Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժառանգություն»-ից դուրս գալու միտքը ծնվեց այն բանից հետո, երբ կուսակցությունում սկսվեցին քննարկումներ այնպիսի մարդկանց ու քաղաքական ուժերի հետ, որոնց հետ իմ գաղափարներն անհամատեղելի են: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Անահիտ Բախշյանը՝ չմանրամասնելով՝ խոսքը կոնկրետ որ քաղաքական ուժի կամ ուժերի մասին է: Նա նշեց, որ մինչ «Ժառանգություն»-ից դուրս գալու վերջնական որոշում կայացնելն էլ տարբեր ուժերի հետ քննարկումների փուլում է եղել:
Ըստ մեր զրուցակցի՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ համագործակցության քննարկումների շրջանում համագործակցության առաջարկ է ստացել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, սակայն ստիպված է եղել չընդունել այդ առաջարկը, քանի որ բարոյական չի համարում միաժամանակ բանակցել երկու քաղաքական ուժերի հետ:
«Ես չեմ մերժել «Լուսավոր Հայաստան»-ի հետ համագործակցությունը, հակառակը` միշտ սիրով պատրաստ եմ եղել համագործակցել, բայց ոչ այս ընտրության շրջանակներում: Քննարկում եմ այդ խնդիրը «Ազատ դեմոկրատներ»-ի հետ, և միաժամանակ համագործակցելը պարզապես գեղեցիկ չի լինի»,- ասաց Բախշյանը՝ հավելելով. «Լուսավոր Հայաստան»-ին գնահատում եմ, պատրաստ եմ ցանկացած հարցում համագործակցել, բացի այս ընտրություններից»:
Հարցին` փաստորեն, եթե «Ազատ դեմոկրատներ»-ի հետ բանակցության փուլն ընթացքի մեջ չլիներ, կընդունեի՞ք «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկը, Բախշյանը պատասխանեց. «Այո, հնարավոր է, որովհետև ես իրենց համախոհն եմ»: