կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-26 16:19
Իրավական

Ծեծող ոստիկանը տկարամիտ է, մսագործ...

Ծեծող ոստիկանը տկարամիտ է, մսագործ...

Արդեն հայտնել ենք,  որ այսօր առավոտից Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ  մի շարք միջոցառումներ են կազմակերպել  «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) և «Ընդդեմ իրավական կամայականության» (ԸԻԿ) հասարակական կազմակերպությունները:

 

Ակցիայի մասնակիցները, ովքեր կրում էին «Բացահայտեք և պատժեք խոշտանգողներին», «Կոչ ենք անում զերծ մնալ խոշտանգումներից»,  «Ծեծող ոստիկանը տկարամիտ է, մսագործ» և այլ գրություններով պաստառներ,  քայլերթով շարժվեցին ՀՀ ոստիկանություն, Կենտրոն-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ՀՀ դատախազության, ապա ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ Վճռաբեկ դատարան: Միջոցառման մասնակիցների կարգախոսն էր «Հայաստանն առանց խոշտանգումների»:

 

Սակայն ոստիկաններն ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին մոտենալ ոստիկանության գլխավոր շենքին` պատճառաբանելով, որ այդտեղ  ակցիա անել արգելվում է: Մասնակիցներից միայն երկուսին թույլ տվեցին մտնել շենք և նամակ հանձնել ոստիկանապետին:

 

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչ Մերի Ալեքսանյանի խոսքով` ակցիայի  նպատակը  խոշտանգումների խնդիրը Հայաստանում ևս մեկ  անգամ բարձրաձայնելն է: «Մենք օրենսդրական փոփոխությունների հետ կապված` առաջարկություններ կներկայացնենք համապատասխան մարմիններին»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա և հավելեց, որ այդ փոփոխությունները կնպաստեն Հայաստանում խոշտանգումների կանխարգելմանը:

 

Ըստ նրա` մեր երկրում խոշտանգումների հիմնական թիրախը  ոստիկանության բաժիններն են,  որտեղ երկար տարիներ հասարակական դիտորդական խմբերը մուտք գործելու իրավունք  չեն ունեցել և միայն վերջերս են  ՄԻՊ-ին  կից ստեղծված` խոշտանգումների ազգային կանխարգելման մեխանիզմի շրջանակներում գործող Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամները թույլատվություն ստացել մուտք գործել ոստիկանության բաժիններ:

 

Նշենք նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի  119-րդ հոդվածը, որը վերաբերում է խոշտանգումներին,  չի  համապատասխանում ՄԱԿ-ի կոնվենցիային: