կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-10 13:18
Քաղաքական

Վարչապետը պատերազմ է հայտարարել Դաշնակցությանը. Հրանտ Մարգարյան

Վարչապետը պատերազմ է հայտարարել Դաշնակցությանը. Հրանտ Մարգարյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը բացեիբաց ասել է, որ պատերազմ է հայտարարում Դաշնակցությանը. «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

 

Նրա խոսքերով՝ այդ պատերազմի շրջանակներում վարչապետը մամուլում Դաշնակցության մասին «կեղտոտ բամբասանքներ» է պատվիրում:



Մամուլը գրել էր, թե Դաշնակցության ներսում լուրջ դժգոհություններ կան, մասնավորապես, որ փորձեր են արվում կուսակցության Բյուրոյի ղեկավարի պաշտոնից հեռացնել Հրանտ Մարգարյանին:



Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյո՞ք դաշնակցականները դժգոհում են իրենից, և իսկապե՞ս լուրջ խմորումներ են տեղի ունենում ավանդական կուսակցությունում, Հրանտ Մարգարյանը ասել է, որ իսկապես հարցեր եղել են, մասնավորապես՝ դժգոհություններ ընտրություններում Դաշնակցության գրանցած արդյունքներից, բայց դրանք արդեն լուծվել են, և այսօր որևէ խնդիր չունեն:



Այն, ինչ մամուլում գրվում է, որևէ առնչություն չունի իրականության հետ, դրանք դրսից գործադրվող ճիգեր են` Դաշնակցության մեջ ճեղքեր գտնելու և խնդիրներ հարուցելու համար. վստահեցրել է Մարգարյանը՝ հավելելով, որ խոսքը տվյալ դեպքում վարչապետի մասին է:



«Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր տնտեսական ապիկար գործունեության պատճառով քննադատության ենթարկվելուց հետո [Դաշնակցության կողմից] բացեիբաց հայտարարել է, որ ինքը պատերազմ է հայտարարում Դաշնակցությանը, և այս տեսակ կեղտոտ լրատվություն, կեղտոտ բամբասանքանման լրատվությունը իր գործն է»,- ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:


«Ուրիշ ոչինչ չկա. մենք ո'չ սիրահարված ենք և ոչ' էլ ատում ենք այդ վարչապետին, բայց ձախողակ վարչապետ է, և դրա համար այս մեթոդներն է օգտագործում իր հարցերը կարգավորելու համար»,- հայտարարել է Հրանտ Մարգարյանը:

 

Հարցին, թե որտե՞ղ է վարչապետը հայտարարել պատերազմի մասին, նա արձագանքել է. «Իր շրջանակներում, ինքը գիտի՝ որտեղ է հայտարարել»: Մարգարյանն ընդգծել է, որ հստակ տեղեկատվություն ունեն այդ մասին:



Թե ինչ մեթոդներով է դիմակայելու այդ պատերազմին Դաշնակցությունը՝ Հրանտ Մարգարյանն ասել է, որ այդ պատերազմն ավելի շատ Տիգրան Սարգսյանին է վնասելու, այլ ոչ թե Դաշնակցությանը:



Ինչ վերաբերում է  վարչապետի անվան հետ կապվող օֆշորային սկանդալին, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն ասել է, թե գնահատական արդեն տրվել է, իսկ Տիգրան Սարգսյանն էլ իր բացատրություններով ինքն իրեն դրել է ծիծաղելի վիճակի մեջ:



«Այսինքն` չե՞ք  հավատում վարչապետի այն բացատրություններին, որ տեղյակ չի եղել, թե ինչպես է իր անունը հայտնվել օֆշորային կազմակերպության բաժնետերերի ցանկում» հարցին Մարգարյանը պատասխանել է. «Եթե ինքն այդպես է ասում, ուրեմն ծիծաղելի է»:

Նա ևս մեկ անգամ համոզմունք է հայտնել, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է պաշտոնանկ արվի, ինչի մասին Դաշնակցությունը բազմիցս ասել է․ «Եթե երկրի մեջ վերջին հույսի նշույլը չենք ուզում սպանել, դա նվազագույն քայլն  է, որ պետք է արվի, և ոչ միայն վարչապետը՝ բավականին մարդ կա, որ պետք է փոխվի»:



Հարցին, թե նախագահի փոփոխությունն է՞լ են  պահանջում, Հրանտ Մարգարյանն արձագանքել է. «Նախագահի փոխվելը ժողովրդի կամքից է կախված, նրան փոխում է ժողովուրդը»

 

«Վարչապետը մեծ հարգանքով է վերաբերվում ավանդական կուսակցություններին»


«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով Դաշնակցության բյուրոյի ներկայացուցչի վերոհիշյալ հայտարարությունները՝ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը ասել է․  «Նախ զարմացած ենք, թե ընդհանրապես ինչ պատերազմի մասին կարող է խոսք գնալ և ինչ նկատի ունի պարոն Մարգարյանը»:

«Վարչապետ Տիգրան Սարգսյանը մշտապես մեծ հարգանքով է վերաբերվել և վերաբերվում ավանդական կուսակցություններին՝ շեշտելով, որ դրանք ազգային հարստություն են: Ինչ վերաբերում է ՀՅ Դաշնակցության ներքին զարգացումներին, ապա դրանք կուսակցության ներքին խնդիրներն են, և Տիգրան Սարգսյանը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, այլ կուսակցությունների խնդիրներով չի զբաղվում», - ընդգծել է Բերբերյանը:

«Տնտեսական քաղաքականության վերաբերյալ գնահատականների հետ համաձայն չենք, և եթե այդ գնահատականները ուշադրություն գրավելու նպատակ ունեն, ապա դա այլ խնդիր է», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է վարչապետի խոսնակը: