Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որոշում է ժողովուրդը, քվեարկության արդյունքները բոլորիս համար ընդունելի են` լավ, թե` վատ. այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցին, թե գո՞հ է սահմանադրական հանրաքվեի արդյունքներից, քանի որ ընդդիմադիր մի քանի ուժեր հայտարարում են ընտրակեղծիքների մասին, ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Հիմա ունենք այն, ինչ որ ունենք: Կան դժգոհություններ, բողոքներ, թող դիմեն պատկան մարմիններին, որ թվերը վերահաշվարկեն, կամ եթե խախտումներ կան, ուսումնասիրեն այդ խախտումները: Որպես շտաբի ղեկավար, մենք կազմակերպել ենք այնպես, որ թափանցիկ անցնեն ընտրությունները, և եթե ընթացքում եղել են խնդիրներ, թող դիմեն պատկան մարմիններին»,- նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ այն արդյունքները, որի մասին հայտարարել է ԿԸՀ-ն, և այն խախտումները, որոնց մասին խոսվել է, չեն կարող էական ազդեցություն ունենալ հանրաքվեի արդյունքների վրա: «Դուք խոսում եք չստուգված փաստերի մասին, երբ դրանք կստուգվեն, ու այդ խախտումները կհաստատվեն, այդ ժամանակ կպատժվեն բոլոր խախտումներ անողները: Մենք դրա մասին հայտարարել ենք հանրաքվեից առաջ: Ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ որևէ մեկը արջի ծառայություն չմատուցի, և եթե մարդիկ ինչ-որ քայլեր են կատարել, ուրեմն պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նա հավելեց, որ ընտրախախտումների մասին հրապարակումներ տեսել է սոցցանցում, որոնք տարածել են շահագրգիռ մարդիկ, ովքեր ցանկացել են սևացնել ընտրությունների արդյունքները, իսկ դա հիմք չի կարող լինել: «Տեխնիկական հնարքների միջոցով տարբեր նկարներ են ստեղծում ու տարածում համացանցում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Հարցին, թե կարծում է, որ այդ բոլոր լուսանկարները և տեսանյութերը մոնտաժի արդյո՞ւնք են, պատասխանեց, որ հենց այդպես էլ կարծում է, իսկ եթե մոնտաժված չեն, ուրեմն այդ մարդիկ պատասխանատվություն պետք է կրեն:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն շտապողականությունը, որ դեռ վերջնական արդյունքները պաշտոնապես չապահոված, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ անցում է կատարվելու խորհրդարանական կառավարման համակարգին, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ համաձայն չէ ձևակերպման հետ, թե դա շտապողական հայտարարություն էր:
Նա չհամաձայնեց նաև լրագրողների այն դիտարկմանը, որ ընտրակաշառք է բաժանվել: Իսկ հարցին, թե արդյո՞ք Հանրապետական կուսակցությունը գոհ է մնացել, որպես շտաբի պետ, իր կատարած աշխատանքից, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Կարևորը՝ ես գոհ եմ»: