կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-19 23:35
Աշխարհ

ԱՄՆ-ի քաղաքապետերը չեղյալ են հայտարարում Ադրբեջանի հորդորով հրապարակած ստահոդ հռչակագրերը

ԱՄՆ-ի քաղաքապետերը չեղյալ են հայտարարում Ադրբեջանի հորդորով հրապարակած ստահոդ հռչակագրերը

Ադրբեջանի կառավարությունը չի գիտակցում, որ չի կարելի մշտապես ստանալ ուզածդ՝   կաշառելով և վճարելով քաղաքական գործիչներին: Կա մի սահման, որից այն կողմ չես կարող փողով ոչինչ գնել։ Երբեմն ճշմարտությունն ավելի մեծ արժեք է:

Ադրբեջանի ղեկավարներն այս կարևոր դասը չեն սովորել: Նրանք տասնյակ միլիոնավոր դոլարներ են վատնել՝ վճարելով լոբբիստական ընկերություններին և կոռումպացված քաղաքական գործիչներին։

Նման անօգուտ գործունեության օրինակ է ադրբեջանական մոլուցքը՝ փորձելու շահարկել 1992 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Խոջալուում մի քանի հարյուր ադրբեջանցիների սպանության վիճահարույց միջադեպը: Կան տարբեր վարկածներ, թե իրոք ինչ է տեղի ունեցել Խոջալուում: Այնուամենայնիվ, Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրել աշխարհին կեղծորեն համոզելու, որ հայերը «ցեղասպանություն» են իրականացրել Խոջալուում․․․  

Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում ադրբեջանական սովորական մոտեցումն է՝  կաշառել քաղաքական գործիչներին՝ Խոջալուի սպանությունների տարելիցին նվիրված հռչակագրեր հրապարակելու համար: Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը 1992 թվականին չեխ լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցում ասել է, որ իր ադրբեջանցի քաղաքական հակառակորդներն այս միջադեպը օգտագործել են իրեն իշխանությունից հեռացնելու համար: Նա ասել է, որ հայ զինյալները Խոջալուի   ադրբեջանական բնակչությանը հորդորել են փախչել բաց թողնված ճանապարհով, սակայն Ադրբեջանի ազգային ճակատը խոչընդոտել է նրանց ելքը:

Ադրբեջանին հաջողվել է նավթադոլարներով հասնել նրան, որ Միացյալ Նահանգների 23 նահանգները Խոջալուի մահերը ոգեկոչեն որպես «կոտորած»: Չնայած Ադրբեջանի համառ լոբբիստական ջանքերին, այս նահանգներից ոչ մեկը չի ընդունել Ադրբեջանի ենթադրյալ «ցեղասպանություն» եզրույթը՝ նկարագրելու մի քանի հարյուր ադրբեջանցիների մահը Խոջալուում: Ադրբեջանը նաև իր լիքը գրպաններն օգտագործել է այս սպանությունների ճանաչումը ստանալու ութ երկրների խորհրդարանների կողմից՝ Ադրբեջանի (բնականաբար), Պերուի, Պանամայի, Հոնդուրասի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սլովենիայի, Ջիբութիի և Պարագվայի: Բացի այդ, յոթ երկրների՝ Թուրքիայի, Պակիստանի, Մեքսիկայի, Կոլումբիայի, Չեխիայի, Սուդանի և Գվատեմալայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովները ոգեկոչել են Խոջալուի սպանությունները:

Ադրբեջանն օգտագործել է հիշատակի այս բանաձևերը, որպեսզի վնասի Հայաստանի հեղինակությանը և հակազդի ավելի քան 30 երկրների և ԱՄՆ 49 նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Թեև երբեմն փողը կարող է օգնել ստանալ ձեր ուզածը, սակայն այլ ժամանակներում այն կարող է ձեզ խայտառակել, երբ նրանք, ովքեր ավելի վաղ ոգեկոչել էին Խոջալուի հիշատակը՝ հերքում են տալիս, ներողություն խնդրում և չեղարկում իրենց ճանաչումը, երբ հասկանում են, որ իրենք խաբված են եղել:

Այն ինչ տեղի ունեցավ Սան Դիեգոյում՝ Կալիֆորնիայի երկրորդ մեծ քաղաքում, վերջին նման խայտառակ օրինակն էր: Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցները և Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը պարծենալով հայտարարեցին, որ Սան Դիեգոյի քաղաքապետ Թոդ Գարսիան հռչակագիր է հրապարակել՝ 2021 թ․  հոկտեմբերի 18-ը սահմանելով որպես «Ադրբեջանի անկախության վերականգնման օր»:

Հռչակագրում կեղծորեն պնդում էին, որ «Ադրբեջանը միջազգայնորեն համարվում է որպես հաջողակ օրինակ մահմեդականների, քրիստոնյաների և հրեաների խաղաղ ու ներդաշնակ համակեցության համար»: Գլխավոր հյուպատոս Աղաևը բոլորին հիշեցրեց, որ 2021 թվականին «լրանում է Բաքու-Սան Դիեգո համագործակցության տասնամյակը»: Աղաևը նաև նշեց, որ «1991 թվականից ի վեր, ադրբեջանական ժողովուրդն առաջին անգամ այս տարեթիվը նշելու է որպես հաղթանակած ժողովուրդ, որը վերականգնել է իր երկրի տարածքային ամբողջականությունը»:

Սակայն, գլխավոր հյուպատոսի ոգևորությունը տևեց ընդամենը մեկ օր: Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը տարածեց մամուլի հաղորդագրություն՝ կոչ անելով Սան Դիեգոյի քաղաքապետին չեղյալ համարել իր հռչակագիրը, որը «արդարացնում է Ադրբեջանի մարդու իրավունքների ոտնահարումները»: Նույն օրը Սան Դիեգոյի քաղաքապետը չեղյալ հայտարարեց իր ավելի վաղ ընդունած ադրբեջանամետ հռչակագիրը: Քաղաքապետը գրեց․ «Ցավով եմ նշում, որ այս հռչակագրի հրապարակումը սխալմունք էր և պետք է ավելի մանրակրկիտ ստուգվեր անձնակազմի կողմից, քանի որ այն հաշվի չէր առնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները, պատմությունը և ընթացիկ իրադարձությունները»: Ավելի կարևոր է, որ նա հայտարարեց․ «Մինչ Սան Դիեգո քաղաքը հռչակագրեր հրապարակել է Ադրբեջանի անկախության օրվա և նմանատիպ առիթներով նախկին վարչակազմերի կողմից, իմ գրասենյակն այլևս չի բավարարելու այդ խնդրանքները: Այդ նպատակով ես չեղյալ եմ համարում այս հռչակագիրը, իսկ Սան Դիեգո քաղաքը չի ճանաչի այն հոկտեմբերի 18-ին։ Խնդրում եմ ընդունեք իմ խորին ափսոսանքն այս սխալմունքի համար, միաժամանակ ընդունեք գնահատանքս՝ իմ ուշադրությունը այս հարցի վրա հրավիրելու համար»։

Սա «Բաքու-Սան Դիեգո համագործակցության» ավարտն է: Զարմանալի չէ, որ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը մկան պես լուռ էր այն պահից, երբ քաղաքապետը չեղյալ հայտարարեց իր հռչակագիրը, և ոչ մի բառ չի արտաբերել․․․

Չեղյալ հայտարարված ադրբեջանամետ հռչակագրերի շղթան Սան Դիեգոյով չի ավարտվում: 2021 թ․ փետրվարի 26-ին Բոստոնի քաղաքապետ Մարտին Ուոլշը հռչակագիր հրապարակեց «Խոջալուի օրը» նշելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, 2021 թ․ մարտի 10-ին քաղաքապետը փոխեց իր կարծիքը և գրեց․ «Ես կցանկանայի ներողություն խնդրել ամերիկահայ համայնքից…. Ամերիկահայ համայնքի ղեկավարների հետ զրույցներից հետո մենք հասկանում ենք, որ այս հռչակագիրը վիրավորական է եղել ձեզանից շատերի համար… Ես որոշել եմ չեղյալ հայտարարել այս հռչակագիրը»: Քաղաքապետ Ուոլշը, որն այժմ ԱՄՆ աշխատանքի նախարար է, բարձր գնահատական է տվել տեղի հայ համայնքին և անդրադարձել Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը: Այն, ինչ սկսվեց որպես ադրբեջանական քարոզչական ջանք, ավարտվեց որպես Հայաստանի և հայերի հանրային կապերի մեծ հաղթանակ:

Նույն սցենարը կրկնվեց Մեյն նահանգի Պորտլենդ քաղաքում: Քաղաքապետ Քեթլին Սնայդերն ի սկզբանե հռչակագիր էր հրապարակել 2021 թ․ փետրվարի 17-ին՝ ի հիշատակ «Խոջալուի հիշատակի օրվա»: Այնուամենայնիվ, 2021 թ․ ապրիլի 1-ին քաղաքապետը գրեց. «Ես որոշեցի չեղյալ հայտարարել քաղաքապետի հռչակագիրը»: Նա հավելեց․ «Մեկ անգամ ևս ներողություն եմ խնդրում այն ցավերի և վիրավորանքի համար, որ պատճառել է այս հռչակագրի հրապարակումը...»:

Նմանապես, Կալիֆորնիայի Թորանս քաղաքը հայտարարություն է տարածել 2021 թ․ հոկտեմբերի 15-ին՝ «Ադրբեջանի օրը» նշելու մասին։ Այն Սան Դիեգոյի կողմից արված հռչակագրի ճշգրիտ պատճենն է: Նույն օրը ավելի ուշ, Թորանս քաղաքի քաղաքապետ Պատրիկ Ֆյուրին հայտարարեց, որ քաղաքը «սխալմամբ հռչակագիր էր հրապարակել: Նախկինում քաղաքային իշխանությունները Թորանս քաղաքում հայտարարել էին Ադրբեջանի ազգային օրը` դրա ուժի մեջ մտնելու օրը: Համապատասխան տարածաշրջանում վերջին իրադարձությունների լույսի ներքո, քաղաքը հարգանքով խնդրել է Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունից հանել հռչակագիրը բոլոր լրատվամիջոցներից»: Այնուամենայնիվ, Սան Դիեգոյի և Թորանսի չեղարկված հայտարարությունները դեռևս գլխավոր հյուպատոս Աղաևի ֆեյսբուքյան էջում են:

Սա ևս մեկ օրինակ է Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի քարոզչական անհաջող ջանքերի: Կալիֆորնիայի հայերի բախտը բերել է, որ Ադրբեջանը Լոս Անջելես է ուղարկել նման  ապիկար գլխավոր հյուպատոսի։ Ոչ ոք չպետք է զարմանա, եթե նրան շուտով հետ կանչեն Բաքու:

Բազմաթիվ այլ օրինակներ կան ադրբեջանական քարոզչության անհաջող փորձերի վերաբերյալ: 2021 թ․ փետրվարի 25-ին Մինեսոտայի նահանգապետ Թիմ Վալզը հռչակագիր հրապարակեց «Ադրբեջանի օրվա» կապակցությամբ, սակայն հրաժարվեց ներառել «Խոջալուի» հղումը:  Այդուհանդերձ, ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեղեկություններ տարածեցին, թե իբր  նահանգապետը ստորագրել է «Խոջալուի ցեղասպանության» հիշատակի հռչակագիր:

Փոխանակ չեղյալ հայտարարելու Ադրբեջանի լոբբիստների հորդորով կեղծ հրապարակված հռչակագրերը՝ ամերիկահայ համայնքը պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկի, որպեսզի ադրբեջանամետ կեղծ հռչակագրերն առաջին հերթին երբեք լույս չտեսնեն:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի