Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրերին Սփյուռքի գաղթօջախներում նշվում է Հայ Յեղափոխական Դաշնակցության 120-ամյակը: Արդեն վաղուց ավանդույթ է՝ դեկտեմբերի սկզբներին կազմակերպվող Դաշնակցության օրվան նվիրված տոնակատարություններին փորձ է արվում արժևորել անցած ճանապարհը, հստակեցնել Հայրենիքին հուզող խնդիրների լուծման ուղիները:
Դեկտեմբերի 4-ին ՀՅԴ օրվան նվիրված մեծ հանդիսություն էր կազմակերպվել Տորոնտոյում, որտեղ ելույթով հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նրա խոսքը ուղղված էր ոչ միայն կանադահայությանն, այլև համասփյուռ հայությանը:
Ներկայացնում ենք հատվածներ Հրանտ Մարգարյանի ելույթից.
ՀՅ Դաշնակցության ծնունդով սկիզբ առավ մեր ժողովրդի երկու մեծ հատվածների ընտրյալների ժողովումը մեկ միացյալ կազմակերպության մեջ, մեկ ընդհանուր նպատակի համար ծավալվեց մեկ ընդհանուր պայքար: Ու շարունակվեց պայքարը, և շարունակվելով էլեկտրականացավ հայկական իրականությունը: Ի տես ծավալված միասնական պայքարի անհետացան նույն ազգը բաժանող 9-ը դարյա արգելքները, խոչընդոտող սահմանները: Մի քանի տասնամյակ երկարող պայքարից հետո հրի ու սրի, մոխիրների միջից ծնունդ առավ Հայկական պետականությունը` իբրև հիմնական գրավական ազգի մեկության ու հավերժացման: Հայկական Պետականություն, որ վերջ դրեց մեր ժողովրդի 9-ը դարյա կործանման ընթացքին: Մոխիրների միջից հառնեց մեր պետությունը և սկիզբ առավ հայ ժողովրդի վերելքը, հզորացումը: Քաղաքական գործոն դարձանք ու ապահովեցինք մեր ազգի գոյությունն ու զարգացումը:
Դաշնակցության ամենամեծ ձեռքբերումը ազգի մեկության ապահովումն էր և հայկական պետականության վերականգնումը:
Այդպիսով, բաժան-բաժան ժողովրդից վերածվեցինք ազգի, կործանվող, սպառվող ժողովրդից դարձանք պետականություն, քաղաքական ինքնուրույն գործոն: Մենք փրկվեցինք ազգի մեկության պահպանմամբ ու անկախ պետականության վերականգնումով:
Ազգային Անկախ Պետականությունն այսօր մեր հիմնական գրավականն է ազգի անվտանգ գոյության ու համընդհանուր զարգացման. արդեն իսկ Արցախով մասամբ իրականացած, բայց վստահ` վաղը նորանոր հաղթանակներով Միացյալ Հայաստանի իրականացմամբ:
Մենք ունեցանք վերջին 9-10 դարերի ամենամեծ հաղթանակը, նվաճումը, մենք ձեռք բերեցինք զարգանալու, վերականգվելու, նորանոր հաղթանակներ ունենալու հիմնական հնարավորությունը: Մենք ձևավորեցինք հայ ժողովրդի առանցքը, մենք փրկվեցինք:
Եվ այսօր, մենք պետք է մեր Անկախ Պետականության փաստը, ինչպես կասեր մեծ գրող Հրանտ Մաթևոսյանը, ընդունենք իբրև սրբություն, դավանանք` անկախ այն բանից, թե այնտեղ ով է իշխանություն, ով նախագահ, և ով վարչապետ:
... Սփյուռքում այսօր լսվող` Սփյուռքը առանձնաբար կազմակերպելու, Արևմտահայաստանի դատին առանձնաբար տեր կանգնելու, Ցեղասպանության հարցը առանձնաբար հետապնդելու ձայները, կոչերը ուրախացնում, քաջալերում է նույն ապազգային տարրերին, որոնք օր առաջ փորձում են ձեռբազատվել համահայկական հարցերից:
... Սփյուռքի առանձնաբար կազմակերպական կառույց ստեղծելու, անմեղ թվացող մտորումները, գիտակցաբար կամ անգիտակցաբար, հավատում եմ, ուզում եմ հավատալ` անգիտակցաբար, ծառայում են նույն նպատակին մասնատել ազգը կամ ազգային ճիգերը, հեռացնել հայկական պետականությունը հայկական Սփյուռքից, ստեղծել կեղծ մրցակցություն ազգային հատվածների միջև և տկարացնել մեզ ընդհանրապես:
... Առանձին կառույց ձևավորելով` մենք մեր մեջ կստեղծենք հարցեր և կհեռանանք համահայկական հարցերից, իսկ ինչպե՞ս պետք է պատկերացնել համահայական նույնանման հարցերի վերաբերյալ առանձնաբար ցուցաբերված կեցվածքները: Կարո՞ղ են լինել տրամագծորեն տարբեր մոտեցումներ, քաղաքականություն, գործունեություն ազգի տարբեր հատվածների կողմից ազգին վերաբերող միևնույն հարցերի նկատմամբ: Չի կարելի նաև մտածել, թե համահայկական հարցերը մեր պետականության հարցերը չեն, կամ մեր ժողովրդի մեկ մասի, կարևոր մեկ մասի հարցերն են: Մենք մեկ ազգ ենք և միասնաբար ունենք խոցված ընդհանուր արժանապատվություն, միասնաբար ժառանգներն ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության: Մենք մեկ ազգ ենք և միասնաբար ունենք կորուսյալ Հայրենիք, ոտնահարված իրավունքներ, մենք մեկ ազգ ենք և ունենք մեկ դատ, մեկ միասնական պայքար:
Անըդունելի են նաև խոհեմության քողի տակ թաքնված այն կարծիքները, թե կա պետական շահ և ազգային շահ, և պետությունը միշտ չէ, որ կարող է ազգային շահերին հետամուտ լինել: Ճիշտ չէ, անընդունելի է այս մոտեցումը: Եթե խոսքը մեր պետականության մասին է, այն ազգային պետականություն է և երբ պետականությունը կշեղվի իր էությունից մեր հարցը այն իր ճիշտ հունի մեջ դնելն է, այլապես, այն ինչ պետք է ազգին, պետք է մեր պետականությանը, այն ինչ պետք է մեր պետականությանը պետք է նաև մեր ազգին:
Այդուամենայնիվ, ընդունում ենք, որ խնդիրը գոյություն ունի: Այո կա համահայկական կառույցի անհրաժեշտություն և այդ կառույցը մեր պետականությունն է: Ընդլայնենք Ազգային Ժողովի կազմը կամ առաջացնենք վերադաս համահայկական նոր սենատ, դարձնենք այն համահայկական որտեղ նաև ներկայացուցիչներ լինեն Արտերկրից: Ճիշտ կլինի որ այն ընտրվի համամասնական ցուցակով շրջանային կամ համսփյուռքյան մակարդակով, թող նրանք մասնակից լինեն Ազգային Ժողովի բոլոր քննարկումներին, սակայն նրանց վերապահենք համահայկական օրակարգերով վճռական ձայնի իրավունք: Առաջարկությունս դեռ լուրջ քննարկում ու մշակում է պահանջում, բայց այն նոր գյուտ չէ, այդպես են վարվել նաև այն պետությունները, որոնք ունեն մեծ Սփյուռք...