| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
Լեհաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Լեհաստան այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկևիչ-Վալցի հետ. հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով Տարոն Մարգարյանին՝ տիկին Գրոնկևիչ-Վալցը նախ ընդգծել է, որ հայերի և լեհերի բարեկամությունը դարավոր ամուր հիմքեր ունի, ինչն առավել սպասված և հաճելի է դարձնում Երևանի քաղաքապետին հյուրընկալելը:
«Հայերի և լեհերի դարավոր բարեկամությունն իսկապես լուրջ և ծանրակշիռ խթան է երկու երկրների մայրաքաղաքների միջև սերտ հարաբերություններ հաստատելու համար, և ես վստահ եմ, որ մենք՝ Ձեզ հետ միասին, կարճ ժամանակ անց անպայման կարձանագրենք հաջողություններ երկուստեք փոխշահավետ համագործակցության առումով», - ընդգծել է Հաննա Գրոնկևիչ-Վալցը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին կարևորել է երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը՝ ի մասնավորի ընդգծելով քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակումն ու փոխշահավետ ծրագրերի իրականացումը:
«Երևանն այսօր փոխշահավետ համագործակցության իսկապես մեծ ներուժ ունի, և ես համոզված եմ, որ մեզ իրոք կհաջողվի երկուստեք փոխշահավետ համագործակցություն ունենալ: Այս համատեքստում իսկապես կարևոր քայլ եմ համարում Երևանի և Վարշավայի միջև ակտիվ համագործակցություն ծավալելու Մտադրությունների հուշագրի ստորագրումը, ինչն, անշուշտ, լրացուցիչ խթան կհանդիսանա երկու մայրաքաղաքների բարեկամությունն առավել ամրապնդելու և այն նոր հիմքերի վրա դնելու համար», - նշել է Տարոն Մարգարյանը:
Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկևիչ-Վալցը ստորագրել են Մտադրությունների հուշագիրը, համաձայն որի՝ երկու մայրաքաղաքները պարտավորվել են զարգացնել բարեկամությունն ու խրախուսել Երևանի և Վարշավայի միջև ակտիվ համագործակցությունը։
Հանդիպման վերջում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Հաննա Գրոնկևիչ-Վալցին հրավիրել է Երևան: