Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Առաջիկայում հնարավոր պաշտոնանկություններ չեն դիտարկվում, առավել եւս` աշնան ամիսներին. լրագրողներին այսօր ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Ըստ նրա` քաղաքական գործընթացները, կարծես, ոչ ընդգծված են, իսկ ինչ վերաբերում է քաղաքական իրավիճակին, ապա քաղաքական մեծամասնությունը ակտիվորեն նախապատրաստվում է ԱԺ աշնանային նստաշրջանին:
Պատասխանելով օֆշորային պատմությունների կապակցությամբ վարչապետին պաշտոնանկ անելու անհրաժեշտության վերաբերյալ հարցին` ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, թե նորանկախ Հայաստանի առաջին օրվանից ցանկացած վարչապետի օրոք հնչում է պաշտոնանկության պահանջ, հետո այդ խոսակցությունները մարում են, ապա նորից սկսվում, նաեւ ավելացրեց, որ, իր կարծիքով, վարչապետի փոփոխություն չի լինի:
Դիտարկմանը, թե բոլոր նորմալ երկրներում ՎՊ-ի նման հաշվետվությունից հետո կառավարությունն ինքը հրաժարական կտար, ինչո՞ւ է Հայաստանում կառավարությունը շարունակում պաշտոնավարել, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ՎՊ-ի ներկայացրած նյութը քննակման փուլում է. ՎՊ-ն ռիսկային շատ ուղղություններ է նշում, կառավարությունն էլ պետք է իր դիտարկումները ներկայացնի:
«Արդյունավետ եմ համարում քննարկումը, որովհետեւ այսպիսի շատ դեպքեր խորհրդարանը չի ունենում, երբ բոլորն իրենց կարծիքները կարողանան հայտնել: Ամեն դեպքում խորհրդակցեցին, թե' ԱԺ-ն, թե' կառավորւթյունը թե' Վերահսկիչ պալատը ներկայացրեցին իրենց տեսակետները: Աշխարհը մի քիչ առաջ է անցել, մենք գնում են այդ ճանապարհով. ինչը քննարկելի է դառնում հասարակության համար, հետագայում ոչ թե կուլիսների հետեւից, այլ բաց կներկայացվի հասարակությանը»,- ասաց Սահակյանը` նշելով, որ ԱԺ-ն ու կառավարութունը հետամուտ են լինելու, որպեսզի այն խնդիրները, որոնք կախված են չարաշահումների հետ, իրավական դաշտի քննարկման առարկա դառնան:
ՀՀԿ փոխնախագահն ասաց նաեւ, որ եթե կան մեղադրանքներ, ապա կա'մ այդ մեղադրանքները պետք է հերքվեն, կա'մ որոշ աստիճանի պատիժներ լինեն:
Գալուստ Սահակյանը հայտնեց, որ ՀՀԿ-ում դեռ չի քննարկվել նաեւ մարզպետների պաշտոնանկության հարցը:
«Ընտրություններին համատեղ լավ արդյունքներ ենք ձեւակերպել, ու չեմ կարծում, թե մենք այն քաղաքական թիմն ենք, որ եթե մեկն իր պարտականությունը ճիշտ չի կատարել, ուրեմն պետք է պատժել նրան»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Պաշտոնանկությունների բացառումն էլ, Գալուստ Սահակյանի մեկնաբանությամբ, կադրերի սղության պատճառով չէ: Մեր հարցին` արդյոք քաղաքական մեծամասնությունը գո՞հ է պաշտոնյաների աշխատանքից, որ կադրային փոփոխություններ չի իրականացնի, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ, վերջիվերջո, իրենք են կառավարություն ձեւավորում, ու եթե գոհ չլինեին, ապա մարդկանց չէին նշանակի այդ պաշտոններում: