Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանը զենք է վաճառվել Ադրբեջանին, որը ցավագին է ընդունվել մեր` հայերիս կողմից: «Կտրականապես իրարամերժ կարծիքներ են հնչեցվում Հայաստանում. կարելի է ասել, որ զենքն արդեն սկսել է գործել Հայաստանում` ոչ թե ուղղակի կրակում է, այլ մեր մեջ ճաքեր, բաժանում է առաջացրել»,- այսօր լրագրողներին ասաց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:
Նա եւ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ ներկայացրեցին Ադրբեջանի կողմից սպառազինությունների նոր խմբաքանակի ձեռքբերման հնարավոր հետեւանքները մեր տարածաշրջանում:
Անդրադառնալով հարցին, թե ինչ է իրականում տեղի ունեցել այդ սպառազինության ձեռքբերման արդյունքում` Դավիթ Ջամալյւանը նշեց, որ ադրբեջանական ռազմավարությունը տեղավորվում է հետեւյալ տրամաբանության մեջ` ձեռք բերել այնպիսի կրակային հզորություն, ճակատի որոշ հատվածներում ապահովել կրակի այնպիսի բարձր խտություն, որը հնարավորություն կտա ադրբեջանական կողմին բլից-կրիգով` կայծակնային հարվածով, ճեղքել արցախյան ճակատում մեր պաշտպանության գծի մի քանի տեղամասեր` հարված հասցնել մի քանի ուղղություններով եւ բավականաչափ արագ լուծել իրենց խնդիրները:
«Հարցը, որ մենք պետք է ձեւակերպենք, հետեւյալն է` արդյո՞ք նրանց ձեռք բերած սպառազինությունների վերջին խմբաքանակը բավարար է այդ խնդրի լուծման համար: Մենք պետք է իրատես լինենք` սա քայլ է` ընդառաջ այդ նպատակի իրականացմանը, բայց, այնուամենայնիվ, դեռեւս չի նշանակում այն անհրաժեշտ ռեսուրսի ապահովում, որով ադրբեջանական բանակն ունակ կլինի արցախյան ճակատում մի քանի ուղղություններով հայկական պաշտպանությունը ճեղքել ու կայծակնային պատերազմում հաղթանակ ապահովել: Մեր պատասխանը պետք է լինի հետեւյալը` առավելագույնս օգտագործել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընձեռած հնարավորությունները եւ հնարավորինս արագ չեզոքացնել այն պոտենցիալ սպառնալիքը, որն առկա է»,- նշեց ռազմական փորձագետը:
Ըստ նրա` խոսքը սպառազինությունների մրցավազքի նոր փուլի մասին պետք է լինի: «Բայց այդ սպառազինությունների մրցավազքի մեջ մենք պետք է շատ մտածված ու առանց ավելորդ հուզականության մտնենք: Մեր երկիրը, որն ունի սահմանափակ ռեսուրսներ, ասիմետրիկ պատասխանի ռազմավարությամբ պետք է սպառազինվի:
Այսինքն` առաջնահերթության կարգով ձեռք բերել այնպիսի սպառազինություն, որը ունակ է զսպել ագրեսորին` թշնամուն, եւ անհրաժեշտության դեպքում խոցել ու ոչնչացնել թշնամու խոր թիկունքում գտնվող կարեւորագույն ենթակառուցվածքները: Որպես կանոն` այստեղ պետք է խոսենք հրթիռային տեխնիկայի մասին, որը ունենք, եւ հեռանկարը լավատեսություն է ներշնչում` մեր երկիրն այդպիսի սպառազինություն կստանա: Երկրորդը, իհարկե, նաեւ սիմետրիկ պատասխանի տարրեր էլ պետք է լինեն մեր սպառազինվելու ռազմավարության մեջ. Մասնավորապես` շեշտը պետք է դրվի հակատանկային միջոցներ, ռեակտիվ հրետանայյին համակարգեր ձեռք բերելու վրա, այսինքն` լրիվ չանտեսելով սիմետրիկ պատասխանը, առաջնահերթություն տալ ասիմետրիկ պատասխանին»,- ասաց Դավիթ Ջամալյանը:
Նրա խոսքերով` հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը մեզ թույլ է տալիս մատչելի գնով սպառազինություններ ձեռք բերել, բայց այդ մատչելի հասկացությունը հարաբերական է, քանի որ նույնիսկ դա է մեր երկրի համար բարդ. այն ինչ անում է Ադրբեջանն իր հնարավորություներով, մեզ համար շռայլություն է: