կարևոր
8146 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-11-09 09:49
Քաղաքական Իրավական

Պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծող ոստիկանը վերադարձել է աշխատանքի․ գործը փակել են․ «Հրապարակ»

Պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծող ոստիկանը վերադարձել է աշխատանքի․ գործը փակել են․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին շուրջ 60 հոգով ծեծի ենթարկած կարմիրբերետավորների պարագլուխներից Գեւորգ Մկրտչյանի լիազորությունները վերականգնվել են։ Հիշեցնենք, որ մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել էին Գեւորգ Մկրտչյանի լիազորությունները։  

Պատգամավորին խմբակային ծեծելու դեպքն այնքան մեծ հնչեղություն ունեցավ, այնպիսի աղմուկ բարձրացավ, որ ոստիկանությունը ստիպված եղավ դադարեցնել նրա լիազորությունները՝ ցույց տալով, թե ՆԳՆ-ի հեղինակությունն ու պատիվը բարձր են, եւ նման դեպքերն էլ դատապարտելի են ու վերադասից չեն խրախուսվում։ Սակայն այդ դադարեցումը,  պարզվում է, ընդամենը մեկ ամիս է տեւել` Գեւորգ Մկրտչյանը մեկ ամիս անց վերականգնվել է նույն պաշտոնին եւ շարունակում է ծառայությունը։ 
Մենք գրել էինք, որ Մկրտչյանը կարմիր բերետների գումարտակում վաշտի հրամանատար է: Նրա լիազորությունները նախկինում մի քանի անգամ դադարեցված են եղել՝ խոշտանգումների դեպքերով պայմանավորված: Իսկ մի դեպքով էլ, ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում բացված ծառայողական քննությունից հետո, կոչումն են իջեցրել: Նորմալ երկրում նման ծառայողին կհեռացնեին համակարգից, իսկ մեզ մոտ, փաստորեն, ցուցարարներին, ընդդիմությանը խոշտանգելը խրախուսվում է ամենաբարձր մակարդակով:

Մեր հարցմանն ի պատասխան, ՆԳՆ-ից հաստատեցին «Հրապարակ»-ի լուրը՝ պարզաբանման մեջ հայտնելով, թե Գեւորգ Մկրտչյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են այն նպատակով, որ նա, լինելով այդ պաշտոնին, չխոչընդոտի քննությանը։ Մկրտչյանի նկատմամբ հարուցված ծառայողական քննությունն էլ իբր կասեցվել է, քանի որ քննչականում է նախաձեռնվել քրեական վարույթ։ «Ըստ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում ոստիկանության ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի ծառայողական քննությանը։

Այս հիմքով, ՆԳՆ ոստիկանության պետի հրամանով ոստիկանության ծառայողի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»,- հայտնում են ՆԳՆ-ից: 
Մոտ մեկ ամիս քննություն իրականացնելուց, Աշոտ Սիմոնյանին ծեծի ենթարկելու տեսանյութերն ուսումնասիրելուց հետո ՆԳՆ-ում «հասկացել են», որ Գեւորգ Մկրտչյանն անմեղ է` ճիշտ է արել, որ անձեռնմխելիություն ունեցող անձին` պատգամավորին, ծեծի է ենթարկել, եւ համարել են, որ արժանի է համակարգում ծառայելուն։ 

«Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի՝ ծառայողական քննություն իրականացնող մարմնի կողմից ծառայողի լիազորությունները կարող են կասեցվել միայն ծառայողական քննության ժամանակ՝ երկու ամսով, ուստի հուլիսի 3-ին ոստիկանության ծառայողի լիազորությունները վերականգնվել են: Ոստիկանության ծառայողների կողմից կարգապահական խախտումը կատարելու հարցը հնարավոր կլինի քննարկել քրեական վարույթի վերջնական արդյունքից հետո»,-մեկնաբանել են ՆԳՆ-ից։ Այս դեպքը մի արատավոր երեւույթի մասին է վկայում` ՆԳՆ-ում եւ Քննչական կոմիտեում միմյանց «պաս տալու» ավանդույթ է ձեւավորվել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առնչությամբ նախաքննությունը դեռ շարունակվում է` որեւէ ոստիկանի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել շուրջ 8 ամիս առաջ։ Առնվազն զավեշտալի է, որ ձեռքի տակ ունենալով պատգամավորին խմբակային ծեծի ենթարկելու մասին բավարար ապացույցներ, այդ թվում՝ տեսանյութեր, Քննչական կոմիտեում դեռեւս գործը գտնվում է նախաքննության փուլում»։