Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հոկտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Պիոտրովսկուն:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց տիար Պիոտրովսկուն: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց Մայր Աթոռի թանգարանների և Պետական Էրմիտաժի միջև ձևավորված սերտ համագործակցության համար` մասնավորապես բարձր գնահատելով Էրմիտաժի տնօրենի գործունեությունը`ուղղված Հայ Եկեղեցու պատմական սրբազան արժեքների վերականգնման և պահպանման գործում Մայր Աթոռին ցուցաբերվող մեծ աջակցությանը և մասնագիտական խորհրդատվությանը:
Այնուհետև Տիար Միխայիլ Պիոտրովսկին Նորին Սրբությանը ներկայացրեց առաջիկայում Էրմիտաժում Մայր Աթոռի թանգարանների հետ համատեղ կազմակերպվելիք Հայ Եկեղեցու եկեղեցական վարագույրների և խույրերի ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կարևոր դերակատարությանը հայ հոգևոր սրբազան արժեքների հավաքագրման ու պահպանության գործում, ինչպես նաև թանգարանային ցուցադրությունների ընդլայնման հեռանկարներին:
Հանդիպումից հետո Գարեգին Բ Վեհափառն ու տիար Պիոտրովսկին այցելեցին «Ռուբեն Սևակ» նորաբաց թանգարան, ինչպես նաև «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան: