է, վստահաբար այդպիսի անձնագիր է ունեցել: Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, որ ծնունդով Հադրութի Ազոխ գյուղից,է  վստահ այդպիսի անձնագիր է ունեցել: 30 տարի շարունակ առաջնգծում արցախցիները, որ պաշտպանել են մեր երկրի անվտանգությունը, Ջերմուկի ու Վարդենիսի անվտանգությունը, չեն ասել, որ դու ճամփորդական անձնագիր ես ունեցել:

Պարտադիր կուտակային համակարգում վճարում կատարած Արցախում չեն ասել՝ դու ՀՀ անձնագիր չես ունեցել, քաղաքացի չես, վաղն էլ կենսաթոշակ չես ստանալու: 1000 դրամների հիմնադրամ վճարում կատարող արցախցուն չեն ասել՝ դու միայն ճամփորդական անձնագիր ունես եւ ՀՀ քաղաքացի չես»,-ասաց նա:

Մանուկյանը նաեւ տեղեկացրեց, որ Պաշտպանության հանձնաժողովում, երբ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանին հարց է ուղղել, թե, ի վերջո, կարո՞ղ է պարզ բացատրել ՀՀ քաղաքացուն, թե բոլորը ե՞րբ կարող են ստանալ այդ ID քարտերը եւ կենսաչափական անձնագրերը, հնչել է պատասխան, որ հայտնի չէ: