կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-09 17:35
Հասարակություն

Մակունցն իր` արդեն չպաշտոնավարող փոխնախարարների աշխատանքից գոհ է

Մակունցն իր`  արդեն չպաշտոնավարող փոխնախարարների աշխատանքից գոհ է

Լրագրողներն այսօր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին խնդրեցին մեկնաբանել դատական վճիռը, ըստ որի` անվավեր է ճանաչվել իր ստորագրած հրամանը Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ: Մակունցը հրաժարվեց մեկնաբանել դատարանի վճիռը` բացատրելով. «Որքանով տեղեկացված եմ, նախարարությունը դեռևս  պաշտոնական ծանուցում չի ստացել դատարանի կողմից, հետևաբար` մեկնաբանություն անել չեմ կարող: Կարող եմ ասել հետևյալը, որ իմ` նախարար եղած ժամանակ բոլոր ՊՈԱԿ-ների տնօրենները ստացել են ծանուցում` իմ հանձնարարությամբ, որ նոր մրցույթ է հայտարարվելու, պաշտոնավարման ժամկետը չի երկարացվելու, ու բոլորը պետք է մասնակցեին մրցույթին: Թե պատշաճ ծանուցման հետ կապված ինչ է եղել, չեմ կարող ասել, չգիտեմ, հետևաբար` դիրքորոշում չեմ հայտնի»:

Yerkir.am-ի հարցը, թե իր հրամանով նշանակված` մշակույթի երեք փոխնախարարներից և ոչ մեկը չշարունակեց պաշտոնավարել ԿԳՄՍ նախարարության կազմում, ինչպե՞ս է վերաբերվում այդ հանգամանքին, Մակունցը կրկին չցանկացավ պատասխանել` պատճառաբանելով, թե էթիկապես կոռեկտ չի համարում հարցին անդրադառնալը: Նշեց միայն, որ նախարարությունն այժմ ունի նոր պատասխանատու, ու նա է որոշում, թե որն է ճիշտ քաղաքականությունն ու ինչպես պետք է այն իրականացվի:

Մեր ճշտող հարցին` այսինքն` գո՞հ է եղել նրանց աշխատանքից, դրական պատասխան տվեց` հավելելով. «Այո, գոհ եմ եղել ու կարծում եմ` աշխատել ենք բավական արդյունավետ»: