Փոխարժեքներ
07 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 416.1 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 499.15 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
Կանադայում շարունակվում են Դաշնակցության օրվան նվիրված տոնակատարությունները: Առաջին մեծ հանդիսությունը կազմակերպվել էր Տորոնտոյում՝ դեկտեմբերի 4-ին: Հաջորդ օրը, դեկտեմբերի 5-ին, տոնակատարությունը շարունակվել է Մոնրեալում: Հանդիսություններին ելութներով հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Եթե Տորոնտոյում ունեցած նրա ելույթը վերաբերում էր ազգի միությանը և պետականության հզորացման անհրաժեշտությանը, ապա Մոնրեալի ելույթում նա խոսել է Հայաստանում Դաշնակցության դերակատարության մասին, պատասխաններ տվել կուսակցությանն ուղղված մի քանի առավել հաճախ հնչող քննադատություններին:
Հատված Հրանտ Մարգարյանի Մոնրեալում ունեցած ելույթից.
...Մեզ ասում են կեղծ ընդդիմություն եք, քանի որ ըննդիմության` այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ չեք համագործակցում: Իսկ մյուս ուժերը, որ միացել են Տեր-Պետրոսյանին, համագործակցո՞ւմ են, թե նրա կողմից կառավարվում են: Նրանք ընդդիմության դաշտում ընդունել են Տեր-Պետրոսյանի իշխանությունը, այնտեղ այլևս չկա ժողովրդավարություն, ի չիք է դարձել կուսակցությունների ինքնուրույնությունն ու արժանապատվությունը: Այնտեղ կռապաշտություն ու բռնատիրություն է: Ասում են` եթե կեղծ չեք, եկեք ընդունեք այս իշխանությունը, կամ այլ խոսքով` եկեք մեր հասկացած ձևով համագործակցենք: Իհարկե զարմանալի է` եթե մենք կեղծ ենք ինչո՞ւ են ուզում մեզ հետ համագործակցել, միթե՞ ցանկալի է կեղծ ուժի հետ համագործակցություն:
Մենք 10 տարի իշխանությունների հետ եղանք, բայց չկորցրինք մեր ինքնուրույնությունն ու ինքնաղեկավարումը, իսկ շանտաժով համագործակցության հրավերները կարող են միայն ծիծաղելի լինել:
Մյուս մեղադրականը, որ հնչեցնում են նաև բարյացակամ մարդիկ. Դաշնակցությունը ինչո՞ւ չի հաջողում:
Ասում են` Հայաստանի Հանրապետությունում 20 տարվա անցյալ ունեք, ինչո՞ւ դեռ իշխանություն չեք, ինչո՞ւ ընտրություններում այդքան քիչ են ձեր քվեները: Ինչո՞ւ չեք կարողանում վերացնել երկրում առկա դժվարությունները: Մի խոսքով` ինչո՞ւ այն չեք, ինչ պետք է լինեիք:
Ակնկալիքները մեզնից մեծ են: Չեմ ուզում պաշտպանվեմ, չեմ ուզում ինքնարդարացման ավելորդ ճիգ թափեմ, որովհետև ակնկալիքները պարտավորեցնող են, և լավ է, որ դրանք լինեն: Մենք ևս մեզանից գոհ չենք: Երբ մենք մեզանից գոհ լինենք ու դուք էլ դադարեք մեզանից ակնկալիքներ ունենալ, նշանակում է` մենք էլ ենք դարձել հերթական կուսակցություն, մի օր լավ, մի օր վատ` կանցնի կգնա:
Ամեն ինչ համեմատական է: Մենք մեզ ում հետ ենք համեմատում: Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքը խաբուսիկ է, եղել են քաղաքական ուժեր` կուսակցություններ, քաղաքական գործիչներ, նախագահի թեկնածուններ, ասուպի պես հայտնվել են ասպարեզում, ստացել 40%-50% քվեններ, ու հաջորդ ընտրություններին կամ արդեն քաղաքական գործով չեն զբաղվել կամ ունեցած քվեները բառացիորեն մի քանի տոկոս են կազմել: Հիմա մենք մեզ համեմատենք դրանց հետ, դրանց ո՞ր վիճակի հետ:
Իսկ անկախությունից հետո այդ ո՞ր քաղաքական ուժն է իշխանության հասել, միշտ էլ իշխանությունն է վերարտադրվել, բայց որ այդպես չի մնալու և մենք փոխելու ենք կյանքը մեր երկրում, վայրկյան իսկ չեմ կասկածում, սակայն այսօր ինչպես ենք դիրքորոշվում:
Թվում է, թե հարցերը նույն են, դուք էլ շատ անգամներ կարդացել ու լսել եք այդ մասին. մեր երկրում կա կոռուպցիա, մոնոպոլիաներ, հասարակությունը բևեռացված է թույլ չեն տալիս տնտեսությունը, մասնավորաբար մանր ու միջին բիզնեսը շնչի, զարգանա, կա անարդարություն, օրենքի առաջ բոլորը հավասար չեն, կա խտրական վերաբերմունք, կան արտոնյալներ, որոնք անպատժելի են, իսկ մեծամասնությունը անպաշտպան է, զրկված պետական հոգատարությունից;
Մենք էլ ուզում ենք վերացնել կոռուպցիային տոն տվող պատճառները, կազմակերպված պայքար ծավալել դրա դեմ, վերացնել տնտեսական մենաշնորհները, իսկապես ստեղծել մրցակցության հավասար դաշտ, աջակցել մանր ու միջին բիզնեսին, օժանդակել ներքին արտադրողին, ստեղծել արդարություն, օրենքի առջև բոլորը պետք է հավասար լինեն, հասարակական կարգապահություն ապահովել, պաշտպանել քաղաքացուն, պետական հոգատարության տակ առնել բոլորին: Այս ամբողջը դուք գիտեք և ես հարկ չեմ համարում ավելի շատ անդրադառնալ այս ամենին:
Եթե բոլորս գիտենք այս ամենը, նաև գիտենք` ինչպես պետք է փոխենք մեր կյանքը, ապա ինչի՞ ենք սպասում: Ինչպե՞ս է լինում շատ ու շատ երկրնեում. ծրագիր ես ներկայացնում, ժողովուրդը ընտրում է քեզ, դու էլ փորձում ես ծրագիրդ իրագործել: Եթե ժողվրդավարական չի երկիրդ, թույլ չեն տալիս ժողովուրդը իր կամքը արտահայտի, դիմում ես հեղափոխության և ոչ օրինական իշխանության հետ վարվում ես ոչ օրինական մեթոդներով: Սակայն հարցը այդքան պարզ չէ: Կան խնդիրներ, որ պետք է հաշվի առնել, եթե չես ուզում «հոնքը սարքելու տեղ՝ աչքն էլ հանես»:
Ժողովրդավարություն մեր երկրում բավարար չափով չկա, սակայն այնքան կա, որ քեզ չհաջողվի անօրինական միջոցներով գործելու բարոյական իրավունքն ունենալ: Մենք դեռ կայացած ժողովրդավարական երկիր չենք ոչ միայն այն պատճառով, որ մեր իշխանությունները դա չեն ուզում, այլ նաև այն պատճառով, որ ժողովուրդը դեռևս քաղաքականորեն կազմակերպված չէ, ընտրություններում դեռևս քաղաքական ծրագիրն ու կենսագրությունները չեն, որ վճռորոշ են: Քաղաքական աճապարարություններն ու ամբոխավարությունը գերակշռում է տրամաբանությանն ու ծրագրին, հիշողությանը, նույնիսկ մոտ անցյալի հիշողություններին, հաճախ վատը փոխարինվում է ավելի վատով, հաճախ ընտրողը, գյուղապետի, թաղային ինչ-որ հեղինակության խոսքից չանցնելու համար, քվեարկում է իր ցանկությանը հակառակ, իր շահերին դեմ, որովհետև քաղաքական ուժերը դեռ չեն կազմակերպվել հասարակական լայն մասշտաբով: Քաղաքական կուսակցությունները հաճախ չունեն անհրաժեշտ, վստահելի, կարող մարդուժը ընտրություններին օրենքով ճշտված կերպով իրենց իրավունքներին տեր կանգնելու համար: Միայն ընտրակեղծիքները չեն, որ վիճակ են ստեղծում, մենք` քաղաքական կուսակցություններս էլ հաճախ ի վիճակի չենք մեր արդարությունը պաշտպանելու:
Մենք մեր նկատմամբ ազնիվ ու խիստ պետք է լինենք: