Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ելույթը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում «Կոռուպցիան որպես սպառնալիք իրավունքի գերակայությանը» զեկույցի շուրջ:
Հարգելի նախագահ,
Հարգելի գործընկերներ,
Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել զեկուցող Մայլիս Ռեպսին իր որակյալ զեկույցի համար: Պայքարն կոռուպցիայի դեմ շարունակական է և մենք պետք է հարգենք յուրաքանչյուր քայլ, որն ուղղված է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին և վերջինիս վերացմանը: Հասարակության զարգացմանը զուգահեռ մշակվում և կիրառվում են կոռուպցիոն նոր մեխանիզմներ՝ դարձնելով այն ավելի լատենտային, քան նախկինում՝ այդպիով ավելի բարդացնելով բացահայտումը: Այս խնդրի դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը ուսումնասիրության և քննության նոր մեթոդների մշակումն է՝ ի պատասխան փոփոխվող կոռուպցիոն միջավայրի:
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմքում ի թիվս այլ հիմնարար սկզբունքների պետք է ընկած լինեն իրավական որոշակիության և կամայականության արգելքի սկզբունքները: Այս երկու սկզբունքները պետք է ուղեցույցներ լինեն պետական պաշտոնյաների և վարչական մարմինների հայեցողության սահմանները որոշելիս: Հայեցողությունը կառավարման և վարչարարության անհրաժեշտ տարր է, քանի որ այն անհատականացնում է օրենքը, բայց դա նաև հնարավոր կոռուպցիայի աղբյուր է: Դա է պատճառը, որ անհրաժեշտ է սահմանել որոշակի ու հստակ կանոններ, որոնք պետք է կարգավորեն պետական պաշտոնյաների կողմից հայեցողական լիազորությունների իրագործումը, հնարավորություն ընձեռելով լիազորությունների արդյունավետ իրականացման և միևնույն ժամանակ հնարավորինս նվազեցնելով կամայականության հավանականությունը: Այդ կանոնները նաև երաշխիք են իրավական որոշակիության սկզբունքի պահպանման համար, որն օրենքի գերակայության էական մաս է:
Ես անշուշտ համաձայն եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոց է հանդիսանում հրապարակայնությունը: Տեղեկատվության և աջակցության տրամադրման պարագայում, քաղաքական կուսակցություններն ու կազմակերպությունները կարող են նպաստել կոռուպցիոն դեպքերի հետաքննությանն և բացահայտմանը: Ըստ էության կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջոցը լրատվամիջոցների ազատության եւ անկախության երաշխավորումն է:
Կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է ավելի մեծ ներդրումներ կրթության, ժողովրդավարության, օրենսդրության և ազատ լրատվամիջոցների զարգացման մեջ: Այս առումով հարկ է նշել, որ այն աշխատանքը, որն իրականացվում է միջազգային և ներպետական կազմակերպությունների կողմից կարևոր ներդրում ունի կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում:
Ես համաձայն եմ զեկուցողի հետ, որ կապը լոբբինգի եւ կոռուպցիայի ուշադրության արժանի հարց է: Եվրոպայի խորհուրդը, լինելով վարքագծի կաննոներ և ժողովրդավարության սկզբունքներ սահմանող մարմին պետք է լինի առաջինը այդ դրանց կիրառման հարցում: Զեկույցում արդարացիորեն նշվում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքում մենք հանդիպել ենք ոչ պատշաճ լոբբինգի դրսևորման դեպքերի: Դրա ակնառու օրինակ է պարոն Շտրասերի Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի վերաբերյալ զեկույցի ձախողումը: Սա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ոչ պատշաճ լոբբինգի իրական մի օրինակ է, որը մենք չպետք է հանդուրժենք:
Այսպիսով, լոբբինգը կարգավորող նոր կանոնագրքի ընդունումը կարևոր ներդրում կունենա այս խնդրի լուծման հարցում ոչ միայն անդամ պետությունների ներպետական մակարդակով, այլև հենց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Եթե մենք ցանկանում ենք փոփոխություններ կատարել մենք պետք սկսենք մեզանից:
Շնորհակալություն ուշադրության համար: