Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը` Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում
ՀՀ և ԼՂՀ մեծարգո նախագահներ,
Վեհափառ տերեր,
Հարգելի ներկաներ,
Հայրենիք - Սփյուռք համաժողովները տարեցտարի էլ ավելի կարեւոր են դառնում: Կարեւոր՝ թե քաղաքական, թե ազգային առումներով:
Հայրենիք - Սփյուռք համաժողովները աստիճանաբար վերածվում են մեր խնդիրներն ու անելիքները միասնաբար քննարկելու ու լուծումներ գտնելու իրական ելակետի:
Այս համաժողովներում հնարավոր է հասնել համընդհանուր եզրակացությունների, թե ինչ է պետք անել եւ ինչ պետք չէ անել: Ընդգծել այն կարեւորը, որով կառաջնորդվեն թե իշխանությունները, թե ընդդիմությունը, թե Հայաստանում, թե Սփյուռքում, թե Արցախում եւ Ջավախքում աշխատող հասարակական-քաղաքական գործիչներն ու կառույցները: Մենք բոլորս էլ գիտենք, թե որն է մեր ընդհանրական նպատակը՝ ապահովել մեր ժողովրդի անվտանգ ներկան ու ապագան եւ հիմքեր ստեղծել համընդհանուր կայուն զարգացման համար:
Մեր նպատակն իրականացնելու ճանապարհ, անտարակույս, կա, սակայն այդ ճանապարհին կան կարմիր գծեր, որոնք հատելու իրավունք մենք չունենք, այլապես կդանդաղեցնենք մեր ընթացքը եւ կարող ենք մնալ կես ճանապարհին:
Եթե մենք ճշգրտորեն տանք ՙչի կարելիի՚ սահմանումները, ճշտենք հստակ ցանկը եւ ինքներս մեզ պարտադրենք հետեւողական լինել, ապա հավատացեք, մենք կապահովենք մեր անշեղ ընթացքը:
Սկսենք ամենակարեւորից. չի կարելի կատարել քայլեր կամ աջակցել քայլերի, որոնք մեր սերունդների իրավունքների տիրույթում են:
- Մեր սերունդի մեծագույն ձեռքբերումը Արցախով միավորված 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով անկախ Հայաստանն է: Այն այլեւս միայն մեր սերնդինը չէ, այն նաեւ հաջորդ սերունդների իրավունքն է: Այս 42 հազար քառակուսի կիլոմետրից չի կարելի զիջել եւ ոչ մի բան:
- Չի կարելի որեւէ կերպ գնալ Հայոց մեծ երազի արժեզրկման: Անկախ նրանից թե երբ կլինի մեր օրվա օրակարգում հայրենիքի բռնագրավված մասի ազատագրումը, չի կարելի ուղղակի եւ անուղղակի զիջել մեր, մեզ հաջորդող սերունդների իրավունքը: Թող այն ոմանց համար նույնիսկ երազանք համարվի, սակայն չի կարելի հրաժարվել ազգային երազանքից: Ազգային երազանքը մեր կենսունակության մղիչ ուժն է: Եւ հենց այս համատեքստում չի կարելի գնալ հայ ժողովրդի անանց իրավունքների հաշվին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու փորձերի:
- Չի կարելի զիջել հայերենը՝ տուրք տալով օտարամոլությանը եւ հարմարվելով ժամանակի թվացյալ ու կեղծ պահանջներին:
- Չի կարելի արտագաղթել Հայաստանից, հայապատկան հողերից: Չի կարելի նպաստել արտագաղթին: Չի կարելի չգիտակցել, որ մեզանից յուրաքանչյուրը ոչ միայն երկրի մի մասնիկն է այլեւ՝ երկրի հիմքը եւ ինչքան ամուր լինենք մենք, այնքան ամուր կլինի երկիրը:
- Որքան ուզում է մեծ լինի անհամաձայնությունը իշխանությունների վարած քաղաքականության հետ, որքան ուզում է մեծ լինի անվստահության չափաբաժինը, որքան ուզում է գլուխ բարձրացրած լինի հիասթափությունը, որքան ուզում է կորած լինի հավատը, միեւնույն է, չի կարելի խռովել հայրենիքից:
- Չի կարելի մեր ներքին հարցերին մասնակից դարձնել օտարներին, համակերպվել օտար ուժերի կողմից ներհայկական միասնականության բանաձեւի փոփոխմանն ու քայքայմանն ուղղված ցանկացած դրսեւորման: Մենք պետք է գիտակցենք, որ մեր ներքին հարցերը միայն պատրվակ են օտարների համար իրենց սեփական շահը ի հաշիվ մեր իրավունքների եւ ինքնիշխանության լուծելու:
- Չի կարելի տուրք տալ ընդհանուր նպատակների շուրջ հետզհետե ձեւավորվող ներհասարակական, միջհամայնքային համախմբման միտումները ձախողելու փորձերին: Տուրք տալ Հայ եկեղեցու, ավանդական համայնքային կառույցների ազդեցությանն ու համախմբված գործունեության կազմալուծմանն ուղղված քայլերին:
- Երբ խնդրո առարկա է դառնում երկրի անվտանգությունը, չի կարելի միակամ ու միասնական չլինել: Լավագույն օրինակն ունեցանք վերջերս, երբ թշնամին ձեռնարկեց իր հերթական, այս անգամ շատ ավելի մասշտաբային ոտնձգությունը մեր սահմանների նկատմամբ: Մենք ոչ միայն վերստին համոզվեցինք հայկական բանակի բարձր պատրաստվածության եւ արիության մեջ, այլեւ ականատես եղանք ողջ ժողովրդի ինքնակամ զորակցությանը եւ քաղաքական ուժերի միասնականությանը:
- Չի կարելի պառակտել ազգը: Մենք մեկ ազգ ենք, թշնամին արդեն բաժան - բաժան է արել մեզ, եւ մենք իրավունք չունենք մեր հերթին արհեստական նորանոր բաժանումներ անել ինքներս մեր մեջ: Կա մեկ ազգ, որ ապրում է հայրենիքում եւ դաժան պատմության բերումով տարածված է աշխարհով մեկ:
«Չի կարելիների» այս շարքում չեմ կարող առանձնաբար չանդրադառնալ նաեւ ներքաղաքական հարաբերություններին՝ իշխանությանը եւ ընդդիմությանը:
- Չի կարելի խտրական վերաբերմունք ունենալ սեփական ժողովրդի նկատմամբ: Չի կարելի քաղաքացիներին բաժանել յուրայինների եւ օտարների:
- Չի կարելի ժողովրդին զրկել ազատ կամարտահայտվելու իրավունքից՝ ոչ փողի, ոչ նվերի, ոչ էլ, առավել եւս, ճնշումների միջոցով:
- Չի կարելի ժողովրդի խնդիրները դարձնել սեփական պայքարի թեմա, քանի դեռ չունես այդ խնդիրները լուծելու բանալին:
- Չի կարելի քննադատել քննադատելու համար, դրանով ոչ թե վատություն ես անում ինչ որ ուժի, այլ վատություն ես անում պետությանը:
-Իշխանություն լինես թե ընդիմություն չի կարելի իշխանություն պահպանելու կամ իշխանության հասնելու համար զիջել երկրի անկախության և անվտանգության երաշխիքները: Բոլորս հավասար չափով պատասխանատու ենք երկրի անվտանգության համար, անկախ այն բանից թե ներքաղաքական դաշտում ուր ենք գտնվում:
Ուր կա անօրինականություն ու կամայականություն, ընդվզումն անխուսափելի է: Միասնականությունն ու կայունությունը հնարավոր են դառնում, երբ կա արդարություն: Այլապես ժողովուրդն անկախ իրենից վարակվում է դրսի անպատեհ օրինակներով: Մինչդեռ, համոզված եղեք, մեր պարագայում «մայդանները» ոչ մի լավ տեղ չեն կարող տանել: Խնայենք մեր երկիրը նոր «մարտի 1-երից»:
«Չի կարելիների» այս շարանը կարեւոր է մասնավորապես, երբ դիմագրավում ենք ներկա լարված ու վտանգավոր տարածաշրջանային քաղաքական կացությունը: Ամենամեծ վտանգը երկրի Արեւելյան ու Արեւմտյան սահմանում դարանակալած հակառակորդին դեմ հանդիման մենակ մնալն է: Մեր ուժի հիմնական ապավենը մենք ենք ու մեր միասնականությունը: Սա կարող է իրականություն դառնալ, եթե մենք նույն նպատակն ենք հետապնդում եւ նույն խաղի կանոններով առաջնորդվում: