Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեդիա կենտրոնում» «Կոդ 070. ինչո՞ւ արցախցիները չեն կարողանում Շենգենյան վիզա ստանալ» թեմայով քննարկման ժամանակ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ասաց՝ խնդիրը դեռ շարունակում է գոյություն ունենալ․ «Դեսպանատներ կան, որոնք առանց որևէ խոչընդոտի տրամադրում են շենգեն վիզա։ Նույն Ֆրանսիայի դեսպանատունը, չի եղել մի դեպք, որ մերժեն ընթացք տալ գործին՝ պատճառաբանելով, որ 070 կոդով է։ Դեսպանատներ կան, որոնք երբեմն տարբերակված մոտեցում են ցուցաբերում։ Նույն անձին Գերմանիայի դեսպանատունը մերժել է, հետո հրավիրող կողմը դիմել է Գերմանիայի դեսպանատուն առանձին նամակով, և տվյալ անձին նորից կանչել են հարցազրույցի ու տրամադրել վիզա։ Դեսպանատներ էլ կան, որ ընդհանրապես որևէ ձևով չեն տրամադրում վիզա, ընթացք էլ չեն տալիս։ Դրանց շարքում հատուկ կընդգծեմ Լեհաստանի, Լիտվայի, Չեխիայի դեսպանատները։ Երեկ նման հարցով դիմել է քաղաքացի, որը դիմել է Իսպանիայի դեսպանատուն։ Վիզաների կենտրոնից պարզաբանել են, որ հյուպատոսի հրահանգով չենք կարող վերցնել փաստաթղթերը»,-ասաց Գեղամ Ստեփանյանը։
Գեղամ Ստեփանյանը նշեց՝ եթե շենգենյան գոտու պետությունները համաձայնում են միասնական մոտեցումներ որդեգրել կոնկրետ հարցերի շուրջ, տեսնում ենք, որ կոնկրետ այս հարցի վերաբերյալ նրանց մոտեցումները միասնական չեն․ «Այդ բոլոր պետությունները Փախստականի կարգավիճակի մասին կոնվենցիայի անդամներ են, և 28-րդ հոդվածն ասում է, որ փախստականներն ունեն ազատ տեղաշարժի իրավունք, և Կոնվենցիայի անդամ կողմերը պարտավորվում են նրանց անձը հաստատող փաստաթուղթն ընդունել՝ որպես ճամփորդական և առնվազն՝ որպես այդպիսին հիմք պիտի ընդունվի այդ երկրների կողմից։ Կա խնդիր, բարձրաձայնում ենք և ակնկալում հստակ պատասխան։ Եթե ասում եք՝ 070 կոդով անձնագիրը չի հավաստում կամ իշխանությունների ասածից բխում է, որ չի հավաստում ՀՀ քաղաքացիության մասին, ապա ասեք՝ ինչո՞ւ դրանք չեք դիտարկում նորմալ ճամփորդական փաստաթուղթ։ Գոնե որպես ճամփորդական փաստաթուղթ ընդունելով՝ պետք է ընթացքավորեն վիզայի գործընթացը»,-ասաց Գեղամ Ստեփանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։