Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարշավայում երեկ մեկնարկել է «Խաղաղությունն ու անվտանգությունը Մերձավոր Արեւելքում» երկօրյա խորհրդաժողովը: Նախաձեռնությունն ԱՄՆ-ինն է, որի մասին մերձավորարեւելյան իր վերջին այցի ընթացքում հայտարարել էր պետքարտուղար Մայք Պոմպեոն` նշելով, որ խորհրդաժողովի ընթացքում քննարկվելու են Մերձավոր Արեւելքում խաղաղության, կայաունության եւ անվտանգության հետ կապված խնդիրները, այդ թվում` հատկապես Իրանը եւ նրա տարածաշրջանային դերակատարությունը:
Հենց սկզբից պաշտոնական Թեհրանը բուռն է արձագանքել ընդգծված հակաիրանական ուղղվածություն ունեցող այս խորհրդաժողովի անցկացմանը: ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը խիստ քննադատության է ենթարկել Լեհաստանին, որ այդ երկիրը համաձայնել է հյուրընկալել ԱՄՆ նախաձեռնած հակաիրանական խորհրդաժողովը: Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Արաղչին Լեհաստանի փոխարտգործնախարար Պրզեմիսլավ Լանգի հետ հանդիպման ժամանակ հստակ նշել է, որ Թեհրանը թույլ չի տա խորհրդաժողովի արդյունքում հակաիրանական հնարավոր դաշինքի ձեւավորում, իսկ Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին էլ, խորհրդաժողովը բնութագրելով որպես «անարժեք» նախաձեռնություն, նշել է, որ այն Իրանի հզորության վրա ազդել չի կարող:
ԱՄՆ-ի այս նախաձեռնությունը միանշանակ պետք է դիտարկել ավելի վաղ տարածաշրջանում, այսպես կոչված, «Արաբական ՆԱՏՕ» ստեղծելու տրամաբանության եւ մտադրության շրջանակում, որի նպատակը միանշանակորեն Իրանի մանեւրի հնարավորությունը սահմանափակելը եւ տարածաշրջանային ազդեցությունը եթե ոչ ամբողջովին չեզոքացնելը, այլ գոնե նվազագույնի հասցնելն էր: ԱՄՆ-ի այդ նախաձեռնությունը տապալվեց արաբական երկրների ճամբարում առկա հակասությունների, հիմնականում` Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի սուր հակամարտության ֆոնին, ինչ էլ գործնականում անհնար դարձրեց այդ երկրների համախմբումը մեկ՝ միասնական հակաիրանական ճակատում, որին նախատեսվում էր նաեւ Իսրայելի ակտիվ մասնակցությունը:
Այդ նախաձեռնության ձախողումից հետո Վարշավայի նիստն ավելի լայն ձեւաչափով հակաիրանական միջազգային համախմբում ձեւավորելու երկրորդ փորձն է: Այս նոր ձեւաչափում Սպիտակ տունն ի սկզբանե փորձել է ներգրավել նաեւ եվրոպական երկրներին, ինչն, ըստ նրանց, առավել քան երբեւէ կսեղմի Իրանի միջազգային մեկուսացման օղակը՝ Թեհրանի վրա գործադրվող ճնշումն առավելագույնի հասցնելով:
Եթե միայն այս կտրվածքով դիտարկենք խնդիրը, ապա միանշանակորեն կարել է ասել, որ նախաձեռնությունը չի ստացվել: Եվրոպական ամենաազդեցիկ երկրները՝ Ֆրանսիան եւ Գերմանիան, հայտարարել են, որ բարձր մակարդակով չեն մասնակցելու խորհրդաժողովին, իսկ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթն էլ տեղեկացրել է, որ մասնակցելու է միայն խորհրդաժողովի՝ Եմենի ճգնաժամին վերաբերող քննարկումներին: ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին էլ նախապես հայտարարել է խորհրդաժողովին չմասնակցելու իր որոշման մասին` դա, իհարկե, պայմանավորելով իր աշխատանքային խիտ գրաֆիկով:
Եվրոպական տրիոյի եւ անձամբ Ֆեդերիկա Մոգերինիի բացակայությունն հենց այն հանգամանքն է, որի վրա իրանական կողմը փորձում է կառուցել իր հակաքարոզչությունը` նշելով, որ Վարշավայի նիստն ի սկզբանե դատապարտված է ձախողման:
Անշուշտ, պարզամտություն կլինի, եթե, իհարկե, փորձենք Վարշավայի նիստի հաջողությունը կամ ձախողումը չափել, այսպես կոչված, քանակական չափորոշիչով: Դա հստակ գիտակցում են Թեհրանում` հասկանալով, որ իրականում խորհրդաժողովի օրակարգում ներառված են այնպիսի թեմաներ, որոնք մտահոգում են նաեւ նիստին չմասնակցող արեւմտաեվրոպական գերտերություններին:
Հիշեցնենք, որ Իրանի հրթիռային ծրագիրը, տարածաշրջանային դերակատարությունն ու ազդեցությունը, Իսրայելի նկատմամբ սպառնալիքը, լիբանանյան «Հըզբոլլահ» եւ նման այլ խմբավորումների հետ սերտ համագործակցությունն ու դրանց ցուցաբերած քաղաքական, ֆինանսական եւ ռազմական աջակցության թեմաները, որոնց անխուսափելիորեն անդրադառնալու են խորհրդաժողովի մասնակիցները, հենց այն խնդիրներն են, որոնք ներառված էին նախօրեին ԵՄ-ի՝ Իրանի հետ առեւտրի հաշվարկների հովանավորման մեխանիզմի ներդրմանը հետեւած հայտարարության մեջ:
Իրականում, Իրանի վերաբերյալ արեւմտյան երկրների ճամբարում առկա տարաձայնությունը վերաբերում է վերոնշյալ թեմաների հետ կապված ռազմավարական եւ մարտավարական մոտեցումներին: Մինչ ԱՄՆ-ն միանշանակ կոշտ դիրքորոշման եւ ճնշումների կտրուկ ավելացման կողմնակիցն է, ԵՄ-ն խնդրի կարգավորումը դիտարկում է Իրանի հետ կառուցողական երկխոսություն եւ գործակցություն սահմանելու, Իրանին տնտեսական խթանիչներ տրամադրելու շրջանակում: Եվ սա հենց այն անջրպետն է, որտեղ նուրբ լարախաղացությամբ է զբաղված Իրանը` փորձելով ապահովել իր շահերը:
Այս համատեքստում չպետք է աչքաթող անենք մեկ կարեւոր հանգամանք եւս. 1991 թվականին Մադրիդում կայացած արաբա-իսրայելական խաղաղության կոնֆերանսից ի վեր, սա առաջին անգամ է, որ արաբական աշխարհի ներկայացուցիչները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը, մասնակցում են համատեղ նիստի, իսկ համախմբող հանգամանքը միանշանակորեն նրանց հակաիրանական ընդգծված կեցվածքն է: Սա, իհարկե, չի կարող չմտահոգել Թեհրանին, որը փորձում է ամեն գնով կանխել ցանկացած ձեւաչափով տարածաշրջանում հակաիրանական ալյանսների ձեւավորումը: Սա կարեւոր է հատկապես Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին, որը վերջին շրջանում հաճախ է մոտենում առճակատման բարձր մակարդակը հատող գծին:
Ելնելով մերձավորարևելյան ռազմաքաղաքական միտումներից` վերոնշյալ բոլոր փաստերի հանրագումարը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ ինչպիսի արդյունք էլ, որ ունենա այս խորհրդաժողովը, այն միանշանակորեն նոր լարվածություն է ստեղծելու տարածաշրջանում, որտեղ մարտահրավերների եւ սպառնալիքների պակաս բնավ չի զգացվում:
Մերձավոր Արեւելքում իրադրությունը խիստ պայթյունավտանգ է, իսկ այս խորհրդաժողովը կարող է հավակնել դառնալ այն կայծը, որը կարող է պայթեցնել վառոդի տակառը:
Արամ Շահնազարյան
Alikonline.ir -ի պատասխանատու-խմբագիր` հատուկ Yerkir.am-ի համար